ՃՈ-ն չկարողացավ՝ մամուլն արեց

ՃՈ-ն չկարողացավ՝ մամուլն արեց

Ուղիղ մեկ շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանությանը մի շարք օրինախախտումների վերաբերյալ, որոնք թույլ էին տրվել պետական պաշտոնյաների կողմից: Խոսքը ծառայողական պետհամարանիշներով տարբեր ավտոմեքենաների կողմից սխալ կայանումների մասին է, որոնց վերաբերյալ մենք նյութեր հրապարակեցինք այս ամսվա ընթացքում: Օրինախախտների թվում էին նաեւ Ճանապարհային ոստիկանության, ինչպես նաեւ նախագահի խորհրդական, քահանա Տեր Մեսրոպ Արամյանի ավտոմեքենան, որը պարբերաբար կայանվում է մայթին:



Այս ավտոմեքենաների տերերին պատասխանատվության ենթարկելու, նման հրապարակումների հարցում հետեւողական լինելու, ինչպես նաեւ դրանցից որոշների ստույգ պատկանելությունն ու հասցեատերերին ճշտելու վերաբերյալ մեկ շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանությանը: Ուղիղ 7 օր մտածելուց հետո ոստիկանությունից մեզ ուղարկեցին հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ Ձեր 18.08.2015թ. հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն կտրամադրվի Ձեզ 30-օրյա ժամկետում»:



Մինչ ոստիկանությունը ժամանակ է խնդրում, որ կարողանա պատասխանել օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու մեր հարցին, այդ նույն մարդիկ շարունակում են օրենքը խախտել: Օրինակ՝ մեր հրապարակումներից հետո նույնպես նախագահի խորհրդական քահանան շարունակում էր «մեղք գործել»՝ նախագահական համարներով իր Toyota Prado-ն կայանելով մայթին: Դե, եթե Ճանապարհային ոստիկանությունն աչք է փակում այս ամենի վրա եւ չի բռնում օրինախախտների ձեռքը, այդպես էլ պետք է լինի:



ՀԳ․ Մի քանի անգամ նախագահականի մեքենան մայթին արձանագրելուց հետո, երեկ նկատեցինք, որ ՀՀ նախագահի խորհրդական քահանային պատկանող Prado-ն վերջապես իջել է մայթից ու արդեն նշյալ հասցեում՝ Կորյունի 19, որտեղ գտնվում է Տեր Մեսրոպին պատկանող «Վէմ» ռադիոկայանը, կայանում է նորմալ, «մարդավարի»՝ փողոցում, մայթեզրին մոտ, ավտոմեքենաների համար հատկացված կայանատեղիում։ Կարելի է ասել՝ մեր հրապարակումները նրան «դարձի բերեցին»։