Էթիկայի հանձնաժողովը Շմայսի դեմ դիմումը կքննի մեկ շաբաթից

Էթիկայի հանձնաժողովը Շմայսի դեմ դիմումը կքննի մեկ շաբաթից

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ։ Նշենք, որ սա պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է նույն հանձնաժողովին։ Առաջինը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ հայտնի «գազային պայմանագրերի» վավերացման ժամանակ, երբ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։ Այդ ժամանակ ԱԺ էթիկայի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ իշխանական պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել։ Այս որոշումը, սակայն, որեւէ ազդեցություն չունեցավ հայհոյանքների ու վիրավորանքների մեծ սիրահար ՀՀԿ-ականի վրա, եւ նա ոչ միայն արհամարհական տոնով արտահայտվեց նույն այդ հանձնաժողովի նկատմամբ, որի նախագահն իր խմբակցության անդամն է, այլեւ շարունակեց նմանատիպ վարք դրսեւորել։



Ամիսներ առաջ նա կրկին հայտնվեց լրատվամիջոցների եւ հասարակական սեկտորի քննադատության թիրախում, երբ, հանդես գալով Սեյրան Օհանյանի անձի եւ ընտանիքի պաշտպանության դիրքերից, սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որեւէ բացասական արտահայտություն անել։ Ուստի, այս առումով, այժմ էլ Շմայսի դեմ որոշել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում «գործ հարուցել» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան՝ ի դեմս դրա ղեկավար Արթուր Սաքունցի։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահը թեպետ փոխվել է, բայց կրկին ՀՀԿ-ական է՝ Արփինե Հովհաննիսյանը, եւ եթե որոշվի դիմումը վարույթ ընդունել, ապա այս անգամ էլ նա պետք է ստիպված լինի իր խմբակցության անդամի վերաբերյալ երկրորդ անգամ որոշում կայացնել՝ խախտե՞լ է նա էթիկայի նորմերը, թե՞ ոչ։
Առաքել Մովսիսյանը չցանկացավ այս թեմայով մեզ հետ հեռախոսով զրուցել։ Հարցը լսելուն պես նա հարցրեց․ «Վերջացրի՞ր։ Հեռախոսով չեմ խոսում, հաջողություն»։



Դիմող կողմը՝ Արթուր Սաքունցն էլ մեր հարցին, թե ինչու որոշեցին հիմա դիմել եւ ինչու հենց իրենք, ասաց․ «Իր հայտարարությունից հետո մենք հաղորդում էինք տվել, չէ՞, հանցագործության մասին։ Այսինքն՝ էնպես չէ, որ մենք ուշացրել ենք, ուղղակի տեսանք, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, որոշեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի էդ լիազորություններն օգտագործել, որովհետեւ մենք գտնում ենք, որ քրեորեն պատժելի արարք է կատարել»։ Իսկ ինչի՞ց ելնելով են որոշել դիմել էթիկայի հանձնաժողով։ Սաքունցն ասաց․ «Որովհետեւ արտառոց է։ Դուք գտնում եք, որ նորմա՞լ են պատգամավորի կողմից հրապարակավ նման արտահայտությունները։ Ես չեմ ուզում, որ իմ Ազգային ժողովի պատգամավորը նման բաներ թույլ տա իրեն՝ անկախ անձից»։
Անդրադառնալով դիմումի բովանդակությանը՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Պետք է քննարկել, որովհետեւ պատգամավորին անհարիր է նման հրապարակային արտահայտություններ կատարելը, քննարկել դա եւ որոշում կայացնել ու գնահատել՝ արդյոք նման արտահայտությունները հարի՞ր են Ազգային ժողովի պատգամավորին»։



Իսկ այն, որ մեկ տարի առաջ եւս նույն պատգամավորի դեմ դիմում էր ներկայացվել էթիկայի հանձնաժողով, դիմումը բավարարվել էր, սակայն Մովսիսյանը շարունակում է իրեն բնորոշ վարքագիծը, արդյոք այս անգամ որեւէ ազդեցություն կունենա՞ հանձնաժողովի որոշումը, եթե բավարարվի դիմումը։ Եվ, առհասարակ, էթիկայի հանձնաժողովի դերն ու նշանակությունը ո՞րն է, եթե նրա ընդունած որոշումները մնում են թղթի վրա։ «Գիտե՞ք ոնց է, պետք է, ուրեմն, անընդհատ դիմել, մինչեւ իրավիճակը փոխվի։ Մեկ օրով չենք ապրում, երկու օրով չենք ապրում, մեկ տարի չենք ապրում, վերջին հաշվով՝ պետք է հասարակությունն իր պահանջները ներկայացնի իր կողմից ընտրյալ համարված անձանց նկատմամբ»,- ասաց նա՝ էթիկայի հանձնաժողովի դերի ու նշանակության առնչությամբ առաջարկելով դիմել տվյալ հանձնաժողովին: «Եթե էս որոշումներից հետո պաշտոնատար անձինք չեն փոխվում, ապա դուք ի՞նչ եք մտածում անել»։



Զրուցեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին իրավասու է ասել միայն, որ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացել է, որի առնչությամբ իրազեկել է հանձնաժողովի անդամներին։ Սակայն չցանկացավ մանրամասնել դիմումի բովանդակությունը․ «Նկատի ունենալով օրենքի պահանջը՝ ես իրավասու չեմ բացահայտել դիմումի բովանդակությունը։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ քանի որ դիմումն ստանալու (ԱԺ), մուտքագրվելու ժամկետները համընկել են արձակուրդ գնալու պաշտոնական ժամանակաշրջանի հետ, ուստի օրենքում նախատեսված ժամկետները կսկսեն հոսել արձակուրդի ավարտից հետո։ Այդ առումով կարծում եմ՝ նիստը կլինի օգոստոսի 31-ին կամ սեպտեմբերի 1-ին»։ Պատգամավորին հիշեցրինք, որ նախորդ անգամ էլ իրենց հանձնաժողովը նույն Առաքել Մովսիսյանի հետ կապված գործ է քննել ու որոշել, որ խախտել է էթիկայի նորմերը, սակայն ՀՀԿ-ական պատգամավորը շարունակել է նույն վարքագիծը։ Սա ի՞նչ է նշանակում՝ նա թքա՞ծ ունի իր կուսակից անդամների ղեկավարած հանձնաժողովի որոշումների վրա, քանզի նախկինում եւս նախագահը ՀՀԿ-ական էր, թե՞ նրա վրա ոչինչ չի ազդում։ «Ես այդպիսի մեկնաբանություն չէի տա։ Նախ արդեն ասացի, որ երբ հանձնաժողովը նիստ կգումարի, այդ ժամանակ էլ կորոշի՝ հարցն ընդունե՞լ վարույթ, թե՞ ոչ։ Հանձնաժողովը կարող է ունենալ նախագահ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Այսինքն՝ բացարձակապես որեւէ կապ չեմ տեսնում էթիկայի հանձնաժողովի նախագահի կուսակցական պատկանելության եւ այս կամ այն պատգամավորի հետագա վարքագծի միջեւ»,- ասաց նա։



Իր ղեկավարած հանձնաժողովի դերի ու նշանակության, իրենց կայացրած որոշումների ազդեցության առնչությամբ էլ Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Ցավոք, մեր իրականության մեջ այդ հանձնաժողովի ընկալումը անգամ միջազգային պրակտիկայում դրա դերի քաջածանոթ մարդկանց մոտ հաճախ ճիշտ չի լինում։ Այն պատժիչ մարմին չէ եւ իրավասու չէ ինչ-որ նյութաիրավական հետեւանքներ առաջացնել։ Դրա համար կան այլ մեխանիզմներ, եւ կարելի է դրանցից օգտվել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ