ԵՊՀ. ապականող հովանավորչություն | լուսանկարներ

ԵՊՀ. ապականող հովանավորչություն | լուսանկարներ

Նոր ուսումնական տարին ԵՊՀ-ն սկսում է մաքառումներով: Հոգաբարձուների խորհուրդը (նախկինում կառավարման խորհուրդ) իր նախագահի հրահանգով հերթական անգամ անցավ նվաստացման ծիսակարգով ու մայր բուհի նկատմամբ հերթական մեղքը գործելով՝ կրկին նրա ռեկտոր կարգեց Արամ Սիմոնյանին: Իհարկե, սա այլ կերպ չես անվանի, քան մայր բուհի նկատմամբ արհամարհանք եւ այն ուղղակի ապականելու նպատակադրվածություն եւ հետեւողականություն: Իր ունեցվածքի մասին մամուլի եւ տեսահարցազրույցի միջոցով համալսարանականների փոխանցած հարցերին «պատասխանելիս», կամա թե ակամա, այդ ծիսակարգ-ներկայացման մասնակիցներին արդեն եռակի ռեկտորը մատուցեց «ինտելեկտի» անհասանելի որակներ: Մասնավորապես, համալսարանականներն իրենց հոգաբարձուների խորհրդին խնդրել էին բացատրություն պահանջել Արամ Սիմոնյանից, թե ռեկտորության 9 տարվա ընթացքում նա ինչ միջոցներով է ձեռք բերել Դիլիջանի եւ Երեւանի Բլուր թաղամասի թանկարժեք առանձնատները, նույն թաղամասի նորակառույց էլիտար շենքի բնակարանը, Սեւանի ափի քոթեջը…



Ողբերգակատակերգության իր հարազատ ժանրին հավատարիմ՝ կառավարման ոլորտի «հանճարը» նախ խորհուրդ է տալիս գնալ-նայել, թե ուրիշներն ինչ տներ ունեն, հետո իր տների մասին խոսել, ուրիշի ունեցվածքը չհաշվել ու դրա մասին չխոսել, որովհետեւ դա տգեղ է եւ նախանձի արդյունք, նաեւ ներկաներին «հավատացնում» է, որ մինչեւ ռեկտորի պաշտոնն ավելի շատ հարստություն է ունեցել, քան հիմա, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ոչ ռեկտորության տարիներին, ազնիվ ճանապարհով եւ տասնյակ տարիների ընթացքում, եւ զարմանում է, թե ակադեմիկոսի որդին, թղթակից անդամը եւ ռեկտորը հո բոմժի նման «գարդոնի կարոբկայի» մեջ չպե՞տք է ապրի: Այնուհետեւ, շարունակելով մտավոր-երեւակայական տվայտանքները, մեր անձընտրյալը Դիլիջանի իր տունը ներկայացնում է որպես առանձնատուն կոչվելու իրավունք չունեցող՝ ուղղակի փոքրիկ տնակ, որն իբր ձեռք է բերել Կարբիում տատիկից ժառանգություն ստացած մեծ առանձնատունը վաճառելով այն ժամանակ, երբ Դիլիջանն այնքան էլ մոդայիկ չէր, Իսկ Բլուր թաղամասի առանձնատան գոյությունն ըստ էության հերքում է՝ թե իբր այն կիսակառույց է, շինարարական աշխատանքները գումարի պատճառով ձգձգվում են, ավելացնելով, որ այդ տունը կառուցում է դեռեւս 15 տարի առաջ քաղաքապետարանից գնված հողամասում, այսինքն՝ հերքում է նաեւ այդ հողամասում առկա կառուցված տունը գնելու իրողությունը: Նույն թաղամասի էլիտար շենքի բնակարանի մասին հեքիաթն էլ ավելի կարճ է. «Իմ հետ կապ չունի, աղջկաս բնակարանն է», իսկ Սեւանի քոթեջի մասին չի խոսում, անգամ հեքիաթ չի պատմում: Փոխարենը, խղճահարության խնդրանք է ուղղում ներկաներին՝ հորից ժառանգություն ստացած բնակարանի մակերեսը (52 քմ) եւ իր «հալից ընկած» կոզլիկ մեքենան ներկայացնելով:



Ինչպես երեւում է, Արամ Սիմոնյանը սար ու ձոր է ընկնում ոչ միայն կոզլիկ մեքենայով, եւ իրեն թվում է, թե ուրիշներն էլ են մտածում կոզլիկի ուղեղով: Ակադեմիկոսի կոչման համար երկար տարիներ կուտակած «մտավոր ներուժը» եւ թղթակից անդամի «կարգավիճակը» բավարարում են ընդամենը ստելուն: Այս մարդու ոչ միայն հեքիաթները, այլեւ ռեկտորության ամբողջ պատմությունը խղճահարություն է առաջացնում ոչ միայն նրա, այլեւ համալսարանի նկատմամբ ընդհանրապես: ԵՊՀ ռեկտորը մինչեւ հիմա չգիտի, որ անօրեն ճանապարհով ձեռք բերած կարողության մասին ահազանգը քաղաքացիական պատասխանատվություն է, ազգային անվտանգության ապահովմանը քաղաքացու օժանդակություն, այլ ոչ թե տգեղ է եւ նախանձ: Տգեղ է բարեխիղճ աշխատողին աշխատանքից հեռացնելը, վերադասին քծնելը, կաշառքն ինքնասիրության նորմատիվ դարձնելը, արժանապատվությունը խեղդելը, հովանավորչությամբ հարբելը… Իսկ նախանձը ուրիշների ունեցվածքի հետ սեփականը համեմատելն է, ինչն անում է Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը մինչեւ հիմա նաեւ չգիտի, որ ունեցած բնակարանով կամ կացարանով չի որոշվում մարդու մակարդակը, եւ որ Հայաստանում կան անտուն մնացած մարդիկ (նաեւ իր մակարդակի իշխանավորների պատճառով), որոնց ինտելեկտուալ մակարդակի եւ էթիկայի չնչին մասն անգամ պարոն ռեկտորը չունի: Միայն «հո բոմժի նման գարդոնի կարոբկայի մեջ չպե՞տք է ապրեմ» արտահայտության համար այս մարդուն պետք է ոչ միայն վռնդել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, այլեւ ընդհանրապես արգելել լսարան մտնել:



Ինչ վերաբերում է նրա կոնկրետ ստերին, ապա Դիլիջանի տունը, որը կնոջ՝ Կարինեի անունով է եւ գտնվում է Կամոյի 16-2 հասցեում, ինչպես երեւում է նկարից, ոչ թե տնակ է, այլ 2 հարկանի մեծ առանձնատուն՝ մոտ 350 քմ մակերեսով, 30 քմ ավտոտնակով եւ, մասնագետների գնահատմամբ, արժե առնվազն 500 հազար դոլար: Հողամասը, որի վրա կառուցված է այս առանձնատունը, առնվազն 2 հազար քմ է, որն Արամ Սիմոնյանը գնել է առաջին անգամ ռեկտոր «ընտրվելուց» 6 ամիս հետո: Տան շինարարությունն սկսել է 2008թ.-ին եւ ավարտել 2011թ.-ին: Իսկ Աշտարակի Կարբիի տունը (նկարում), որը նրան նվիրել է իր տատիկը, եւ որն իբր նա վաճառել է եւ գնել Դիլիջանի «տնակը», իրականում վաճառվել է Դիլիջանի 500 հազար դոլարանոց «տնակը» կառուցելուց 4 տարի հետո միայն՝ 2015թ. հունիսին՝ հոգաբարձուների խորհրդի նվաստացման վերջին ծիսակարգից ընդամենը մի քանի օր առաջ՝ մոտ 40 հազար դոլարով: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Կարբիի այդ 100 քմ (10մx10մ) մակերեսով 1 հարկանի տունը (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 800 քմ) վաճառվեր շատ ավելի շուտ, նա չէր կարող 2008-2011թթ. ընթացքում, երբ Դիլիջանը լավ էլ մոդայիկ էր, այդպիսի «տնակ» կառուցել:



Ինչպես երեւում է մյուս՝ Բլուր թաղամասի առանձնատան նկարից, ապա, հակառակ Արամ Սիմոնյանի ստի, այն նույնպես կառուցված է, եւ դրա համար գումարի պակաս նա չի ունեցել: 400-450 քմ մակերեսով վերելակով եռահարկ այս առանձնատունը, որտեղ արդեն իր ընտանիքով բնակվում է պարոն ռեկտորը, նույնպես կնոջ անունով է եւ գտնվում է Ա. Բարբյուսի 17 հասցեում եւ կառուցված է ոչ թե 15 տարի առաջ գնված հողամասում (ինչպես նա է ասում), այլ նրա առաջին անգամ ռեկտոր դառնալուց հետո՝ 2007-2008թթ․-ին գնած տունը (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 400 քմ) քանդելուց հետո: Եթե այս տան վրա ծախսված առնվազն 120 հազար դոլարին գումարենք նոր տունը կառուցելու վրա ծախսված առնվազն 500 հազարը, ապա ստացվում է, որ այս առանձնատունը վերջնական տեսքի բերելու համար ծախսվել է ամենաքիչը 620 հազար դոլար (չհաշված Արամ Սիմոնյանի համար մանր-մունր ծախսերը, օրինակ՝ բակի լանդշաֆտային դիզայնի վրա ծախսված մոտ 5 հազար դոլարը եւ այլն): Կարծում ենք, շենքի արտաքին տեսքին նայելով, համալսարանականները կարող են կռահել, թե ում շինանյութն է օգտագործվել, եւ ովքեր են եղել շինարարները:



Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի մյուս՝ Բլուր թաղամասի բնակարանին, ապա այն գտնվում է Քեռու 35 հասցեում, նկարում պատկերված «Ավնիկ» էլիտար շենքում: 3 սենյականոց, 100 քմ մակերեսով, 18 քմ ավտոտնակով այս բնակարանը պարոն ռեկտորը ձեռք է բերել 2013թ.-ին եւ արժե մոտ 140 հազար դոլար: Արամ Սիմոնյանն այն գնել է նույնպես ռեկտորության տարիներին ձեռք բերած Ավանի երիտասարդների շենքի 160 քմ մակերեսով 120 հազար դոլարանոց բնակարանը վաճառելուց հետո: Թեեւ «Ավնիկ» էլիտար շենքի բնակարանն աղջկա՝ Մարիամի անունով է, եւ այն ձեռք է բերվել նրա համար, սակայն այդ բնակարանի հետ Արամ Սիմոնյանի կապ չունենալն (ինչպես նա է ասում) ուղղակի ծիծաղելի է, քանի որ չի կարող երիտասարդ աղջիկն ընդամենը մի քանի տարում 120 հազար դոլարանոց բնակարան գնել, հետո վաճառել եւ էլ ավելի թանկարժեքը գնել՝ չունենալով բիզնեսներ:



Արամ Սիմոնյանի անշարժ գույքի հավաքածուի նմուշներից է նաեւ ռեկտորության ժամանակահատվածի սկզբին ձեռք բերած՝ Սեւանի ափին, թերակղզուն հարող հանրային լողափի մոտ գտնվող, մոտավորապես 20 հազար դոլար արժողությամբ քոթեջը: Արաքսի ջրերում խեղդվելուց հրաշքով փրկված մեր սուպերձկնորսը ձկնորսության համար իր սիրելի կոզլիկը՝ «ԳԱԶ 66»-ը, նույնպես ձեռք է բերել ռեկտորության տարիներին՝ 2010-11թթ.-ին, որի վերանորոգման համար ծախսել է 15 հազար դոլար: Իսկ սեփական այլ մեքենա չունենալը (որով պարծենում է) կարելի է բացատրել ուղղակի ճիշտ հաշվարկով: Ի՞նչ իմաստ ունի սեփական թանկարժեք մեքենա գնելը, եթե մինչեւ 2011թ. օգտագործել է նախորդ ռեկտորի «Տոյոտա Ավալոն» մակնիշի ծառայողական մեքենան, իսկ 2011թ․-ին այն փոխարինել 45 հազար դոլարանոց «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով, ինչպես նաեւ 2009թ․-ին աղջկա՝ Անիի համար գնել է 33 հազար դոլարանոց «Նիսան Քաշքայ» մակնիշի մեքենա: Արամ Սիմոնյանը հաջողացրել է նաեւ 2009 եւ 2010թթ.-ին (կրկին ռեկտորության տարիներին) աղջկան՝ Մարիամին, Անգլիա ուսման ուղարկել՝ տարեկան 30 հազար դոլար վարձով, ով մինչ այժմ էլ գտնվում է այնտեղ եւ, ըստ համալսարանում շրջանառվող լուրերի, բնակվում է հոր գնած բնակարանում: Կարծում ենք՝ ավելորդ է խոսելն այն մասին, որ ռեկտորի աշխատավարձը եւ օրինական այլ եկամուտները չեն կարող բավարարել նշված ունեցվածքի նույնիսկ փոքր մասը ձեռք բերելուն: Արամ Սիմոնյանի այս «սխրագործությունների» մասին ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը:



Վերը շարադրվածը ռեկտորության տարիներին մայր բուհի ռեկտորի «արդար վաստակի» մի մասն է միայն, ինչը շատ լավ գիտեն հատուկ ծառայությունները: Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն եւ ունենար նախագահ, գործը չէր հասնի Արամ Սիմոնյանի «արդար վաստակի» մասին ահազանգերին, այլ իրավասու մարմիններն այս մարդու «գործունեությանը» վերաբերող իրենց ձեռքին առկա նյութերը կօգտագործեին՝ համապատասխան հիմնարկում նրան երկարաժամկետ տեղավորելու եւ ունեցվածքը պետականացնելու համար, ոչ թե մեկն իր անձնական շահերը սպասարկելու համար նրան ռեկտոր կնշանակեր եւ իրավասու այդ մարմիններին թույլ չէր տա մոտենալ համալսարանին:



ՀԳ. Արամ Սիմոնյանին. Ագահությունը վթարի վտանգ հանդիսացող արագություն է:
Սերժ Սարգսյանին. Պաշտոնը զարգացնելու պարտականություն է, ոչ թե փչացնելու իրավունք:



Սասուն ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԵՊՀ եւ ՀՀ ղեկավարությանը քննադատելու համար ԵՊՀ-ից հեռացված դոցենտ