Վուդի Ալլեն. «Իռացիոնալ մարդը»

Վուդի Ալլեն. «Իռացիոնալ մարդը»

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում առիթ եղավ դիտելու ծերուկ Վուդիի վերջին ֆիլմը՝ «Իռացիոնալ մարդը»: 80-ի շեմին հասած Վուդի Ալլենը չի դադարում զարմացնել իր աշխատասիրությամբ, փնտրտուքներով, ֆիլմեր ստեղծելու անկշտում մղումով: «Իռացիոնալ մարդու» առաջին իսկ կադրերից եւ ֆիլմի փիլիսոփայական համատեքստից ըմբռնելի է դառնում Ալլենի ճանաչելի ողջ աշխարհայացքը՝ բաց եւ փակ հղումները, չդադարող նախասիրությունները:



Իռացիոնալ մարդը փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Սթաունն է (Խոակին Ֆենիքսը), կյանքի միջնասահմանին հասած մի մարդ, ով ապրում է անձնական եւ գաղափարական խորը ճգնաժամ: Նոր քոլեջ տեղափոխվելով եւ ստանձնելով պաշտոնը՝ Էյբը մերձենում է իր ուսանողուհիներից մեկի՝ Ժիլ Փոլլարդի (Էմմա Սթոուն), եւ դասախոսներից Ռիտա Ռիչարդի (Փարկեր Փոուզի) հետ: Եվ Ժիլը, եւ Ռիտան ունեն անձնական կյանք, Ժիլը՝ ընկեր, Ռիտան՝ ամուսին: Մենակյաց, արդեն իսկ ալկոհոլով տարված դասախոսը, որի մասին համալսարանում տարատեսակ միֆեր են պտտվում (թե իբր նրա ամենամոտ ընկերն Իրաքում զոհվել է, կինը դավաճանել է իր մերձավոր բարեկամի հետ, որից էլ սկիզբ է առել ճգնաժամը), Կանտից, Հուսերլից, Հայդեգերից մեջբերումներ անելով եւ ծայրահեղ դեկադանսական հայացքներով գրավում է այս երկու կանանց ուշադրությունը: Լիովին տարված իր նոր, տարօրինակ դասախոսով՝ ուսանողուհի Ժիլը դանդաղորեն մոռանում է իր նշանածին, փորձում ամեն գնով ընկերական հարաբերություններից անդին՝ սիրային կապի մեջ մտնել Էյբի հետ: Իսկ Ռիտայի ցանկությունն ուղղակի դասախոսի հետ անկողին կիսելն է:



Վուդի Ալլենի ֆիլմի ատաղձը հենց սկզբից կլիշեն է եւ հեգնանքը: Ֆիլմում ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես տեղի է ունենում մյուս ֆիլմերում եւ ծանոթ սցենարներում: Տեղի է ունենում տաղտկալի նույնանմանությունների տեսքով (տարիքային ճգնաժամ, իր ուսանողուհու եւ աշխատակցի հետ սիրային հարաբերությունների մեջ մտած դասախոս, գոյության անիմաստություն, դրանից դուրս գալու փորձեր, մեղք, հատուցում): Սակայն Վուդի Ալլենը ճգնաժամի մեջ գտնվող իր հերոսին տալիս է ապրելու եւ գոյության իմաստը շարունակելու մի «բացառիկ» հնարավորություն: Սրճարանում նստած Էյբը եւ Ժիլն անծանոթ մարդկանց խոսակցություն են լսում, որը վերաբերում է ամուսնալուծության եւ երեխաների խնամակալության դատական գործընթացին: Քանզի, ըստ կնոջ, դատական քննությունը սխալ է գնում, դրանում նա միանշանակ մեղավոր է ճանաչում դատավորին, ում ոչ մի կերպ հնարավոր չէ պրոցեսից հեռացնել:



Ահա, այստեղ պրոֆեսոր Էյբի միտքը պայծառանում է: Նա որոշում է սպանել այդ «վատ» դատավորին, վերացնել չարի մարմնացումը՝ դրանով հաղթահարելով ճգնաժամը, համարելով, որ կյանքն անիմաստ չի ապրել: Էյբն այդպես էլ անում է: Իր «պատկերացմամբ», կազմակերպում է անհետք, մաքուր մի սպանություն, որից հետո, փաստորեն, տեղի է ունենում հրաշքը: Բոլորի աչքի առաջ դասախոսը կարծես վերածնվում է: Կեցությունից հաճույք քաղելու, բարդ իմաստներն ու էքզիստենցիալ հարցերը մտքից թոթափելու մի նոր փուլ է սկսվում: Ի վերջո, Էյբի եւ ուսանողուհի Ժիլի փոխհարաբերություններն ընկերականից վերափոխվում են սիրայինի: Ֆիլմում, մի տեսակ, այս երեսանց անլուրջ ու կատակային իրադարձությունների շղթան այնքան լրջախոհ ու զավեշտալի է պատկերված, որ մի պահ ամեն ինչ շփոթում ես, չես հասկանում, թե Ալլենը որ դրվագում է հեգնում եւ որ դրվագում սթափ տրամաբանում: Սակայն ֆիլմի հետագա ընթացքը կանխատեսելի է: Սպանությունը քիչ-քիչ բացահայտվում է, որին մի փոքր մետաֆիզիկորեն մասնակցում են եւ Ժիլը, եւ Ռիտան, որի հետ Էյբը դեռ կապերի մեջ է: Գալիս է վուդիալլենյան, ուրեմն նաեւ դոստոեւսկյան մեղքի ու հատուցման ժամանակը:



Ժիլը հայտնում է Էյբին, որ ինքն ամեն ինչ գիտի, եւ պետք է անհապաղ հայտնել ոստիկանությանը: Էյբը խնդրում է մի քանի օր էլ սպասել, մինչեւ հստակ որոշում կայացնի: Եվ որոշումը կայացնում է՝ սպանել իր սիրեցյալ Ժիլին, մաքրել վտանգը եւ Ռիտայի հետ միասին մեկնել Եվրոպա: Սակայն Վուդի Ալլենը վերջին անակնկալն է մատուցում: Ժիլին վերելակի դատարկ խորշը հրելու ժամանակ Էյբն ինքն է ընկնում ու մահանում: Ձախողման պատճառն էլեկտրական փոքր լապտերն է, որի վրա՝ քաշքշոցի ընթացքում, կանգնում ու սայթաքում է Էյբը: Այդ լապտերը դասախոսը շահել էր ատրակցիոնում եւ, որպես բախտի ու հաջողության հաղթանակ, նվիրել Ժիլին: Այսքանը:



Վուդի Ալլենի տեղ-տեղ ձգձգված, տեղ-տեղ անհետաքրքիր (քանի որ կրկնաբանությունները շատ են) «Իռացիոնալ մարդը» ֆիլմը հակասական տպավորություններ է թողնում: Եթե այս ֆիլմում ռեժիսորի համար մարդկային կյանքի որոնումները, մարդկային կյանքի բնույթը կարելի է վեր հանել այլեւս միայն հեգնանքի, խաղի ու զավեշտի գործիքներով, նույնիսկ այս պարագայում չի ստացվել, քանի որ Վուդի Ալլենի այդ հզոր գործիքները նոր ֆիլմում ոչ հետաքրքրական են, ոչ հմայիչ: Սակայն ռեժիսորի երկրպագուներն առիթ ունեն եւս մեկ անգամ հիանալու նրա, ասենք, ֆիլմ կառուցելու դրամատուրգիական բացառիկ տաղանդով, իսկ մնացածը, ինչպես ասում են, նախընտրության հարց է: