Toyota-ն նոր, «ինտիմ» կուպե կհանի վաճառքի (լուսանկարներ)

Toyota-ն նոր, «ինտիմ» կուպե կհանի վաճառքի (լուսանկարներ)

Ճապոնական Toyota-ն պատրաստվում է Տոկիոյի ավտոսրահում հանդես գալ երեք համաշխարհային պրեմիերայով։ Նրանցից մեկը Toyota S-FR կուպեն է։ Դեռ 2012-ին ընկերության սպորտային բաժանմունքի գլխավոր ինժեներ Տեցույա Տադան հայտարարել էր, որ հարկավոր է ստեղծել Toyota GT 86-ի «փոքր եղբորը»։ Հիմա, փաստորեն, ժամանակն է իրագործել նախկինում մտածածը։ Արդյունքում ստեղծվել է GT 86-ին հատուկ ոճական գծերով, սակայն, ինչպես հեղինակներն են նկատել, ավելի «ինտիմ» դիզայնով նոր կուպե՝ S-FR-ը։ Այն իր «ավագ եղբորից» ավելի նեղ է, կարճ և փոքր անվային բազայով, սակայն կրկին չորստեղանի է։ Մեքենայի ինժեներները առայժմ մանրամասներ չեն հաղորդում նորույթի մասին. հնարավոր է՝ այն ստեղծվել է GT 86-ի կարճացված բազայի վրա, չի բացառվում նաև, որ հենահարթակը փոխառված լինի Mazda MX-5 ռոդսթերից։ Մեքենան չափազանց երիտասարդական, նույնիսկ պատանեկական արտաքին ունի, որում, ինչ խոսք, որոշակի «ինտիմ» դրսևորումներ էլ կարելի է նկատել։ Այն հիանալի տարբերակ կարող է լինել ուսանողների համար՝ քաղաքային խցանումներում հեշտ մանևրելով դասի գնալ-գալու կամ քաղաքային դրայվին տրվելու համար։ Տեխնիկապես ենթադրվում է, որ մեքենան կստանա 1.5-լիտրանոց ուժային ագրեգատ՝ 130 ձ/ու հզորությամբ։ Նորույթի սերիական տարբերակը վաճառքում կհայտնվի 2018 թվականին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ