Եթե այդ ութն են ձայն տվել, իրենք էլ պիտի պատասխան տան․ ԿԳ փոխնախարարը՝ թիվ 27 դպրոցի տնօրենի նշանակման մասին

Եթե այդ ութն են ձայն տվել, իրենք էլ պիտի պատասխան տան․ ԿԳ փոխնախարարը՝ թիվ 27 դպրոցի տնօրենի նշանակման մասին

Ուրեմն տես, էդ հարցը օրենքով է կարգավորվում, դա քաղաքապետարանի ենթակայության դպրոց է, կրթության նախարարության իրավասություններն ընդամենը, որ ներկա լինեն, ստուգեն, որ գործընթացը ճիշտ լինի, արդար լինի։ Մենք երկու անգամ ստուգել ենք, ընտրության գործընթացի մեջ խախտումներ չի եղել։ Պրոբլեմը վերաբերում է խորհրդի անդամներին, նրանք են որոշում՝ ում ընտրեն, և քաղաքապետը հետո պետք է պայմանագիր կապի։ Անդադառնալով թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենի սկանդալային նշանակմանը՝ Hraparak.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։



Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցի տնօրենը՝ Սուսաննա Սարգսյանը, նախկինում ևս ղեկավարել է այդ դպրոցը, սակայն խոշոր չափերի չարաշահման համար ազատվել է աշխատանքից և դատապարտվել, սակայն օրերս նրան նորից ընտրեցին նույն դպրոցի տնօրեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում և համացանցում, թե դատապարտվածին բերել նորից տնօրեն են նշանակում։ Պարոն Մկրտչյանից խնդրեցինք գնահատի այս երևույթը նախևառաջ որպես այս ոլորտի փոխնախարար՝ անկախ նրանից, թե ում ենթակայության տակ է այդ դպրոցը։ 



-Ես առայժմ որպես փոխնախարար եմ պատասխանում։ Ուրեմն մենք օրենքով կարգավորվող կետեր ունենք, որտեղ ասված է՝ ով իրավունք ունի մասնակցելու մրցույթին։ Եթե դատարանով կամ այլ հարցերով արգելված չէ նրան մասնակցելու, նա իրավունք ունի մասնակցելու և մենք իրավունք չունենք թույլ չտալու։



-Օրենքը՝ մի կողմ։ Բարոյական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը։



-Բարոյական տեսակետից, ախր․․․ Դուք ինձ դժվար հարց եք տալիս, ես չպետք է ինձ ավելի խելոք ու բարոյական համարեմ, քան այդ խորհրդի ութ անդամները, դա վիրավորական կլինի, չէ՞։ Այդ ութ անդամները ինչի՞ց է երևում, որ նրանք ինձանից ոչ պակաս բարոյական անձնավորություն են։ Եթե այդ ութն են ձայնժտվել, իրենք էլ պիտի պատասխան տան։



-Չ՞եք կարծում, որ միգուցե «հայկական-ավանդական» տարբերակով են այդ ութ անդամներն ընտրել հենց այդ թեկնածուին։



-Չեմ կարծում․․․ դե դպրոցի կոլեկտիվ գոյություն ունի, ծնողական խորհուրդ գոյություն ունի։



-Սերունդների բարոյահոգեբանական դաստիարակության վրա չի՞ ազդի դա, որ նման մանկավարժ է նշանակվել իրենց տնօրեն։



-Դե դատապարտվելը, դա․․․ միայն այդ հանգամանքը էդպես փաստ չի։ Մենք ինչքան մարդիկ ունենք, որ դատապարտված են եղել, և հետո վերադարձել են և բավականին լուրջ ծառայություններ են մատուցել և՛ ազգին, և՛ պետությանը։ Անուններ չեմ ուզում տամ։ Ինքը՝ փաստը միայն, որ դատապարտված է, ոչինչ չի նշանակում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ