Մեդիախոհանոց-19

Մեդիախոհանոց-19

Քանի որ լրագրողների թեման եմ բացել, ուզում եմ մի դեպք պատմել սկսնակ լրագրողների մասին։ Մեր թերթի ընթերցողներից-բարեկամներից մեկը մի օր խնդրեց իր զարմուհուն հնարավորություն տալ թերթում հանդես գալու։ Ես այս «միջնորդությունները» լավ չեմ հասկանում, քանի որ եթե լավ գրիչ ունի մարդը, գրելու-տպագրվելու ցանկություն, ապա ոչ միայն միջնորդի կարիք չունի, այլեւ ես շնորհակալ կլինեմ լավ հոդվածի, լավ լրագրողի հայտնության համար։ Բնականաբար, համաձայնեցի եւ առաջարկեցի, որ զարմուհին իր ընտրությամբ մի բան գրի, բերի խմբագրություն։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր աղջիկը։ Եկավ՝ սիրունատես, համեստ, բարալիկ աղջիկ՝ պայծառ աչքերով, անուշ ժպիտով։ Առաջ այս «լուսամփոփի» պես աղջնակների գալուց շատ էի ոգեւորվում. ինձ թվում էր՝ հայտնվել է ժուռնալիստիկայի այն ապագա աստղը, որին ես ասպարեզ եմ բերելու, որի հայտնությանը նպաստելու եմ, եւ որի հաղթական ընթացքին հետեւելով՝ բավարարվելու են խմբագրի ամբիցիաներս։ Հիմա՝ տարիների անհաջողություններից հետո ավելի թերահավատ եմ ապագա «աստղի» փնտրտուքների հարցում։



Ինչեւէ, աղջնակը մի մեծ հոդված էր բերել։ Սարսափելի գրագետ ու սարսափելի գրքային։ 70-ականների լրագրության ոճով ու լեզվով։ Եթե դիմացս 20-ամյա աղջիկ չլիներ, միայն տեքստը կարդալով կմտածեի, որ մի 60 տարեկան հին սովետական լրագրող է գրել հոդվածը։ Հնարավոր նրբանկատորեն բացատրեցի, որ կենդանի, աշխույժ, սուր հոդված է հարկավոր գրել, ժամանակակից լեզվով։ Ասացի, որ անգամ ամենատխուր թեմայով կարելի է կարդացվող ու սուր հոդված գրել, հետաքրքիր հարցադրումներ անել։ Որ նման հոդվածը ոչ ոք չի կարդա։ Հիմա 21-րդ դարն է՝ ռիթմի, օպերատիվության, արագ ու դիպուկ խոսքի, կայծակնային գործողությունների դարը։ Մի խոսքով, որքան հնարավոր էր՝ բացատրեցի։



Աղջնակն սկսեց հոդվածներ բերել։ Զգացվում էր, որ փորձում է ավելի աշխույժ գրել, բայց համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տված դասերն անհետեւանք չեն անցել, եւ 70-ականների լեզուն ու ոճը դժվար է նահանջում։ Չէի ուզում կոտրել աղջկան, սկսեցի ընդունել հոդվածները՝ որոշ մասը շտկել-խմբագրել, որոշ մասը տեղադրել կայքում, բայց ոչ թերթում, որտեղ «տեղն» ավելի սուղ է, եւ ծանծաղ ու երկարաշունչ նյութեր տպելու հնարավորություն չկա։ Ինձ թվում էր՝ աղջնակը պետք է գոհ լինի, հասկանա, որ մեծ վերապահումով եմ հրապարակում իր հոդվածները։ Ավելի շատ ավանսով-հույսով, որ կամաց-կամաց կհասկանա թերթային պահանջները եւ կփոխի գրելու ոճը, լեզուն, թեմաները։



Անցնում են օրեր, մի օր պատահաբար միացնում եմ հեռուստացույցը եւ պատահաբար բախվում «Մարդկային գործոն» կոչվող հաղորդմանը՝ նվիրված մամուլի էթիկայի հարցերին։ Այդ հաղորդման մասին արդեն գրել եմ, բայց մի էպիզոդի չեմ անդրադարձել։



Հրավիրյալ զրուցակիցներից բացի, այս հաղորդման ժամանակ ձայն են տալիս տաղավարում նստած մի աղջկա, որը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։



Պարզվում է՝ մեր թերթին թղթակցող աղջնակն է, ով սկսում է բողոքել, թե երբ այցելել է թերթերից մեկի խմբագրություն, խմբագիրն ինչքան վատ է ընդունել իրեն, ինչպես է իր «հրաշալի» հոդվածը խոտանել, ինչպես է ասել, որ պետք է սուր, քննադատական հոդվածներ գրել, իսկ ինքը մշակութային թեմայով սիրուն հոդված էր գրել, եւ այն չէր կարող սուր ու սկանդալային լինել։ Ասածի իմաստն այն էր, որ թերթի խմբագիրը չի գնահատել իր աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք՝ իմ զարմանքը, վրդովմունքը, ափսոսանքը։ Փաստորեն՝ ամիսներ շարունակ հոդվածներ է բերել, տպագրվել «Հրապարակում» ու այդպես էլ չի հասկացել, թե ինչ եմ պահանջում իրենից։ Նաեւ, փաստորեն, համաձայն չի եղել իր հոդվածների խմբագրման հետ, համոզված է եղել, որ ինքը «շեդեւրներ» է ստեղծում, իսկ ես՝ սկանդալային, էթիկան չպահող, դաժան խմբագիրս, չեմ գնահատում իրեն, եւ լռել է այդ մասին՝ չի առարկել։ Սպասել է հարմար պահի, որ հանրապետությունով մեկ ասի եւ բացահայտի մերօրյա խմբագրի իրական կերպարը։



Ա. Օ.