Պուտինը սկսում է «աֆղանական պատերա՞զմ»

Պուտինը սկսում է «աֆղանական պատերա՞զմ»

Ինչպես հայտնի է, երկուշաբթի` սեպտեմբերի 28-ին, ՌԴ նախագահը միջազգային ուշադրության կենտրոնում էր, քանի որ երկամյա ջանքերից հետո հասել էր իր երազանքին` ԱՄՆ նախագահի հետ հանդիպման: Որեւէ արդյունք չարձանագրած այդ հանդիպումից հազիվ մեկ-երկու օր անց, սեպտեմբերի 30-ին, Վլադիմիր Պուտինը դարձյալ միջազգային newsmaker դարձավ, քանի որ առավոտյան դիմեց ՌԴ օրենսդիր մարմնին, ստացավ համաձայնություն եւ օրվա երկրորդ կեսին, ընդառաջելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքին, ռուսական ռազմական ինքնաթիռներն ուղարկեց՝ իբր ISIS-ին հարվածելու: Ռուսական ռազմաօդային ուժերը ժամեր անց սկսեցին Սիրիայի տարածքի հրթիռակոծումը, բնականաբար՝ այն վայրերում, որտեղ ISIS-ի զինյալներ չկան:



Միջազգային ռազմական շրջանակներում, կարծես, առանձնապես հավատացողներ չկան, թե Ռուսաստանը Սիրիայում ի զորու է ISIS-ի վերաբերյալ վստահելի տեղեկություններ հավաքագրել, որ դրանց արդյունքում էլ քիչ թե շատ ճշգրիտ հարվածներ հասցնի, երեկ արդեն ՆԱՏՕ-ից գնահատականներ հնչեցին, թե Սիրիա տեղափոխված ռուսական ռազմական-հետախուզական տեխնիկան պիտանի չէ այն վայրերում, որտեղ ISIS-ի զորագնդերն են: Ի վերջո, փաստն այն է, որ երեկ, օրվա երկրորդ կեսին, ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հոմս քաղաքի շրջակայքին, որտեղ ոչ թե ISIS-ի զինյալներն են, այլ սիրիական չափավոր ընդդիմության ուժերը:



Թե պուտինյան խժդժոցից ինչ կստացվի, առաջիկա օրերին եւ շաբաթներին դեռ գրելու առիթ կլինի, բայց ԱՄՆ պետքարտուղար Քերրիի խոսքերը նախօրեին CNN-ին տված հարցազրույցից թվում են գրեթե մարգարեական. «Եթե Պուտինը բացահայտ կանգնի Ասադի, Իրանի եւ «Հեզբոլլահի» կողքին, նրա համար շատ լուրջ խնդիրներ կծագեն մերձավորարեւելյան երկրների հետ, որոնց բնակչության մեծամասնությունը սուննիներ են: Իսկ դա նշանակում է, որ նա ինքը կարող է դառնալ թիրախ ջիհադիստ-սուննիների համար»: Ըստ պետքարտուղարի, դա ԱՄՆ-ին թույլ կտա Կրեմլին համոզել, որ առանց սուննիների ներգրավման եւ Ասադի հեռացման Սիրիայում չի գտնվի հակամարտության լուծում:



Երեկ, արդեն ՌԴ ռազմաօդային ուժերի հասցրած հարվածներից հետո, Պենտագոնի ղեկավարը` Աշթոն Քարթերը, գրեթե նույնը կրկնեց, որ Ռուսաստանի քայլերը կոնտրպրոդուկտիվ են եւ, ի վերջո, Ռուսաստանի դեմ են շրջվելու: Մնում է ապրենք եւ հետեւենք Ռուսաստանի համար սկսվող երկրորդ «աֆղանական պատերազմին»:
Անդրադառնալով սեպտեմբերի 28-ի Օբամա-Պուտին հանդիպմանը, հանդիպումն



առանձնազրույց չի եղել, այլ պատվիրակությունների կազմով երկխոսություն: Դատելով տարածված լուսանկարներից` պատվիրակություններից յուրաքանչյուրում 7-8 անձ է եղել: Շուրջ երկու տասնյակ մարդու մասնակցությամբ հանդիպումը տեւել է 90 րոպե, թեեւ նախապես ծրագրված է եղել մեկ ժամ, ավելի ստույգ` 55 րոպե: Հանդիպմանը գերակշռել են Ուկրաինայի եւ Սիրիայի թեմաները:



Ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Դիվանագիտական հարթությունում, բնականաբար, ոչ մի արդյունք: Ռուսական քարոզչություն դաշտում` աշխարհացունց իրադարձություն: Բավական է հանգամանքը, որ Սպիտակ տան կայքում ՌԴ նախագահի հետ հանդիպումն առհասարակ լռության էր մատնվել, չասելու համար, թե անտեսվել էր, այդ մասին չկար ոչ մի հաղորդագրություն, ոչ մի տող: Փոխարենը Կրեմլի կայքում ոչ միայն հանդիպման մասին տասնյակից ավելի լուսանկար էր հրապարակվել, այլեւ նախագահ Պուտինը մեկուկես ժամ տեւած հանդիպման մասին այնուհետ երեւի երկու ժամ պատմել էր ռուսաստանցի լրագրողներին, եւ այդ ասուլիսի ամբողջ սղագրությունը տեղադրվել էր Կրեմլի կայքում:



Ի վերջո, Պուտինի կողմից այդքան կարեւորված, իսկ Սպիտակ տան կողմից լռության մատնված այդ հանդիպումից, նույնիսկ ավելի վաղ` ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Պուտինի ելույթից ՌԴ քաղաքացիների համար մի դրական զարգացում է արձանագրվել. Նյու Յորքում Պուտինը հստակ հայտարարեց, թե ռուսական ցամաքային ուժեր չեն մտնի Սիրիայի տարածք:



Հետաքրքիր էր եւ այն, թե Պուտինն ինչպես է պատճառաբանում Ասադին աջակցելու եւ այդ նպատակով ահաբեկիչներին հարվածելու իր որոշումը: Ըստ Պուտինի, ISIS-ի եւ Սիրիայի չափավոր ընդդիմության շարքերում (Պուտինի աչքում դրանք ամենքն էլ ահաբեկիչներ են, քանի որ սպառնում են Ասադի իշխանությանը) ավելի քան երկու հազար ռուսաստանցի կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից մեկնած գրոհայիններ են մարտնչում: Պուտինը վստահ է, որ այդ ահաբեկիչները մի օր կարող են ետ վերադառնալ եւ խնդիրներ ստեղծել Ռուսաստանում, հետեւաբար, գերադասում է Ասադին օգնել, որ վերջինս ահաբեկիչներին վերացնի Սիրիայի հողում` վերացնելով նաեւ նրանց վերադարձի հնարավորությունը:



Բացատրությունը լեգո խաղի է նման, քանի որ նույն գործող անձանց կամ դետալները հնարավոր է բոլորովին այլ կերպ դասավորել եւ պնդել, որ եթե Ռուսաստանը լրջորեն խառնվի սիրիական պատերազմին, այդ դեպքում սուննի ռազմական խմբավորումները, ինչպեսեւ խոստացել էին, պատերազմ կհայտարարեն Ռուսաստանին թե Սիրիայի տարածքում, թե բուն Ռուսաստանում: Չէ՞ որ Ռուսաստանի մահմեդականները հենց սուննիներ են, եւ կրոնական համերաշխության արդյունքում Սիրիայում մարտնչող եւ Ռուսաստանում մնացած սուննիները կարող են միավորվել Կրեմլի դեմ:



Արդյոք Սիրիան կդառնա՞ «երկրորդ Աֆղանստան» Կրեմլի համար, ցույց կտա մոտ ապագան:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ