«Ալյանս»-ում երկրորդ անգամ ընտրեցին վարչություն և նախագահ (ֆոտո)

«Ալյանս»-ում երկրորդ անգամ ընտրեցին վարչություն և նախագահ (ֆոտո)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարը փակ էր, Տիգրան Ուրիխանյանն էլ հրաժարվեց մեզ հարցազրույց տալ։ Թե ինչու հրաժարվեզ մեզ հետ զրույցից, կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն ասաց, որ վերջին շրջանում նա, առհասարակ, հրաժարվում է լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց։
«Նա հրաժարվել է բոլոր տեսակի հարցազրույցներից, ասուլիսներից, հեռուստահաղորդումներից և այլն: Իր բոլոր տեսակետները և դիրքորոշումները կարող եք ստանալ պաշտոնական ելույթներից»,-փոխանցեց մեզ Վ․ Քոչարյան



Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել համագումարում և որն էր դրա հրավիրման բուն պատճառը, Hraparak.am-ին Վարդան Քոչարյանն ասաց, որ սա իրենց կրկնակի հիմնադիր համագումարն էր․ «Այն պարզ պատճառով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը անբովանդակային, անէական, տեխնիկական բնույթի պատճառաբանություններով: Համագումարին ներկա էին 219 պատվիրակ, որոնք ընտրվել էին վարչության կազմից, հանձնաժողովներից և տարածքային կառույցներից: Կրկնակի անգամ քվեարկությամբ հաստատվեցին ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց վարչությունն ու նախագահը: Քննարկվեցին երկրում առկա լրջագույն խնդիրները, հերթական անգամ ընդգծվեցին համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, երկրում առկա անարդյունավետ կառավարման վերացումը, անարդյունավետ կառավարողների փոփոխությունը, որպես լուծում պահանջող ռազմավարական խնդիրներ»։



Համագումարում քննարկվել են նաև ընդդիմադիր դաշտի անընդհատ ու ինտենսիվ նվազումն ու չեզոքացումը, այդ համատեքստում հերթական անգամ կարևորվել է նաև ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան: Սահմանադրական փոփոխությունների հարցը ևս քննարկվել է «Ալյանս»-ի այս համագումարում։



«Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին, որ «Ալյանսն» աչքի է ընկնում դիրքորոշում չփոխելով և անշեղուն քաղաքական կուրսով, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ