Ինձ համար ազատ ապրում եմ, էլի

Ինձ համար ազատ ապրում եմ, էլի

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այլևս այն շքեղ Toyota Land Criuser-ով շրջող և թանկարժեք կոստյումով պաշտոնյան չէ, ում կարելի էր հանդիպել փողոցում՝ հիմնականում միայն կառավարական համարներով ամենագնացից իջնելիս կամ շտապով կառավարության շենք մտնելիս։ Այժմ նա մայրաքաղաքի փողոցներով ոտքով շրջող, ազատ ոճի հագուստով «հասարակ» քաղաքացի է, ում թերևս անցորդները չեն էլ ճանաչում կամ հիշում, որ նա ամիսներ առաջ երկրի ամենակարկառուն դեմքերից մեկն էր՝ ի պաշտոնե և ոչ միայն։ Հիշեցնենք, որ Գևորգյանը 2014-ին փոխվարչապետի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր Ռուբեն Վարդանյանի հիմնած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն։ Սակայն հուլիսին մամուլում տեղեկություն տարածվեց, որ նա ազատվել է նաև այս պաշտոնից և մեկնելու է Հարվարդի համալսարան՝ ուսանելու։ Նա, սակայն, դեռևս Հայաստանում է, մի քանի օր առաջ, օրինակ, մասնակցում էր իրեն քաղաքական հենարան հանդիսացած Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը։



Երեկ մենք նրան պատահական հանդիպեցինք Տերյան-Մոսկովյան խաչմերուկում․ թեքվեց խաչմերուկից աջ, քաղաքավարի ժպտալով ճանապարհ խնդրեց անկյունում կանգնած մի զույգից ու սկսեց քայլել Մոսկովյանով դեպի վեր։ Որոշեցինք առիթն օգտագործել ու մոտենալ նրան՝ մի երկու բառ զրուցելու։ Նախկին փոխվարչապետը, սակայն, բավականին ժուժկալ գտնվեց զրույցի հարցում և նախընտրեց ավելի շատ դիվանագիտորեն ժպտալ՝ պատասխանների փոխարեն։



Հետաքրքրվեցինք նրանից՝ ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում, նոր աշխատանքի, պաշտոնի առաջարկ չունի՞։



«Ինձ համար ազատ ապրում եմ, էլի»,-եղավ պատասխանը՝ ասես հասկացնելով, որ «թողեք հանգիստ ապրեմ, էլի»։ Այլ հարցերի չցանկացավ պատասխաել՝ կրկին քաղաքավարի ժպտալով․ «Կներեք, այսքանը, ավել բան չեմ ուզում խոսել»,-ասաց նա և թեքվեց ձախ՝ անցնելու փողոցը։



Երբեմնի փոխվարչապետը ազատ ոճի բաց կապույտ վերնաշապիկով էր, կապույտ տաբատով, աջ ձեռքին էլ դարչնագույն պայուսակ կար։ Այս ամենի փոխարեն կոստյում և փողկապ լիներ՝ անմիջապես կամբողջանար նրա պաշտոնական կերպարը, որով հայտնի էր հանրությանը։ Հիմա նախկին փոխվարչապետից միայն յուրատեսակ, բրենդային սանրվածքն է մնացել և դեմքի «երիտասարդական» արտահայտությունը, որոնք այդպես էլ նրա դեպքում չփոխվեցին՝ անկախ պաշտոնի ու կարգավիճակի փոփոխությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ