Ընկեր Աշոտյանը խոստումներ տվեց Տավուշի գյուղերի կիսաքանդ և դատարկվող դպրոցներին

Ընկեր Աշոտյանը խոստումներ տվեց Տավուշի գյուղերի կիսաքանդ և դատարկվող դպրոցներին

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 1-ին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների եւ մարզային այցելությունների շարք է սկսել։ Առաջին այցելությունը տեղի ունեցավ երկուշաբթի՝ Տավուշի մարզում։ Աշոտյանն արդեն երկրորդ տարին է, ինչ իր այցելությունները մեկնարկում է հենց այս մարզից՝ ոչ թե այն պատճառով, որ մարզպետ Հովիկ Աբովյանն իր ընկերն է, այլ որովհետեւ Տավուշը ռազմավարական նշանակության մարզ է, ինչպես վստահեցրեց նա։ Այստեղ շատ են խնդիրները, այստեղի ուսուցիչներն էլ իրենց հերթին պակաս «ռազմական գործիչներ» չեն, որ սահմանամերձ գյուղերում, թշնամու կրակի տակ սերունդ են կրթում ու ապագա զինվորներ տալիս ազգին։ Այդ ուսուցիչներին, աշակերտներին, դպրոցներին եւ այստեղ կրթված ապագա զինվորներին, սակայն, պետությունն այդպես էլ չսովորեց ավելի լավ աչքով նայել ու մի քիչ ավելի հոգատարություն դրսեւորել։ Նրանք շարունակում են ապրել ու սովորել ոչ միայն ամենօրյա վտանգի տակ, կրակի բերանին, գումարած վատ շենքային ու գույքային, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները՝ մեծ հաշվով անտեսված այն պետությունից, որի սահմաններն են ամեն օր կյանքի գնով պահում։



ԿԳՆ պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Իջեւանի մարզպետարանի շքեղ դահլիճում, որի պատուհաններից հարեւան գյուղերի կիսաքանդ դպրոցներն ու իրական խնդիրները չէին երեւում։ Մարզպետ Աբովյանը նախ ներկայացրեց «մեծարգո պարոն նախարարին», ողջունեց նրա այցը Տավուշի մարզ, ապա մարզի կրթության վարչության պետը մոտեցավ ամբիոնին ու սկսեց կարդալ իր առջեւ դրված տեքստը, որը, վստահաբար, առաջին 5 րոպեից հետո այլեւս ոչ ոք չէր լսում, ու բոլորն սպասում էին, թե երբ է ավարտվելու։ Իսկ վարչության պետը սովետական պաթոսով կարդում էր իրենց մարզի տարբեր դպրոցների երեխաների ստացած գովասանագրերի, մեդալների ու օլիմպիադաների մասին ինչ-որ թվեր ու ցուցանիշներ, ինչ-որ կատարողականների մասին պատմում։ Ավարտից հետո սկսեցին ոչ պակաս սովետական պաթոսով հարցեր հնչեցնել «ընկեր» կամ «պարոն Աշոտյանին», սակայն դրանք հիմնականում «թեթեւ» հարցեր էին՝ ծանրերը դեռ առջեւում էին։ Մթնոլորտը մի փոքր աշխուժացնում էր նախարար Աշոտյանն իր հումորով, սուր ռեպլիկներով ու հետաքրքիր ձեւակերպումներով։ Ավելի ուշ նա մեզ ասաց, որ սովետից մնացած ամեն բան չէ, որ վատ է, եւ որ կրթական համակարգում սովետական շունչը բարեփոխելու կարիք չկա այսօր։



Մարզպետարանից հետո մարզպետի, կրթության վարչության պետի ուղեկցությամբ ԿԳ նախարարն այցելեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, որտեղ զրույց ունեցավ բուհի անձնակազմի հետ, ապա ուղեւորվեց Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղեր։ Ահա այստեղ է, որ նախարարին սպասվում էր ամենադժվարը՝ նայել այդ ուսուցիչների աչքերին, տեսնել դպրոցների վիճակն ու հումոր անել կամ պատասխաններ տալ, թե «նախարարությունն ամեն ինչ անում է, բայց միջոցները սուղ են, միանգամից ամեն ինչ չեն կարող անել»։ Թեպետ հյուրասեր տանտերերը նախարարի տրամադրությունը չգցելու համար նշեցին, որ որոշ բաներ արվել են, իրենք գոհ են։ Աշոտյանն էլ հպարտացավ, որ բացի խնդիրներից, ինչի մասին անընդհատ խոսվում է մամուլում, լավ լուրեր էլ կան, միայն վատը չէ։



Մեր այցելած համայնքներից ամենածանր վիճակում գտնվողներից մեկը Դովեղ գյուղն էր, որի դպրոցը գտնվում է գյուղի ամենաբարձրադիր վայրում։ Այնտեղ հասնելը թե՛ ոտքով, թե՛ մեքենայով բավականին բարդ է, ինչն էլ առիթ է տալիս դժգոհության, թե «էս ի՞նչ ա էս գյուղի ճանապարհների վիճակը»։ Պետք է նկատել, սակայն, որ մարզի ճանապարհները, որոնց մեծ մասը միջպետական են, բավականին բարվոք վիճակում են, միայն գյուղերի ներսում է, որ քանդուքարափ է։



Դովեղի սակավաթիվ ուսուցիչները բարձրացրին ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ սահմանամերձ ոչ բոլոր գյուղերի ուսանողների ուսման վարձը զեղչելու հարցը, ինչին ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ բոլորին օգնել չեն կարող․ «Բայց մի բան կանենք այս հարցով, խոստանում եմ, չգիտեմ ինչ, բայց, վստահաբար, օգնության որեւէ ծրագիր լինելու է այս հարցով»։ Խոսք եղավ նաեւ դասագրքերի մասին, մանկապարտեզ թե նախակրթարան ունենալու եւ այլն։ Աշոտյանը, ի թիվս այլ խոստումների, Դովեղի դպրոցին խոստացավ դասագրքերի 50-150 հազար դրամի չափով փոխհատուցում՝ կախված աշակերտների քանակից, երկու նոր համակարգիչ, աշակերտական գույք եւ այլն։ Գյուղի դպրոցը, սակայն, սովետական շրջանի կառույց է՝ առանց նորոգման, կիսախարխուլ, աշակերտների թիվն էլ գնալով քչանում է։ Նա նաեւ մի կարեւոր բան ասաց․ եթե իմանա, որ այդ ուսանողները հետո հետ են վերադառնալու գյուղ, ինքն ամեն ինչ կանի նրանց համար ուսման ընթացքում արտոնյալ պայմաններ ապահովելու համար՝ վարձավճարների եւ այլ հարցերում։



Աշոտյանը հպարտորեն նշեց, որ անցյալ տարվա այցելությունից հետո իր որոշ խոստումները կատարվել են, ու հիմա պարզ ճակատով է երկրորդ անգամ այցելում, եւ հույս հայտնեց, որ հաջորդ այցելության ժամանակ եւս որոշ խնդիրներ լուծում ստացած կլինեն։
Հաջորդ այցելությունը Բերդավան համայնքն էր, որի դպրոցի եվրոպատուհաններն ու շքամուտքի եւ բակի համեմատաբար բարվոք վիճակը մի փոքր ավելի մխիթարական պատկեր էին ձեւավորում։ Սակայն շենքը կրկին սովետական շրջանի հին կառույց է, որտեղ, բացի եվրոլուսամուտներից, արդիական ոչինչ չկա։ Այս գյուղը մարզի ամենաշատ ուսանող տվող համայնքներից է, այն նաեւ, համեմատած մյուս համայնքների հետ, ավելի հարուստ գույք ունի, ավելի մեծ թվով աշակերտներ, բայց խնդիրները մեծ հաշվով նույնն են, ինչ մյուս համայնքներում։ Աշոտյանն այստեղ էլ շփվեց ուսուցիչների հետ, պատասխանեց նրանց հարցերին, վերջում էլ նկարվեց հետները։



Ավելի ուշ նա ասաց, որ սահմանամերձ այս գյուղերում ուսուցիչները պահանջատեր են եւ պայքարող, ինչն իրեն ավելի է դուր գալիս, եւ նրանք պակաս հերոսներ չեն։
Առհասարակ, բոլոր գյուղերում էլ գերխնդիրը մեկն է՝ արտագաղթն ու դրա հետեւանքով աշակերտների թվի պակասը։ Դպրոցներ կան, որ այս տարի ավարտական դասարան չեն ունենա կամ ամեն դասարանում երկու-երեք աշակերտ կունենան, դրա համար էլ երկկոմպլեկտ դասարաններ են ձեւավորվում։ Այսինքն՝ նույն դասարանում են սովորում, ասենք, 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտները։ Ինքը՝ նախարար Արմեն Աշոտյանը, որպես ԿԳ նախարար, նաեւ խոստովանում է, որ «լավ կրթությունն արտագաղթի պատճառներից մեկն է, քանզի շատերը կրթություն ստանալու համար են թողնում-հեռանում Հայաստանից»։ Եվ այս իրավիճակի համար ոչ միայն իշխող Հանրապետական կուսակցությունն ու ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն են մեղավոր, այլեւ կրթության համակարգի շարունակական անկումն ու այդ համակարգն արդեն 6 տարի ղեկավարող նախարարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ