Սթիվ Ջոբսի այրին և նրա մտերիմ ընկերները հայտարարել են, որ «Apple» ընկերության հիմնադրի մասին նոր ֆիլմը նվազեցնում է նրա ձեռքբերումները և նրան պատկերում դաժան և անմարդկային: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Սթիվ Ջոբս» ֆիլմի աշխատանքներին մասնակցել են «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի ռեժիսոր Դենի Բոյլը և «Սոցիալական ցանց» ֆիլմի սցենարիստ Աարոն Սորկինը:
Ջոբսի այրին՝ Լորեն Փաուելը, բազմիցս ֆիլմի նկարահանումները դադարեցնելու փորձեր է արել: Ֆիլմի ստեղծողները Փաուելին առաջարկել են մասնակցել դրա ստեղծման աշխատանքներին, սակայն նա հրաժարվել է առաջարկից:
«Նա հրաժարվել է քննարկել, թե ինչն է իրեն անհանգստացնում Աարոնի սցենարում՝ չնայած իմ բազմաթիվ խնդրանքներին՝ խոսել այդ մասին»,- ասել է պրոդյուսեր Սքոթ Ռուդինը: Նրա խոսքով՝ Փաուելը անընդհատ կրկնում է, որ նրան դուր չի գալիս գիրքը, որը ֆիլմի համար հիմք է ծառայել: Ինքը՝ Սթիվ Ջոբսի այրին, չի մեկնաբանել իրավիճակը։
«Մի ամբողջ սերունդ նրա մասին այլ կարծիք է ունենալու, եթե տեսնի ֆիլմը, որտեղ նա պատկերված է բացասական կողմից»,- հայտարարել է Ջոբսի մտերիմ ընկեր և «Apple»-ի տնօրենների խորհրդի անդամ Բիլ Քեմփբելը:
«Սթիվ Ջոբս» ֆիլմը սեպտեմբերին ցուցադրվել է Տելեռայդի կինոփառատոնում, որտեղ բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել: «Sony» կինոընկերության կանխատեսումներով, ֆիլմը վարձույթում պետք է հավաքի առնվազն 100 մլն դոլար, որպեսզի ստեղծողները կորուստներ չունենան: