Վարդան եկել է Հայաստան՝ բարեգործություն անելու (լուսանկարներ)

Վարդան եկել է Հայաստան՝ բարեգործություն անելու (լուսանկարներ)

Մոսկվաբնակ հայազգի երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) որոշել է Հայաստանում բարեգործությամբ հանդես գալ և օգնել մանկատան երեխաներին։ Նա այսօր Երևանում՝ Հավանա ռեստորանային համալիրում բարագերծական համերգ կտա, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Գավառի մանկատան մի երեխայի աչքի և Երևանի «Մարի Իզմիրլյան» մանկատան մի երեխայի ողնաշարի վիրահատությունների և դեղորայքի ձեռքբերման համար։



Համերգից առաջ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հավանայի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ասյա Ավետիսյանն ասաց, որ վաղը իրենք Վարդայի հետ կայցելեն «Մարի Իզմիրլյանի» մանկատուն, դեղորայք, «պամպերս» և քաղցրավենիք են տանելու երեխաներին, ինչը կարիքը, պարզել են, որ առավել շատ ունեն այնտեղ։ Այս բարեգործական ծրագրի շրջանակներում Վարդան համագործակցում է նաև «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ։



Ինքը՝ երգչուհին, ասաց, որ ինքը շատ է ցանկացել զբաղվել բարեգործությամբ, օգնել կոնկրետ անձնանց, ինքը դրա համար ունեցել է տաբեր առիթներ, սակայն ավելի վերացական բնույթի են եղել դրանք։ Ըստ նրա՝ արվել են բարեգործություններ իր կողմից, որոնք ինքը հստակ չի իմացել՝ այդ օգնությունն ուր է գնում կոնկրետ, լիարժեք հասե՞լ տեղ, թե՞ ոչ։ Ուստի այժմ նա որոշել է կոնկրետ ծրագրով կոնկրետ անձանց օգնել։



«Ես ուրախ եմ, որ ունեմ հիանալի հնարավորություն ոչ միայն զբաղվել բարեգործությամբ վերացական ձևով, այլ օգնել հստակ մարդկանց, ինչի համար շնորհակալ եմ «Հավանա» ռեստորանային համալիրին, որ տրամադրել է ինձ հիանալի հարթակ՝ համերգով հանդես գալու համար։ Եվ ես հուսով եմ, որ սա կդառնա բարի ավանդույթ մյուս արտիստների համար»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ նա որոշեց զբաղվել բարեգործությամբ Հայաստանում, Վարդան պատասխանեց․ «Իմ նախորդ այցի ընթացքում եղավ ինձ առաջարկ՝ մասնակցելու այսպիսի մի միջոցառման, բայց, ցավոք, շատ խիտ էր գրաֆիկս, և ես հնարավորություն չունեցա մասնակցել դրան, ինչի համար շատ էի ցավում։ Ես ցանկացա առանձին վերադառնալ հատուկ հենց այս նպատակով»։



Իսկ սա առաջի՞ն անգամն է, որ նա զբաղվում է բարեգործությամբ։
«Այո, սա առաջին անգամն է, ես մինչ այդ օգնել եմ, իհարկե, բայց դա, ինչպես ասացի, եղել է ավելի շատ վերացական բնույթի օգնություն, քանզի լիարժեք չես իմանում՝ ուր գնաց քո օգնությունը, ինչպես, և ինչ են անում հետո դրա հետ»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ ինքը հստակ որոշված երեխաների է օգնելու իր համերգից ստացված հասույթով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ