Մեդիախոհանոց-10

Մեդիախոհանոց-10

Թերթային լեզուն մեզանում ամենից շատ քննարկվող թեմաներից է։ Չկա օր, որ խմբագրությունում չքննարկենք այս կամ այն բառի գրության, հոդվածների կետադրության, լեզվի, ժարգոնի եւ այլ հարցեր։ Ասենք, հենց երեկ մեր լրագրողներից մեկը զրուցել էր մեր շատ հարգելի լեզվաբանի՝ Դավիթ Գյուրջինյանի հետ, եւ նա դիտողություն էր արել, թե «Հրապարակը» նույնպես որոշ խիստ տարածված սխալներ է անում։ Դրանցից մեկը «որ»-ի եւ «ով»-ի գործածության խնդիրն է, երբ իբրեւ թե խոսքն անձնավորելու, մարդու հանդեպ հարգանքն ընդգծելու նպատակով բարդ ստորադասական նախադասության մեջ կիրառվում է ոչ թե «որ», այլ «ով» շաղկապը։ Անկեղծ ասած, ես տարիներ շարունակ պայքարել եմ այս նորամուծության դեմ, քանի որ 70-ականներին ուսանածս քերականության կանոններով «որ»-ն է հայերենն ու ճշգրիտը։ Իմ ականջը «որին» է սովոր։ Բայց նախ երբ մի բան բազմակի ու տեւականորեն կրկնվում է, կամաց-կամաց օրենքի ուժ է ստանում, կյանքի կոչվում։ Իսկ ես այն կարծիքին եմ, որ լեզուն քարացած կատեգորիա չէ՝ այն եւս զարգացման, փոփոխության ենթակա սուբյեկտ է։ Ապա. երբ հասկանում ես, որ միայնակ պայքարում ես մի ողջ ազգի լեզվակիրառման սովորույթի վերածվող սխալի դեմ, դժվար է թեւաթափ չլինել եւ նույնքան համառ լինել, ինչքան սխալն անողներն են։ Ի վերջո, այնքան շատ սխալներ կան մեր լեզվում, որոնք առավել անընդունելի են եւ անգրագիտության արդյունք, որ, այսպես կոչված, տանելի սխալների դեմ պայքարում սկսում ես զիջել դիրքերդ։ Հաշտվել իրողության հետ։ Սա հատկապես վերաբերում է կետադրական սխալներին, որտեղ բութի ու ստորակետի հավերժ հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել հեղինակին լիարժեք ազատություն եւ իրավունքներ վերապահելը։ Ուզո՞ւմ ես ստորակետ դնել՝ խնդրեմ, բո՞ւթն է քեզ առավել հոգեհարազատ՝ համեցիր։



Ա. Օ.