Սահմանադրության քվեարկությունից հետո

Սահմանադրության քվեարկությունից հետո

Օրերս համացանցում հրապարակում եղավ, որ ոստիկանությունը տուգանային հրապարակ է տարել Վահան Արթուրի Բաղդասարյանին՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդուն պատկանող սեւ Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան, որում երեք տարբեր համարանիշներ են եղել, մեկը՝ դիվանագիտական, որն այդ պահին փակցված էր մեքենայի վրա, մյուս երկուսն էլ՝ սրահում, որոնցից մեկը 100 ՈՈ 01, մյուսն էլ լատինատառ HAYAS-Y գրությամբ, որը Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության անվանումն է։



«Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել էդ փաստը, եթե նույնիսկ իր տղան լինի, ապա չի կարող մի քանի համարանիշներով շրջել, սա՝ մեկ։ Երկրորդ. պետք է դա ուղղակի որտեղից որ ինֆորմացիան եղել է, էդտեղից ճշտեք»,-ասաց տիկին Հեղինե Բիշարյանը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը։ Իսկ երբ նշեցինք, որ ոստիկանությունն է տուգանային հրապարակ տարել այդ մեքենան, եւ հենց նրանց գիտությամբ ու տեղեկատվությամբ է հրապարակում եղել կայքերից մեկում, տիկին Բիշարյանն ասաց․ «Հասկանում եմ, բայց եթե նույնիսկ իր տղան է, եւ իր տղայի մեքենան են տարել տուգանային հրապարակ, որեւէ խնդիր չկա էդտեղ, էդ ինչի՞ եք տենց խառնված, ինչ-որ հանցագործությո՞ւն է տեղի ունեցել։



Ես տեղյակ եմ, որ ինչ-որ հանձնարարություն է եղել, մեքենաները, որոնք կա՛մ համարանիշները, կա՛մ ուղղակի եթե ինչ-որ խնդիր կա պարզաբանելու, տարել պարզաբանել են։ Եվ այդ պարզաբանման առիթներից մեկն էլ այդ մեքենան է եղել»։



Իսկ երբ կարծիք հայտնեցինք, թե հարուստների, պաշտոնյաների ու հայտնի քաղաքական գործիչների զավակներն իրենց արտոնյալ են համարում եւ անպատժելի զգում, տկն. Բիշարյանը որոշեց Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը մեջբերել․ «Քանի որ դու երիտասարդ ես, եւ քո տարիքը չի բավարարում Արթուր Բաղդասարյանի՝ քաղաքական գործչի կենսագրության չափ գոնե... առաջին անգամ լսել եք Արթուր Բաղդասարյանի տղայի ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելը եւ սենսացիոն լուր եք դա համարում։ Խորհուրդ կտամ հետաքրքրվեք այն երիտասարդներով եւ այն քաղաքական գործիչների եւ հրապարակային մարդկանց երեխաներով, որոնց հետ կապված են նման լուրեր»։



Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, Արթուր Բաղդասարյանի որդին շրջում է 100 ՈՈ 01 պետհամարանիշներով, որոնք Ազգային անվտանգության խորհրդի համարանիշներ են, Բիշարյանն ասաց․ «Հետո՞ ինչ, որովհետեւ նա օգնական է աշխատել այդտեղ»։ Տիկին Բիշարյանը նաեւ բացատրում էր, որ ոստիկանությունն ու լրագրողն առանց իրավունքի ներխուժել են Բաղդասարյանի որդու մեքենայի մեջ, եւ այդ HAYAS-Y գրությամբ համարանիշը, ըստ նրա, նվեր է եղել, ոչ թե պետհամարանիշ։ Հետո զարմանք հայտնեց, թե այդքան ժամանակ նա այդ համարանիշներով վարել է մեքենան, ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեց ոստիկանությունը։ Հետո էլ նրա օրինախախտումը ներկայացրեց որպես «տղայական» արարք. «Բա տղա ա, մի հատ էլ թող խախտում անի, հո հանցագործություն չի՞ արել, Դուք էլ եք տղա, ի՞նչ կա դրա մեջ»։



Դիվանագիտական համարանիշների առկայությունն էլ Բաղդասարյանի որդու մեքենայում բացատրեց նրանով, որ ՕԵԿ ղեկավարը ՀԱՊԿ ակադեմիայի ղեկավարն է, եւ դրանով է պայմանավորված այդ համարանիշների գործածումը։ Իսկ թե ինչու է նա մե՛կ դիվանագիտական, մե՛կ ԱԱԽ համարանիշներ փակցնում նույն մեքենայի վրա, տիկին Բիշարյանը չբացատրեց։ Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավարի, Բաղդասարյանի ընտանիքում բոլորը մեքենա ունեն, եւ բոլորինն էլ նույն մեքենայից է, ու երեւի մենք շփոթել ենք համարների հարցում։



ՀԳ. ՕԵԿ-ում կատարվածը կապում են իրենց վերջին քվեարկության հետ։ Երբ իրենք դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին Սահմանադրության նախագծին, իրավապահները հանկարծ նկատեցին Արթուր Բաղդասարյանի որդու կարգազանցությունը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ