«Ալյանս»-ի փակ համագումարն ավարտվեց

«Ալյանս»-ի փակ համագումարն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հարկադիր համագումարը։ Կուսակցության վարչության նախագահը, հիշեցնենք, ԲՀԿ-ից անկախացած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։ Ինչու՞ հարկադիր, որովհետև արդարադատության նախարարությունը կուսակցության կանոնադրությունում ինչ-որ մանր-մունր բացթողումների ու տեխնիկական վրիպակների համար հրաժարվել էր այն գրանցել, ինչպես վսհատեցում էին «Ալյանսից»։ Թեպետ նախարարությունից այդ «վրիպակները» շատ հիմնավոր պատճառ էին համարել կուսակցության գրանցումը մերժելու համար։ Ուստի նրանք ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու կանոնադարության մեջ առկա թերի կողմերն ու պատշաճ ձևով այն նորից պետռեգիստ ներկայացնելու՝ գրանցման։ Թեպետ, ամենայն հավանականությամբ, քննարկվել են այլ հարցեր ևս։



Համագումարը, որի մասին գրել էինք այսօր «Հրապարակում», փակ էր լրատվամիջոցների համար։ Hraparak.am-ին այդ պատճառով ներս չթողեցին։ Տիգրան Ուրիխանյանն էլ հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։ Նա, վերջին շրջանում, առհասարակ, հարցազրույց չի տալիս որևէ լրատվամիջոցի, նրա փոխարեն լրագրողների հետ կապը պահում է կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը։ Համագումարն անց էր կացվում Էրեբունի պլազայում։ ներկա էին բավականին մեծ  թվով անդամներ, նաև կային այնպիսիք, ովքեր համակիր էին կամ առաջին անգամ էին մասնակցում համագումարին՝ կամաց-կամաց «Ալյանս»-ի շարքերը համալրելու միտումով։



Թե հատկապես ինչ հարցեր են քննարկվել «Ալյանս»-ի այս համագումարում, կտեղեկացնենք քիչ անց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ