ՍԴ անդամը զարմացած է այսպիսի կիքսից․«Բարեփոխումների հանձնաժողովը նախագահի հրամանագիրը չի կատարել»

ՍԴ անդամը զարմացած է այսպիսի կիքսից․«Բարեփոխումների հանձնաժողովը նախագահի հրամանագիրը չի կատարել»

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հենց սկզբից հիշեցրեց, որ ինքը օրինապաշտ քաղաքացի է, ՍԴ անդամ, ուստի խնդրում է՝ քաղաքական բնույթի հարցեր չտալ իրեն։ Եվ սկսեց պատմական ակնարկներով Անկախության հռչակագրից գալ հասնել մինչև մեր օրերը, երբ որոշել են Սահմանադրություն փոխել՝ նոր նախագծով, այլ ոչ թե այն բարեփոխել։ Ահա այստեղ է, որ նա արտահայտեց իր զարմանքը։



«Անկեղծ ասած՝ ինձ համար բավականին զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ նախագահի հրամանագիրը չի իրացվել։ Նախագահը հրամանագիր է տվել՝ սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար ստեղծել մասնագիտական հանձնաժողով։ Մասնագիտական հանձնաժողովը, չնայած անհատապես բոլորին ճանաչում եմ, և բոլորը շատ լուրջ սահմանադրագետներ են, բայց ինչպե՞ս է ստացվել էսպիսի կիքս, որ բարեփոխման մասին խոսք չկա այստեղ, կա ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, որ նախագահի հրամանագիրը չի կատարվել, և ոչ թե բարեփոխումների նախագիծ է ներկայացվել, այլ նոր Սահմանադրության նախագիծ»,-ասաց նա՝ նշելով, որ այս տեսակետից իր համար զարմանալի է, թե ինչպես է այն ուղարկվել Ազգային ժողով։



Hraparak.am-ը փորձեց ճշտել նրանից, այսինքն՝ մասնագիտական հանձնաժողովը սխա՞լ է հասկացել նախագահի հանձնարարությունն ու սխա՞լ է այն կատարել, ՍԴ անդամն ասաց․ «Ես իրավական տեսակետից ասացի, որ սա սահմանադրական բարեփոխումների նախագիծ չէ, այլ նոր Սահամանդրության նախագիծ է։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։



Իսկ ինչպե՞ս է գնահատում Սահմանադրության այս նոր նախագիծն առհասարակ, պարոն Բալայանն ասաց․ «Ուրեմն, ինչ խոսք, խորհրդարանական կառավարումը առաջնային քայլ է դեպի Հռչակագրի իրացումը, քանի որ Հռչակագիրը խորհրդարանական կառավարում է սահմանել։ Այս տեսակետից ամբողջությամբ օրինական է և մեկ քայլ առաջ։ Բացի այդ, մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ սկզբունքային հարցեր կան, որոնք մտել են այս Սահմանադրության նախագծի մեջ։ Ամենակարևոր իրավունքը, որ մեր Սահմանադրության մեձ հռչակագրային բնույթ ուներ, որ ժողովուրդն է իշխանության տերը, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների և անմիջական ներգործության միջոցով, այսինքն՝ հանրաքվեների միջոցով, այդ իրավունքը ժողովրդին տրված չէր, այժմ 150 հազար ստորագրություն հավաքելու պայմաններում բոլոր հիմնական հարցերը պետության ներսում կարող է դրվել հանրաքվեի, և ժողովուրդը ռեալ հնարավորություն ունի իր կամքը թելադրելու իշխանություններին»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ