Հ1-ի իշխանական կապանքներն ու պատգամավորների «աստղային» նկրտումները

Հ1-ի իշխանական կապանքներն ու պատգամավորների «աստղային» նկրտումները

Երկու օր շարունակ Ազգային ժողովը քննարկում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. հաշվետվությունը։ Քննարկման ընթացքում երկու իրողություն էր կարմիր թելի պես անցնում։



Մեկը Հանրային հեռուստաընկերության հանրային չլինելու հանգամանքը, մյուսը պատգամավորների մինչ օրս պահպանված մանկապատանեկան մտածողության արդյունք հանդիսացող «աստղային» նկրտումները, թե ինչու իրենք էկրանին շատ չեն երեւում։



Ընդդիմության արմատական թեւի գլխավոր թեզն այն էր, որ Հանրայինը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հեռուստաընկերությունն է, ոչ թե հանրության, եւ չկա այստեղ քաղաքական բազմակարծություն, իշխանականներն ու մերձիշխանական ընդդիմադիրներն էլ զգուշորեն կամ բացահայտ շրջանցում էին այդ փաստը՝ նշելով, որ դրական տեղաշարժ, այդուհանդերձ, կա Հ1-ում։



Այն, որ հանրության փողերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացնում հանրության շահը, այլ սպասարկում է իշխանություններին, անկախ Հայաստանի ստեղծման օրվանից ձեւավորված իրողություն է․ սկզբում Տեր-Պետրոսյանի իշխանությունն էր որպես «հանրային գերակա շահ» համարվում Հ1-ում, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի, այսօր էլ՝ Սերժ Սարգսյանի։ Այս մասին փաստեցին ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ ՀԱԿ անդամները, իհարկե, շեշտը դնելով ՀՀԿ-ի շահը սպասարկելու վրա։ Միայն Փոստանջյանն էր, որ հիշեց նաեւ ՀՀՇ-ի ու Քոչարյանի ժամանակները, որ Հանրայինն այն ժանանակ էլ է եղել իշխանական քարոզչամեքենայի մամլիչի տակ ու ենթարկվել խիստ գրաքննության, այսօր էլ։



Խոսվեց նաեւ Հ1-ի լրագրողների, ԱԺ աշխատանքների լուսաբանման մասին՝ մի կողմից դրվատանքի խոսքեր ասվեցին, մյուս կողմից քննադատեցին նրանց աշխատանքը։



Պատգամավորները դժգոհեցին, որ իրենց «դարակազմիկ» ելույթները միշտ չէ, որ ցույց են տալիս, սահմանափակում կա, հավասարությունը չի պահպանվում եւ այլն։ Ինչ խոսք, դա պետական քաղաքականություն է՝ չլուսաբանել երկրում առկա խնդիրները, եթեր չտալ ընդդիմադիրներին, չցուցադրել նրանց սուր, քննադատական ելույթները։



Հետաքրքիրն այն է, որ դժգոհողների մեջ բացի «պոպուլիզմով տառապող» ոչ իշխանականներից, կան նաեւ ՀՀԿ-ականներ, ովքեր բողոքում են, թե ինչու մեզ շատ չեք ցուցադրում։ Ի դեպ, հաճախ նրանք հաշիվ են պահանջում նաեւ տպագիր մամուլի ներկայացուցիչներից՝ իրենց իսկ ճաշակով չլուսաբանելու համար։ Այս հարցում իր գործընկերների ֆոնին փորձեց ավելի հասուն ու գիտակից երեւալ ԱԺ երիտասարդ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ցույց տալով, թե ինքը, օրինակ, վատ չի զգում, որ իր ելույթները երբեմն եթեր չեն գնում։ «Յուրաքանչյուրս, երբ որ այստեղից ելույթ ենք ունենում, ու մեզ չեն լուսաբանում, յուրաքանչյուրիս թվում է, թե ամենակարեւորը հենց մեր ելույթն է։ Եթե Շարմազանովի ելույթը ցույց չեն տվել, դա չի նշանակում, թե Հանրայինը վատ է աշխատում։ Միգուցե իմ ելույթը կամ կրկնվել է, կամ նիստից առաջ իմ խմբակցությունից ավելի ծանրակշիռ փաստարկներով են հանդես եկել, եւ լրագրողը համարել է, որ հենց այդ ինֆորմացիան պետք է տա»։



Նախկին ԲՀԿ-ական, այժմ արմատական ընդդիմադիր Տիգրան Ուրիխանյանն էլ բողոքեց, թե ինքը գնում՝ լրջագույն դիվանագիտական պայքար է մղում ադրբեջանցու հետ օտար երկրում՝ սպասարկելով Հայաստանի շահը, բայց դա շրջանցվում է պետական հեռուստատեսության կողմից։ Նեղսրտեց նաեւ, որ Հայաստանում կուսակցություն են ստեղծում հազար հոգով, դա եւս չի լուսաբանվում։ Ուրիխանյանը նշեց, որ Հանրայինը պետական փողերով սնվող հեռուստաընկերություն է, բայց սպասարկում է ոչ թե հանրության, այլ իշխանությունների շահը, քանզի բնական է, որ իշխանություններին ձեռնտու չէ ներկայացնել, որ Հայաստանում 40 տոկոսից ավելի աղքատություն կա։ Ընդդիմադիր պատգամավորն իր խոսքի վերջում հիշեցրեց Վուդի Ալենի խոսքերը, որ Լոս Անջելեսում վաղուց արդեն աղբ չեն վերամշակում, դրանով զբաղվում են հեռուստաընկերությունները։



ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, թե Հ1-ը լիարժեք չի սպասարկում հանրային շահը, այդուհանդերձ, ինքը բարձր է գնահատում Հ1-ի խորհրդարանական լրագրողի աշխատանքը, ով նաեւ ԵԽԽՎ-ի աշխատանքներն է լուսաբանում Ստրասբուրգում։ Նա ընդգծեց Հ1-ի լրագրող Սիրանուշ Մուրադյանի «տիտանական աշխատանքը» Ստրասբուրգում։ Պարզ է, որ Հ1-ը բավարար չափով եթեր էր տրամադրել տիկին Զոհրաբյանին։



Նշենք, որ 2014-ի բյուջեով էականորեն ավելացել է Հ1-ին պետբյուջեից հատկացվող դոտացիան, բայց միջազգային հարթակներ գործուղելիս խնայողություն են անում՝ տիկին Զոհրաբյանը նշեց, լրագրողն առանց օպերատորի է մեկնել Ստրասբուրգ։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Վրաստանն ու Ադրբեջանը միջազգային կառույցներ միանգամից մի քանի լրագրողներ եւ օպերատոր են ուղարկում՝ իրենց երկրի շահերն օպերատիվորեն ներկայացնելու համար։



Զարուհի Փոստանջյանն էլ խոսեց հանրային բանավեճերի բացակայության մասին, որ չեն տրամադրվում հարթակներ Սահմանադրության փոփոխության եւ այլ կարեւորագույն հարցերի շուրջ ծավալելու համար։ Վերջում նա կոչ արեց ժողովրդին, որ ցուցաբերեն քաղաքացիական անհնազանդություն եւ «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին։



ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ քաղաքացին սահմանադրորեն ունի տեղեկացված լինելու իրավունք, սակայն Հանրայինն իր այդ գլխավոր ֆունկցիան չի կատարում։ «Մյուսները շատ լավ եք անում, կարող եմ ֆիքսել. ռաբիսը պակասել է՝ շատ լավ է, մշակույթն ավելացել է, որակը բարձրացել է՝ շատ լավ է։



Բայց ձեր ֆունկցիան դա չէ։ Դուք կարող եք լինել հեռուստատեսություն, շատ լավ հեռուստատեսություն եք, բայց հանրային չեք, ինչպես հանրային չէ Ռոբերտ Նազարյանը։



Վազգեն Մանուկյանն էլ է կոչվում Հանրային խորհրդի նախագահ․ ամբողջ կյանքում պրեզիդենտ էր ուզում դառնար, հենց Սերժ Սարգսյանն ուզեց, որ պրեզիդենտական պաշտոնը հանի, ինքը համաձայնեց դրա հետ, ինքը չի արտահայտում հանրության մեջ եղած կարծիքները, դուք էլ չեք արտահայտում»,-ասաց պարոն Մանուկյանը։



Հետո եկավ Հ1-ում դրական միտում նկատող ելույթների հերթը, որոնք խարսխված էին բացառապես կրթական, մշակութային հաղորդումների ավելացման վրա։ Քաղաքական բազմակարծության առումով դրականը սոսկ հիպոթետիկ բնույթ ուներ՝ կամաց-կամաց առաջընթաց է նկատվում, ընդամենը այսքանը, որն արդեն իսկ նշանակում է, որ բուն խնդիրը հենց այստեղ է, որն այդպես էլ չի լուծվել։



«Ես էլ եմ գտնում, որ կրթական, մշակութային հաղորդումները շատացել են, բայց պետք է նկատեմ, որ ժամանակն է առանձնացնել եւ առանձին ունենալ կրթական հաղորդաշարերի մի ողջ խումբ»,- իր կարծիքն ասաց մանկավարժ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը։



Կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ նշեց, որ ինքը շատ կցանկանար, որ մենք ունենանք այնպիսի Հանրային հեռուստառադիոընկերություն, որը, իրականում, լինի մեր ազգային անվտանգության ոլորտի անփոխարինելի մասը։



ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ, ով արդեն ասել էր, թե ամեն ինչ լավ է, բայց իրեն շատ չեն ցույց տալիս, մեզ հետ զրույցում դժվարացավ Հանրայինին հստակ գնահատականներ տալ։ «Միտումը ես տեսնում եմ, որ դրական է գնում, բայց դեռ լավացնելու շատ տեղեր ունենք»,-հստակ պատասխանը շրջանցեց պարոն Մելքումյանը։ Իսկ Հանրայինը ավելի շատ իշխանական, քան հանրային հեռուստաընկերությո՞ւն է, Մելքումյանն ասաց․ «Գիտե՞ք ինչ կա, տենց շատ չեմ ուզում, էլի, սեւ ու սպիտակ նայել, ինքը փուլային ա, կարող ա լարվածություն կա հասարակության մեջ, մի քիչ տենդենց ստանա, կարող ա չկա, մի քիչ ավելի լոյալություն լինի»։ Վստահեցրեց, որ էկրանին երեւալու բացարձակ խնդիր չունի, բայց եթե օրվա ընթացքում ինքը 7-8 անգամ խոսում է, եւ դա շրջանցվում է, ապա այստեղ կարող է չարամտություն, միտում լինել։



Հանրայինի՝ իշխանական կամ հանրային լինել-չլինելու հարցում դժվարացավ հստակ պատասխան տալ նաեւ TV-ներից չօգտվող եւ Հ1 չդիտող, բայց հեռուստատեսությամբ, այդ թվում՝ Հ1-ի էկրանով հաճախակի երեւացող անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։



«Ես Հ1 չեմ դիտում ընդհանրապես, ազնվությամբ եմ ասում, որովհետեւ անընդհատ համակարգչից եմ օգտվում»,-ասաց նա։ Բայց նույն խնդիրը նա էլ հիշատակեց․ «Քառօրյան լուսաբանելիս հարցուպատասխանի, հայտարարության էդ սկզբունքը ես չեմ կարողանում հասկանամ, էլի, ո՞նց են իրանք ընտրում։ Օրինակ, երբ հարց է տրվում կառավարությանը՝ մեկ, եւ երբ որ հայտարարություն է արվում՝ երկու։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ կարող ա ասում են՝ Մարուքյանը ֆրակցիաներում չկա, դրա համար»։ Իսկ հանրային շահը սպասարկո՞ւմ է Հանրայինը։ «Հանրային շահի գնահատականը, ինձ թվում ա, հանրությունը պետք ա տա», ապա հավելեց, որ դրական տեղաշարժ կա այդ հարցում. «Մի 60 տոկոս կարող է դրական լինի, 40 տոկոս անելու բան ունենք, որ հասնենք դրան։ Օրինակ՝ քաղաքական կոնտենտը շատ բաց ա, քաղաքական դեբատներ, բաներ Հ1-ում շատ քիչ ա»։



Նշենք, որ ո՛չ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ո՛չ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը մեր հարցերին չցանկացան պատասխանել։ Ջաղինյանը մեր հարցերն ուղղորդեց Մարգարիտայի մոտ, վերջինս էլ բյուրոկրատ կեցվածք ցուցաբերեց՝ առաջարկելով հարցերը գրավոր հղել իրեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ