Մեդիախոհանոց

Մեդիախոհանոց


Ինչո՞ւ մեզանում այդպես էլ չի կայանում սյունակագիրների «ինստիտուտը»։ Եթե անգամ շատ փորփրեք ձեր հիշողությունը, մշտական խորագրեր կամ սյունակներ շատ քիչ լրատվամիջոցներում կմտաբերեք․ թերեւս մի շարք թերթերում առաջնորդողները, մի քանի մշտական խորագրեր «168 ժամ», «Իրատես դե ֆակտո», «Իրավունք» թերթերում, «Առավոտում»՝ Մերուժան Տեր-Գուլանյանի սյունակը եւ վերջ։ Մինչդեռ, դատելով «Հրապարակի» տարիներ առաջ ունեցած «Միայն կանանց համար» սյունակի հաջողությունից, մշտական խորագրերը, որպես կանոն, ընթերցողների սերն են վայելում։ Ամեն օր, թերթի նույն հատվածում նույն մարդու հետ «հանդիպումը»՝ որոշակի թեմայի ու հետաքրքրության շրջանակներում, սերիալ նայելուն, սիրելի գիրքը շարունակաբար ընթերցելուն, սիրելի մարդու հետ պարբերաբար սուրճ խմելուն հավասարազոր վայելք է։ Եվ ես «Հրապարակի» հիմնադրման օրվանից շարունակ փորձում եմ խորագրերի ու սյունակների ավանդույթ հիմնել իմ խմբագրած թերթում։ Ցավոք, հետեւողականորեն, ամեն օր խորագիր-սյունակ պահելու գաղափարը քչերին է ոգեւորում։ Նախ, որովհետեւ պարտաճանաչ, գլուխը կախ իր գործն անող, աշխատասեր մարդիկ շատ քիչ են մեզանում։ Եվ երկրորդ, որ գաղափարի, նոր նախաձեռնության սով կա։ Ես կասեի՝ մտքի ճգնաժամ, երբ եւ պայմաններն ու մթնոլորտը դրան չեն նպաստում, եւ սեփական ուժերը խնայելու, գլուխ պահելու, մի կերպ գործը յոլա տանելու ռեժիմ է հաստատվել ողջ երկրում։ Այս մթնոլորտում աշխատող-աշխատասեր մարդիկ դառնում են «սպիտակ ագռավներ», անգամ ծիծաղի ու զավեշտի առարկա։ Չէ՞ որ խելքի, շնորհքի հոմանիշը դառնում է քիչ աշխատել-շատ ստանալու, այստեղից-այնտեղից «փող կպցնելու», թիթեռնիկի պես աշխատավայրեր ու զբաղմունք փոխելու աշխատաոճը։ Եվ որպեսզի ինձ չմեղադրեն «ճառ ասելու ու զանգ չկախելու» մեջ, որոշել եմ ինքս սյունակ պահել, որտեղ պատրաստվում եմ ամեն օր ընթերցողին պատմել մեր մասնագիտության նրբությունների, մամուլի «լույս ու ստվերի», ներքին խնդիրների մասին։ Որոշել եմ ընթերցողի համար բացել մամուլի «խոհանոցը» եւ ներկայացնել ոչ միայն այն, թե ինչպես են «եփվում» լրատվության «համեղ ճաշերը», այլեւ ժամկետանց, փչացած «սնունդն» ու անգամ որոշ խոհանոցներում վխտացող «տառականները»։ Նման սյունակ պահելու երկրորդ իմաստն էլ այն է, որ համոզված եմ՝ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է եւ հասարակական առաջընթացի պարտադիր պայմանը։ Չկա խոսքի-մամուլի ազատություն՝ չկա աճող-զարգացող տնտեսություն, չկա դեմոկրատիա, չկա բարեկեցիկ կյանք։ Խոսել այս խնդիրների մասին, մեր՝ լրագրողներիս, խմբագիրներիս պարտքն է։ Չխոսել, նշանակում է հանդուրժել հակադեմոկրատական գործընթացները, դրանց մաս դառնալ, դառնալ մի մեծ մամլիչի մաս, դառնալ գլուխ պահող, յոլա գնացող լրատվամիջոց։ Ես պատրաստվում եմ խոսել եւ առավելագույնս՝ անկեղծորեն։ Թե որքանով ինձ կհաջողվի դա, եւ որքանով արժանահավատ կլինի «Հրապարակի» խմբագրի խոսքը, ցույց կտա ժամանակը։



Ա.Օ