Հարութը գյուղի սիրուն տղեն է. գյուղապետը՝ զոհված զինծառայողի մասին

Հարութը գյուղի սիրուն տղեն է. գյուղապետը՝ զոհված զինծառայողի մասին

«Ինքը մեր գյուղի սիրուն Հարութիկն է»,- Hraparak.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արարատի մարզի Ավշար գյուղի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետևանքով  սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանին: 



Գյուղապետի խոսքով՝ Հարութին գյուղում երբեք տխուր չէիր տեսնի, միշտ ժպիտով ու սիրով էր բոլորի հետ:



«Հարգանքով էր բոլորի նկատմամբ, որոշել էր, որ բանակից վերադառնա պետք է ամուսնանար: Ապրում էր մոր, քրոջ ու եղբոր հետ, եղբայրը իրենից փոքր է, մի քանի տարի հետո պետք է զորակոչվի բանակ: Տարիներ առաջ էլ հայրն է մահացել, տան ամբողջ հոգսը մոր և Հարութի վրա էր ընկած: Ծայրը ծայրին հասցնում էին ու իրենց համար ապրում»,-ասաց գյուղապետը: 



Ավելի վաղ  հայտնել էինք, որ ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Մեր տեղեկություններով Կարեն Գևորգի Շահինյանն էլ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից է: