Քաղաքական չարիքը ոչ թե կուսակցությունն էր, այլ՝ անձը

Քաղաքական չարիքը ոչ թե կուսակցությունն էր, այլ՝ անձը

ՀՀԿ ԳՄ նիստից հետո մենք հետաքրքրվեցինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե ինչպես են վերաբերվում ԲՀԿ-ի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանն ու սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ՀՀԿ ղեկավարը քաղաքական չարիք էր համարում այդ կուսակցությունը։



- Նախագահը նման բան չի ասել, նա որեւէ քաղաքական ուժի, որեւէ կուսակցության հասցեին նման բան չի ասել։



- Այդ դեպքում «քաղաքական չարիք» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ։



- Քաղաքական գործիչ․․․ անուն- ազգանուն։



- Գագիկ Ծառուկյանի՞ն։



- Այո, բայց ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։



- Բայց նույն ԲՀԿ-ն հանրահավաքների ժամանակ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հասցեին շատ սուր քննադատությամբ էր հանդես գալիս, քննադատում էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ինչպե՞ս եք նրանց հետ գնում համագործակցության՝ լավ իմանալով, թե իրականում ինչ են մտածում ձեր մասին։



- Դուք գտնվում եք ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, այլ ոչ թե ԲՀԿ-ի գրասենյակում, որը ոչ հեռու է այստեղից։ Ձեր հարցերն ուղղված չեն ինձ, ուղղված են նրանց կուսակցությանը կամ ղեկավարությանը։ ՀՀԿ-ն մշտապես նշել է, առանց բացառության, որ մենք պատրաստ ենք կառուցողական քննարկում ծավալել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Կարող եմ հիշեցնել, որ ՀՀԿ ղեկավարը մշտապես ասել է, որ մենք երբեք անձերի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք երեւույթների դեմ։



- Այսինքն, ձեզ համար վստահելի՞ է նման կուսակցության հետ համագործակցելը, երբ որ նրանք ժամանակին արմատապես հակառակ տեսակետն ունեին նույն հարցի շուրջ։



- Դուք գիտե՞ք ով է Օտտո Ֆոն Բիսմարկը։ Գերմանիայի առաջին կանցլերն է, որը լուրջ քաղաքական գործիչ է եւ ասել է, որ դա հնարավորի արվեստ է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ