Երևանի փոխքաղաքապետը՝ մասնավոր դպրոցների մասին․ «Ես դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ գումարը արժե՞ այդ կրթությանը»

Երևանի փոխքաղաքապետը՝ մասնավոր դպրոցների մասին․ «Ես դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ գումարը արժե՞ այդ կրթությանը»

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարծիքով՝ պետք չէ անընդհատ շեշտել, թե կան բարձր ուսման վճարով մասնավոր դպրոցներ, որոնցում պաշտոնյաների զավակներ են սովորում, կարող են լինել նաև պարզապես բիզնեսմենների երեխաներ, մարդիկ, որոնք ունեն որոշակի կարողություններ։



«Դա իրենց խնդիրն է, իրենց անձնական որոշելու խնդիրն է, թե իրենց երեխան որ դպրոցն է հաճախում։ Այստեղ միգուցե նաև իմիջի խնդիր կա, գուցե մտածում են, որ դա շատ ավելի հեղինակավոր դպրոց է կամ ավելի գրագետ են դասավանդում։ Ես անձամբ որևէ լուրջ տարբերություն չեմ տեսնում, ավելին՝ շատ հաճախ մեր մի շարք հանրակրթական դպրոցները շատ ավելի լավն են, քան վճարովի, բազմիցս գովազդված դպրոցներ, որտեղ, այո, գուցե և շատ բարձր է վճարը»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ այսինքն չի՞ փոխհատուցվում նրանց վճարած բարձր ուսման վարձը ստացած որակյալ կրթությամբ, փոխքաղաքապետն ասաց․ «Ես դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ գումարը արժե՞ այդ կրթությանը, եթե համեմատում ենք սովորական հանրակրթարանի հետ։ Ուզում ես հասկանալ, թե քանի՞ տոկոսով առավելություն ունի սովորական դպրոցից, և եթե ունի, և եթե ունի իքս առավելություն, ապա այդ իքսը մի՞թե համազոր է վճարվող գումարին»։



Նկատեցինք, որ այդ սովորական համարվող դպրոցներից շատերն էլ այդքան սովորական չեն, իրականում, օրինակ՝ Չեխովի, Պուշկինի անվան դպրոցները, ևս մի քանիսը, որտեղ ընդունվելու համար մեծ ջանք է հարկավոր՝ ծանոթ-բարեկամական կապեր և այլն, քանզի այդ դպրոցներում ևս սովորում են արտոնյալ խավի երեխաներ։ Իսկապե՞ս նրանք այնքան բարձր են մյուսներից՝ որպես սովորական հանրակրթարան, որ բոլորը ձգտում են այդ դպրոցներ ուղարկել իրենց երեխաներին։



«Մենք պիտի ուրախ լինենք, որ մեր դպրոցներից մի քանիսը, Դուք թվեցիք երկուսի անուն, ես կարող եմ տասնյակի անուն տալ, իրավամբ հեղինակավոր դպրոցներ են, և, իրավամբ, նրանց շրջանավարտները շատ հեշտությամբ են բուհեր ընդունվում, նրանց աշակերտները լավ մարդիկ են դառնում, պիտանի մարդիկ են դառնում մեր երկրի համար, և ահա այսպես ձևավորվում է որոշակի իմիջ և հասարակության մոտեցում տվյալ հանրակրթարանների հանդեպ»«-ասաց նա՝ նշելով, որ այստեղ արտոնյալ լինելու խնդիր չկա, այստեղ կա միայն երեխաների ռեժիմի, մի քանի հերթով պարապելու խնդիրը, որն իրեն անհանգստացնում է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ