Մեդիախոհանոց-22

Մեդիախոհանոց-22

Այսօր որոշել եմ մի գաղտնիք հաղորդել մեր ընթերցողին։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ երբ ինչ-որ ժամանակ մեր դեմ՝ «Հրապարակի» կամ «Հրապարակի խմբագրի» մասին «վատ» հրապարակումներ չեն լինում, դատական գործեր չեն հարուցվում, աղմուկը-դժգոհությունը պակասում է, ես սկսում եմ մտածել, որ թերթը թուլացել է, մենք մեր պարտականությունը հանրության հանդեպ վատ ենք կատարում, կորցրել ենք մեր օբյեկտիվությունն ու զգոնությունը։ Բացատրեմ՝ ինչու։ Սա, ի դեպ, մեր իրականության մեջ վերաբերում է բոլորին՝ կուսակցություններին, բարձր պաշտոն զբաղեցնողներին, ինքնուրույն տեսակետ-ձեռագիր ունեցող անհատ անձանց։



Նախ, որովհետեւ անհատականություն, դիմագիծ ունեցող մարդը-միավորն անպայման պետք է «թշնամիներ» ունենա։ Եթե դու գորշ զանգվածից տարբերվող կարծիք ունես, չես վախենում այն արտահայտել եւ, այսպես ասած, պարբերաբար հոսանքին դեմ ես գնում, քեզ չեն կարող չհակադարձել, չդատափետել, չատել։ Սա միշտ եւ ամենուր է այսպես, մեզանում՝ մի քիչ ավելի շատ։ Եվ եթե դու ծանր ես տանում հակառակորդների քննադատությունը, արդարացի կամ անարդար՝ կարեւոր չէ, ապա պետք է այլ կյանքի ճանապարհ ընտրեիր. չզբաղվեիր քաղաքականությամբ, չձգտեիր բարձր պաշտոնի, չարտահայտեիր հանրային տեսակետից տարբերվող կարծիք, չքննադատեիր ուրիշներին։ Գլուխդ կախ մի տեղ քո համեստ կյանքով ապրեիր՝ ձուլվելով հասարակությանը, առանց գլուխդ վեր ցցելու, առանց մեծ ամբիցիաների եւ ծրագրերի։



Ես միշտ զարմացել եմ այն քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վրա, որոնք ցանկացած քննադատական խոսքն ու սուր հոդվածը սվիններով են ընդունում։ Դա այն գինն է, որը պետք է վճարեք ձեր՝ շարքային քաղաքացուց տարբերվող կյանքի, ճակատագրի, կարգավիճակի դիմաց։ Դժգո՞հ եք՝ հրաժարվեք այդ կարգավիճակից։



«Հրապարակն» այս պարագայում երկակի դրության մեջ է՝ մի կողմից ինքը հենց այդ քննադատողի, «կոստյումի աստառը» ցուցադրողի դերում է, մյուս կողմից՝ ինքն էլ պաշտպանված չէ հարձակումներից։ Եվ դա միանգամայն բնական է, քանզի եթե դու մեկին քար ես նետում, պետք է պատրաստ լինես քարկոծվելու։ Իսկ մենք ամեն օր «քար ենք նետում» տարբեր ուժերի, քաղաքական գործիչների, պաշտոնյաների, օլիգարխների ուղղությամբ։ Եվ սպասել, որ նրանք բոլորը գրագետ ու գիտակից կլինեն, կոռեկտ ու ադեկվատ, միամտություն կլիներ։ Այնպես որ, մենք սովոր ենք, որ մեր ուղղությամբ էլ «քարեր նետվեն»։ Խաղաղ ենք վերաբերվում դրան եւ մեր մերձավորներին ու համակիրներին էլ հորդորում ենք՝ ծանր չտանել։ Այս ճանապարհը մենք ընտրել ենք բաց աչքով, սթափ ուղեղով եւ կամովին։ Սրան հակադրվելու միայն մեկ ճանապարհ կա. բաց եւ թափանցիկ ապրելը։ Այնպես ապրել, որ ոչինչ չունենաս թաքցնելու եւ ամաչելու։ Այնպես ապրել ու գործել, որ եթե 24 ժամ քեզ վրա տեսախցիկ տեղադրեն, դու կարողանաս բացատրել քո բոլոր գործողությունների իմաստն ու նշանակությունը։ Դրանք լինեն՝ բարոյականության ու մարդկային թույլատրելի սխալների տիրույթում։



Մեր «թշնամիներին» հավանաբար թվում է, թե «Հրապարակի» գլխավոր խմբագրի անձնական կյանքը փորփրելով, նրա կենսագրության մեջ ինչ-որ, իրենց կարծիքով, «սխալներ» հայտնաբերելով, հնարավոր է մեզ շեղել մեր ճանապարհից, թերարժեքություն ներշնչել կամ վախեցնել-զգուշացնել-զսպել։ Միամիտնե՜ր։ Կամ՝ կարծում են, որ դիմացը կին է, եւ անհնարին է, որ «աքիլեսյան գարշապար» չունենա։ Հավատացնում եմ՝ չունեմ։ Իմ կյանքում չկա մի փաստ, որի մասին ես բացահայտ ու բաց չկարողանամ խոսել-քննարկել մեր ընթերցողի հետ։ Երբեք չեմ թաքցրել ոչինչ։ Ոչ էլ ինձ անսխալական եմ համարում։ Եվ մեծ սիրով կգրեի իմ մասին՝ ինչպես եմ ամուսնացել ու ամուսնալուծվել, ինչպես եմ մայրացել ու տատիկ դարձել, ովքեր են իմ ընկերուհիներն ու ընկերները, որոնց, ի դեպ, երբեք չեմ թաքցրել՝ որ կուսակցությունների անդամներ էլ նրանք լինեն եւ ինչ հայացքներ էլ դավանեն։ Որտեղ եմ ապրում, ինչ ավտոմեքենա եմ վարում, ինչքան փող եմ վաստակում, ինչ եմ սիրում, ինչ երազանքներ ունեմ եւ այլն։ Չկա թեմա, չկա հարց, որին չկարողանամ կամ չուզենամ պատասխանել։ Պարզապես վստահ չեմ, որ իմ համեստ անձն այնքան հետաքրքիր է ընթերցողին- հանրությանը, որ արժե այդ մանրամասները ներկայացնելու համար թերթի էջերն զբաղեցնել։ Մանավանդ՝ առաջադրվելու-ընտրվելու նպատակ չունեմ, ուստի էլեկտորատ շահելու իմաստն էլ չկա։ Ինչ վերաբերում է իմ հայացքներին ու գաղափարներին, ապա դրանք պարբերաբար ներկայացնում եմ թերթում՝ խմբագրականների կամ այլ տեսքով, եւ հուսով եմ, որ մեր մշտական ընթերցողն արդեն բավականին ճանաչում է ինձ։



Ա. Օ.