Մենք էլ, հա՞, սուրբ չենք, ոչ էլ ամենակարող ենք՝ որպես քաղաքական ուժ

Մենք էլ, հա՞, սուրբ չենք, ոչ էլ ամենակարող ենք՝ որպես քաղաքական ուժ

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը հեղինակավոր մասնագիտական կազմակերպություն է համարում Վենետիկի հանձնաժողովը, որը եկել է Հայաստան՝ խորհրդատվություն իրականացնելու Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի համար։ Զաքարյանը, սակայն, նրանց արած ոչ բոլոր առաջարկներն ու խորհուրդներն է համարում ընդունելի եւ լսելի։



Օրինակ՝ միասեռ ամուսնությունների վերաբերյալ վենետիկցիների «եվրոպական» առաջարկությունները մեր արժեհամակարգին հարիր չեն, ուստիեւ՝ ընդունելի չեն։ Բայց նրանք նաեւ քաղաքական բնույթի քննադատական գնահատականներ եւ առաջարկություններ են հնչեցրել՝ վերացնել երկրորդ փուլով ընտրության հավանականությունը, ինչպես նաեւ այդ ճանապարհով կայուն մեծամասնություն ձեւավորելու դրույթները, որի տակ շատերը վտանգավոր եւ ՀՀԿ-ի շահերից բխող նպատակներ են տեսնում։



Այս առաջարկները մեր արժեհամակարգի, ընտանիքի մոդելի վերաբերյալ հայկական պատկերացումների հետ կապ չունեն, իհարկե, բայց իշխող ՀՀԿ-ի եւ դրա հետ «կապ չունեցող» մասնագիտական հանձնաժողովի պատկերացումների եւ արժեհամակարգի մեջ եւս չեն տեղավորվում։ Ստացվում է՝ ոչ մի հստակ առաջարկ էլ մասնագիտական հանձնաժողովը չի ընդունել, թեպետ Գեւորգ Դանիելյանը երեկ հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է այն դիրքորոշումը, որ երկրորդ փուլի հնարավորությունն ամրագրվի ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով, ինչն առաջարկել էին վենետիկցիները։



Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ կայուն մեծամասնությունն անհրաժեշտ է։ Նա նաեւ վստահեցնում է, որ Սահմանադրության փոփոխությունը կապ չունի Սերժ Սարգսյանի հետագա գործունեության ապահովման հետ, այլ դա հանրային եւ քաղաքական պահանջների դաշտից է։ Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք Արտակ Զաքարյանի հետ։



- Պարո՛ն Զաքարյան, Սահմանադրության նոր նախագծին ընդդիմացողները պնդում են, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, կարիք կա իշխանությունը փոխելու։ Ինչո՞ւ չեք ուզում ինքներդ ձեզ փոխել՝ Սահմանադրության փոխարեն։



- Գիտե՞ք, ինքներս մեզ փոխելու անհրաժեշտություն չունենք։ Մենք ունենք մեր գործունեությունն ավելի արդյունավետ եւ ավելի պրոֆեսիոնալ դարձնելու անհրաժեշտություն, որը յուրաքանչյուր տարի իրականացնում ենք։ Մենք էլ, հա՞, սուրբ չենք, ոչ էլ ամենակարող ենք՝ որպես քաղաքական ուժ, բայց իշխանությունները միշտ էլ արել են առավելագույնը՝ հանուն ՀՀ քաղաքացու բարեկեցության, անվտանգության եւ հանուն Հայաստանի Հանրապետության կայացման ու զարգացման։ Սա անվիճելի փաստ է։ Ընդդիմությունը շարունակաբար ցանկություն ունի իշխանափոխության, իշխանափոխություն իրականացնում է հասարակությունը։ Եթե ընդդիմությունը, այդ իշխանափոխություն պահանջողները հասարակության մոտ ունեն բավարար վստահություն եւ հետեւորդներ, ապա մի քանի ընտրություններ լավ հնարավորություն են եղել Հայաստանում նոր իշխանություններ ձեւավորելու համար։ Սահմանադրությունը՝ ընդհակառակը, ավելի լավ հնարավորություն է տալիս ընդդիմությանն ավելի ինքնավստահ եւ ավելի ամուր լինել, այդ թվում՝ նաեւ ավելի զինված նոր իրավական գործիքներով։



- Հանրապետականի համար Սահմանադրության փոփոխությունը գերնպատա՞կ է։



- Հանրապետականի համար սահմանադրական փոփոխությունը հանրության մեջ տեղ գտած տարբեր առաջարկությունների եւ գոյություն ունեցող տարբեր խնդիրների լուծման միջոց է։ Հասարակությունը կընդունի այդ միջոցը, թե չի ընդունի, դա հանրաքվեն ցույց կտա։



- Դուք ասացիք նաեւ, որ դա հանրային եւ քաղաքական պահանջների դաշտից է։ Հանրային պահանջ որտե՞ղ եք տեսել, քանզի տարբեր հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն Սահմանադրության փոփոխությունից։



- Մարդիկ տեղյակ չեն, իհարկե, կան նաեւ չտեղեկացվածներ, բայց մարդիկ ունեն դժգոհություններ կառավարման համակարգից, սոցիալական համակարգից, մարդիկ ունեն դժգոհություններ…



- Իշխանություններից։



- Ես որ ասում եմ՝ բոլորից, ուրեմն բոլորի պատասխանատուն նաեւ իշխանությունն է՝ առաջին հերթին, բայց ոչ միայն։ Հետեւաբար, մարդկանց այդ դժգոհությունները եւ դրանց լուծման ուղղությունները նաեւ սահմանադրական բարեփոխումներն են։



- Հասարակական սեկտորից քանի՞ հոգի եք տեսել, ովքեր պահանջել են ոչ թե իշխանության փոփոխություն, այլ հենց Սահմանադրության կոնկրետ դրույթների փոփոխություն։



- Բազմաթիվ անգամ ասվել է, որ երկրում պետք են համակարգային փոփոխություններ, որ իշխանություն կամ անձեր փոխելով՝ ոչինչ չի փոխվի։ Երկրում պետք են համակարգային փոփոխություններ։ Ես չեմ ասում, որ մենք հիմա ամբողջական համակարգային փոփոխություններ ենք իրականացնում։ Մենք փոխում ենք կառավարման ձեւ, իրականացնում ենք լիազորությունների վերաբաշխում, որն ավելի ժողովրդավար եւ ավելի հասանելի է դարձնում յուրաքանչյուր քաղաքացու եւ պետության միջեւ հարաբերությունները։



- Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից, այդուհանդերձ, կա՞ն այնպիսիք, որոնք կընդունվեն։



- Որոշները կընդունվեն, որոշները չեն ընդունվի՝ իմ կարծիքով։ Դեռ քննարկումների փուլում ենք։ Բայց, իհարկե, ես կարծում եմ՝ կընդունվեն բոլոր այն առաջարկները, որոնք որ չեն հակասում մեր արժեքային եւ ազգային ընկալումներին։



- Հիմա երկփուլ ընտրության եւ կայուն մեծամասնություն ձեւավորելու համակարգը հակասո՞ւմ է դրան, թե՞ ոչ։



- Ոչ, խոսքը դրա մասին չէ, դա հերթական առաջարկների շարքում է, եւ քննարկումների արդյունքում պարզ կլինի, թե ինչպիսի եզրահանգման կգան քաղաքական ուժերը։



- Գլխավոր խնդիրը հենց դա է, որ ասում են՝ Հանրապետականն այդ դրույթների տակ այլ նպատակներ է հետապնդում։



- Հանրապետական կուսակցության նպատակներն ամբողջությամբ գրված են իր ծրագրում եւ գաղափարախոսության մեջ։



- Այդ ծրագիրն ու գաղափարախոսությունը՝ մի կողմ։ ՀՀԿ-ի՝ հետագա իշխանական գործունեությունը շարունակելու միտումները, շատերի պնդմամբ, հենց դրա տակ են արտահայտվում։



- Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ մյուս բոլոր կուսակցությունները, երկար ճանապարհ են անցնելու քաղաքական համակարգում, ունեն առաքելություն, դերակատարություն եւ պետք է այն իրականացնեն։ ՀՀԿ-ն իշխանության չի գալիս ինքնանպատակ, եւ իշխանություն պահելն էլ ՀՀԿ-ի համար ինքնանպատակ չէ։



- Դուք մտավախություն ունե՞ք, որ ընտրությունների առաջին փուլի ընթացքում Հանրապետականը մեծամասնություն չի լինի կամ կոալիցիա չի ձեւավորի։



- Հանրապետականում չէ խնդիրը, ախր, հարգելի՛ս։ Հիմա, եթե ես Ձեզ հետ համաձայնեմ, Դուք լիարժեք իրավունք ունեք մտածելու, որ Հանրապետականը վստահ է, որ ցանկացած ձեւով մնալու է իշխանության։ Հանրապետականի համար չի գրվում այս Սահմանադրությունը, այն գրվում է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ես չպետք է Սահմանադրությանն ասեմ «ոչ», որովհետեւ իշխանություններն են առաջարկում։



- Այդուհանդերձ, արդեն խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն իր տարբեր մարզային կառույցների միջոցով մոբիլիզացնում է ուժերը, որ ամեն գնով «այո» ասվի հանրաքվեին։



- Հանրապետականը երբեք ամեն գնով չի հասել իր նպատակներին, բացառությամբ մի դեպքում՝ Արցախյան պատերազմը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ