Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գիրքը կներկայացվի Ուկրաինայի մի քանի քաղաքներում

Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գիրքը կներկայացվի Ուկրաինայի մի քանի քաղաքներում

Հայ ժամանակակից գրող («Հրապարակ» օրաթերթի մշակութային մեկնաբան) Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել ուկրաիներեն։ Շնորհանդեսին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-13-ը, ներկա է լինելու նաեւ հեղինակը, ով Հայ գրականության հիմնադրամի աջակցությամբ մեկնելու է Կիեւ։ Գրքի շնորհանդեսը լինելու է միանգամից 2 քաղաքներում, առաջինը՝ Կիեւում՝ մի քանի գրախանութներում, ապա Լվովում՝ ամենամյա Լվովյան հրատարակիչների միջազգային ֆորումում, տարբեր ձեւաչափերով՝ ընթերցում, քննարկում։



Ժողովածուն թարգմանել է Լվովում ապրող Անուշավան Մեսրոպյանը, ով տարիներ առաջ ուկրաիներեն թարգմանել է նաեւ Լեւոն Խեչոյանի եւ Վանո Սիրադեղյանի պատմվածքների ժողովածուները։ Հեղինակի եւ հեղինակային գործի ընտրությունը կատարել է թարգմանիչը՝ Անուշավան Մեսրոպյանը։ Արամն ասում է, որ Ուկրաինայում ստեղծված պատերազմական իրավիճակի հետ կապված, երկար ժամանակ չէին կարողանում հրատարակչություն գտնել՝ ֆինանսական խնդիրների պատճառով, բայց այս տարի Առաջին հայկական գրական գործակալության շնորհիվ հաջողվեց կապ հաստատել «Старый Лев» հրատարակչության հետ, որտեղ էլ հրատարակվեց գիրքը։ Այն լույս է տեսել 2 հազար տպաքանակով, որը, ըստ հեղինակի, ոչ շատ է, ոչ էլ քիչ, բայց գրողի համար, ով ճանաչում չունի դրսում, դա, ինչ խոսք, լավ տպաքանակ է եւ մի քիչ էլ ռիսկային, որովհետեւ հիմա համաշխարհային շուկայում ինչքան ուզում է գիրքը լավը լինի, եթե շարժ չկա վաճառքի առումով, ուրեմն համագործակցություն ապագայում չի սպասվի։



«2 տարի առաջ Հայաստանում էր ուկրաինացի երիտասարդ գրողներից Լյուբկո Դերեշը, որի «Խաղարարը» գիրքն Անուշավան Մեսրոպյանը նույնպես հայերեն թարգմանեց, եւ այս տարի տպագրվեց իմ առաջաբանով։ Դերեշի հետ զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ Ուկրաինայի ժամանակակից գրողներն էլ են ակտիվ, հրատարակիչներն էլ հետաքրքիր գրքեր են տպում։ Այսինքն՝ պոստսովետական Ուկրաինան ու ուկրաինական գրականությունն այսօր փորձ են անում մտնել արեւմտյան շուկա։ Օրինակ, Լեհաստանում իրենք շատ պոպուլյար են, Գերմանիայում՝ նույնպես։ Այս տարի Լվովյան ֆորումին մասնակցելու է աշխարհում հայտնի նեյրովիրաբույժ Հենրի Մարշը, որի ինքնակենսագրական գիրքն ուկրաինացիները թարգմանել են, նա նույնպես պետք է ներկա գտնվի եւ պատմի իր գրքի մասին։ «Старый Лев» հրատարակչությունը ցանկություն հայտնեց, որպեսզի ես էլ ներկա լինեմ իմ գրքի շնորհանդեսին, որովհետեւ հենց նույն գրաշուկայի համար լավ է, որ գրողն ինքն իր գիրքը ներկայացնի, պատմի, թե ոնց եւ ինչպես է ստեղծել այդ պատմությունները։ Եթե հաշվի առնենք, որ Լվովյան ֆորումն արդեն մեծ ճանաչում ունի եւ բավականին երեւելի միջոցառում է, ուրեմն կարելի է ասել, որ իսկապես այդ ակտիվությունը կա Ուկրաինայում»։



Արամն իր խոսքում ընդգծում է, որ այսօր շատ դժվար է ուրիշ երկրում գիրք տպագրելը, հաշվի առնելով նախեւառաջ այն հանգամանքը, որ շատ են հեղինակներն ու հրատարակվող գրքերը։ Այդ տեսանկյունից գրողը ձեռքբերում է համարում իր «Ռոբինզոն» գրքի տպագրությունն արդեն ուկրաիներեն։ Գիրքը հասանելի է Ուկրաինայի մեծ քաղաքների բոլոր գրախանութներում։ Ի տարբերություն հայկական տարբերակի, գրքի ուկրաինական տարբերակի շապիկն այլ է, որին, գրքին համահունչ, շատ հետաքրքիր լուծում է տրված։



«Անկախություն ձեռք բերելուց առայսօր, երբ վերստին ձեռք բերեցինք մեր պետականությունը, ամեն ինչ կարծես փոխվեց, նաեւ գրաշուկայի, հրատարակչությունների հետ կապված հարցերը, ու մեզ համար հիմա կարեւոր փուլ է, քանի որ էլի գրողներ թարգմանվել, հրատարակվում են օտար երկրներում, եւ մենք դրանով փորձելու ենք երկխոսությունների գնալ մշակույթների հետ։ Մենք այդ փոփոխությունները պետք է արագ յուրացնենք, որովհետեւ մեր վիճակն ավելի ծանր է, ուրախ եմ, որ հիմա նոր ավանդույթ է ձեւավորվում, եւ արդեն գործակալությունն է բանակցում գրողի փոխարեն, ինչն արդեն շատ լավ է»։



Ուկրաիներեն թարգմանված «Ռոբինզոն» ժողովածուից բացի, Արամ Պաչյանի մի շարք պատմվածքներ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն եւ տեղ գտել տարբեր մշակութային ու կրթական պլատֆորմներում։ Մեկ տարի է արդեն՝ ամբողջությամբ անգլերեն է թարգմանվել նաեւ գրողի «Ցտեսություն, Ծիտ» վեպը՝ Նաիրի Հախվերդիի կողմից։ Հիմա աշխատանքներ են տարվում հրատարակիչ գտնելու ուղղությամբ։