Սահմանամերձ Դովեղում ամեն տարի աշակերտների թիվը մոտ 10-ով պակասում է

Սահմանամերձ Դովեղում ամեն տարի աշակերտների թիվը մոտ 10-ով պակասում է

Սահմանամերձ Դովեղ գյուղը մշտապես թշնամու կրակի տակ է։ Գյուղի պես փոքր ու անմխիթար է Դովեղի միջնակարգ դպրոցը, որտեղ հասնելու համար պետք է բարձունք հաղթահարել՝ դժվարանցանելի ճանապարհով։ Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, շենքային պայմանները հուսադրող չեն՝ հին, սովետական շինություն է, որտեղ ոչ նորմալ գույք կա, ոչ էլ բարվոք պայմաններ։ Ամենամեծ խնդիրը, սակայն, աշակերտների քանակն է, որ տարեցտարի կրճատվում է։ Ուսուցիչները, սակայն, շարունակում են հերոսաբար «ծառայել» ու սերունդ կրթել։ Իրականությունից, սակայն, չես փախչի, այս տեմպերով որ գնա, մի քանի տարի հետո երեւի դպրոցում միայն ուսուցիչներն ու տնօրենը կմնան, քանզի ամեն դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա, դասարաններ էլ կան, որ աշակերտ չունեն։ Հաջորդ տարի, օրինակ, ավարտական դասարան դժվար թե ունենան։ Բայց ուսուցիչների մոտ պայքարի ոգի կա, հույս, որ լավ է լինելու, եւ այդ մղումով էլ նախօրեին գյուղ այցելած ԿԳ նախարարի առջեւ պահանջներ էին դնում, հարցեր բարձրացնում, խնդրում օգնել իրենց տարբեր հարցերով, որ դպրոցը գոյատեւի։
Դպրոցի տնօրեն Սանասար Վարդանյանը, ով 1999-ից ղեկավարում է հաստատությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ երբ ինքը եկել է դպրոց, աշակերտների քանակը եղել է 117, այս տարի սեպտեմբերի 1-ին նախատեսվում է 60-ից մի փոքր ավելի աշակերտ։ Անցած ուստարում դպրոցում սովորել է 74 աշակերտ։ «Այսինքն՝ ամեն տարի մոտ 10-11 աշակերտ պակասում է»,- ասաց նա։



- Այս տարի, երբ փակեցիք տարին, քանի՞ դասարան կար, դասարաններում միջինը քանի՞ աշակերտ։



- Մենք ունենք բոլոր դասարանների աշակերտներ, բայց երկկոմպլեկտ դասարաններով։ Ինը դասարան կոմպլեկտով են դաս անում։ Այսինքն՝ երկու դասարան, օրինակ, 10-ն ու 11-ը, միասին են դաս պարապում։ Աշակերտների թիվը որ պակաս է, դրա համար միասին են անում։



- Ուսուցիչներից մեկն ինձ ասաց, որ այս տարի 10-րդ դասարան չեք ունենալու, ճի՞շտ է։



- Երկու աշակերտ են 9-ն ավարտել, որ պիտի փոխադրվեն 10-րդ, բայց էդ երկուսից մեկը, որ տղա երեխա էր, ավարտեց գնաց ռազմական դպրոց, մնաց մեկ աղջիկ, երեւի նա էլ քոլեջ կգնա, եւ մենք չենք ունենա 10-րդ դասարան։



- Իսկ քանի՞ առաջին դասարանցի եք ունենալու այս տարի։



- Վեց աշակերտ։



- Ի՞նչ խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն։



- Դե, հիմա էս տարի խնդիրներ շատ ունենք՝ ջեռուցման խնդիրն ա, ուսուցչական գույքի խնդիր, եռյակների վրա են նստում ուսուցիչները։ Այսինքն՝ կա գույքի պակաս, նաեւ լաբորատորիաների, որ նյութերը մենք չունենք, որովհետեւ խորհրդային շրջանից չենք ստացել։



- Նախորդ տարիներին կրթության նախարարությանն այս հարցերով դիմե՞լ եք, եղե՞լ է, որ որեւէ հարցի լուծում տան։



- Ամեն տարի էլ դիմում ենք։



Կողքից մի ուսուցչուհի էլ ավելացրեց, որ գրքերի հարցը լուծվել է։ «Օրինակ՝ միշտ պակաս ենք ունեցել գրքերի, ընկեր Վարդանյանը ներկայացրել ա, այո, գրքերի հարցը լուծվել ա»,-ասաց նա։ Մեկ ուրիշն էլ նշեց, որ լաբորատորիայի հարցն է այսօր կարեւորը։