«Սուսերամարտիկը»․ երբ Ստալինի նկարի ներքո հայերի օգնությամբ հաղթում են էստոնացիները

«Սուսերամարտիկը»․ երբ Ստալինի նկարի ներքո հայերի օգնությամբ հաղթում են էստոնացիները

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «Սուսերամարտիկը» խաղարկային ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը: Միջոցառման հատուկ հյուրերն էին՝ ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, Ֆիլմի երկու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասաններ՝ Մյարտ Ավանդին և Ուրսուլա Օյան։



«Սուսերամարտիկը» Էստոնիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի համատեղ արտադրության խաղարկային ժանրի ֆիլմ է, որը ներկայացված է 2015 թվականի «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: ֆիլմը արտադրող Allfilm ընկերության համապրոդյուսեր Իվո Ֆելտը եղել է նաև նախորդ տարվա գարնանը «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 լավագույն ֆիլմերից «Մանդարինով» ֆիլմի համապրոդյուսերը:
Ֆիլմը հանդիսատեսին վերադարձնում է խորհրդային ժամանակաշրջան՝ ստալինյան տարիներ, ստալինյան դաժան ռեժիմ, որի արդյունքում Լենինգրադից էստոնական փոքրիկ քաղաք՝ Հաափսուլա է փախչում ֆիլմի հերոսը, ով սուսերամարտիկ է։ Նա աշխատանքի է անցնում քաղաքի միջնակարգ դպրոցում և սկսում ծրագրից դուրս սուսերամարտ սովորեցնել աշակերտներին։ Դա դուր չի գալիս տնօրինությանը, փորձում են հեռացնել նրան դպրոցից, սակայն չի ստացվում։ Օրերից մի օր սուսերամարտիկ ուսուցիչը հրավեր է ստանում մեկնելու Լենինգրադ, որտեղից ժամանակին հեռացել էր՝ մասնակցելու սուսերամարտի համամիութենական առաջնության։ «Սուսերամարտիկը» ֆիլմում սեր կա, ապրումներ, հոգեբանություն, դժվարություններ և պայքար, սպասում և վերադարձ՝ դրական ավարտով։ Ֆիլմի վերջին դրվագներում նրան ձերբակալում են, սակայն Ստալինի մահից հետո ազատ արձակում։ 



Օտարալեզու այս ֆիլմում հայ հանդիսատեսի համար անկնկալ մի դրվագ կա, որտեղ վստահաբար հաճելիորն կզարմանա և ներքուստ կփառավորվի ցանկացած հայ, երբ կտեսնի «Երևան» մակագրությամբ շապիկներով սուսերամարտիկների մրցության ժամանակ և կլսի հայերեն խոսք էստոներենով նկարահանված ֆիլմում։ Հայ հանդիսատեսի համար ներքին յուրահատուկ զգացողությունները, սակայն, այսքանով չեն ավարտվի․ պատահաբար, թե հատուկ մտածված, բայց հենց Երևանից ժամանած սուսերամարտիկներն են մրցության ժամանակ համաձայնում իրենց սուսերը տրամադրել Էստոնիայի թիմին՝ օգնելով, որ նրանք չեմպիոն դառնան։ Եվ այս ամենը կտեսնի ամբողջ աշխարհը՝ դիտելով այս ֆիլմը։ Այս դրվագը ևս իր հերթին արտահայտում է հայ-էստոնական բարեկամությունն ու թերևս լրացուցիչ ամրապնդող օղակ հանդիսանում երկու երկրների ժողովուրդների սերտ հարաբերություններում։



Hraparak.am-ի հարցին, թե ինչ նմանություններ է կան հայերի և էստոնացիների միջև և ինչ գացողություններ ունեցավ նա, երբ հենց հայերը օգնեցին իրենց՝ հասնելու հաջողության, ֆիլմի գլխավոր հերոս Մյարտ Ավանդին ասաց․ «Նրանք շատ նման են․ երկուսն էլ շատ կիրթ և լավ ժողովուրդ են»։ Իսկ զգացողությունների մասով էլ ասաց, որ թեպետ որ դա ֆիլմի առանցքային դրվագներից չէր, սակայն այդ դրվագում իրեն հատկապես հետաքրքրել է այն, որ հայկական թիմի ղեկավարի դերաակատար կինը ազգությամբ հայ չէր, սակայն իրեն շատ հետաքրքիր էր, թե ինչպես էր նա հայերեն բացականչում՝ աղջիկներ, արա՛գ, արա՛գ, արա՛գ։



Ֆիլմի ցուցադրությունը իրականացվեց «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, հայ ժողովրդի բարեկամ, ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտսի նախաձեռնությամբ և Երևան քաղաքի տոնի շրջանակներում կայանալիք միջոցառումների մաս էր կազմում ի նշան հայ ժողովրդի նկատմամբ էստոնացի ժողովրդի հարգանքի և երկու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամության:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ