Մեդիախոհանոց-25

Մեդիախոհանոց-25

Մամուլն ու ֆեյքերը



Համացանցի, հատկապես Ֆեյսբուքի գոյությունը մամուլի աշխատողներին ստիպեց ավելի շատ շփվել ընթերցողի հետ՝ լսել նրա կարծիքը, հետադարձ կապ հաստատել նրա հետ։ Այս ինտերակտիվ շփումը նաեւ օգտակար էր հասկանալու համար, թե որքանով ենք ճիշտ թեմաների ընտրության, լուսաբանման, կարծիքներ ու տեսակետներ հայտնելու հարցերում։ Ճիշտ է՝ միշտ էլ օրաթերթերի խմբագրությունների դռները բաց են եղել, հեռախոսները չեն դադարել զանգելուց, նամակների պակաս չի եղել, բայց նոր ժամանակները նոր իրողություններ առաջացրին, եւ ընթերցողի հետ արագընթաց կապի այլ մեթոդներ հայտնվեցին։ Դրանցից մեկը, այսպես կոչված, կայքում քոմենթների՝ մեկնաբանությունների հնարավորությունն է հոդվածների տակ։ Անշուշտ, երբեմն դրանք շատ հետաքրքիր են լինում եւ անգամ ինֆորմացիա պարունակող։ Այնպես որ, հաճախ նաեւ նոր հոդվածներ են ծնվում դրանց հիման վրա։ Կամ՝ մենք փորձում ենք ընկալել, թե որքանով ենք ճշգրիտ մեր գնահատականներում։ Հատկապես սկզբնական շրջանում այդ քոմենթներից եզրակացնում էինք՝ ինչն ենք ճիշտ գրել, ինչը՝ ոչ, շտկումներ էինք անում հոդվածներում։ Սակայն, ինչպես ցանկացած գեղեցիկ բան արագ այլասերվելու հատկություն ունի, այնպես էլ քոմենթների բովանդակությունը ժամանակի ընթացքում այնքան խեղվեց, որ արդեն մտածում ենք մեր կայքում նյութերի ներքո մեկնաբանություններ անելու հնարավորությունը վերացնելու մասին։ Ինչո՞ւ։



Նախեւառաջ այն պատճառով, որ տարբեր անմաքուր մարդիկ այս տարիներին նոր ավանդույթ հիմնեցին՝ Ֆեյսբուքում սկսեցին «աշխատողներ» պահել։ Կեղծ պրոֆիլների՝ «ֆեյքերի» միջոցով որոշ կառույցներ եւ անհատներ, իրենց կարծիքով, փիառ քաղաքականություն են իրականացնում եւ դրա դիմաց վճարում ինչ-որ մարդկանց։ Մի ամբողջ մշակույթ է ձեւավորվել՝ ֆեյքերի։ Հասուն, պատկառելի տղամարդիկ ու կանայք, ողջ օրը Ֆեյսբուքում նստած, քոմենթներ ու ստատուսներ են գրում՝ գովազդելով կամ փնովելով ինչ-որ մարդկանց, ինչ-որ գործընթացներ։ Եվ կեղծ տպավորություններ ձեւավորելով։ Բնականաբար՝ այս ֆեյքերը շատ ակտիվ են լրատվական կայքերում։



Մեր հոդվածների տակ քոմենթներ գրող ֆեյքերի մի ամբողջ բանակ կա։ Մենք անգիր գիտենք ՊՆ, ոստիկանության, կառավարության, նախագահականի, ԲՀԿ ու ՀՀԿ ֆեյքերին, որոնք հատկապես իրենց շեֆերին վերաբերող նյութերի՝ քննադատություն պարունակող հոդվածների տակ վերջին հայհոյանքներն են գրում լրագրողների, խմբագրի, մտացածին «պատվիրատուների» հասցեին։ Թվում է, մենք՝ լրագրողներս, բաց ու հրապարակային, չվախենալով՝ մեր ստորագրություններն ենք դնում հոդվածների տակ, որոնք վերաբերում են այս երկրի «հզորներին», իսկ ոմանք ծածուկ, թախտի տակից կամ ավելի շուտ՝ մի «հզորի» փեշի տակից, անանուն հայհոյանքներ են շաղ տալիս երիտասարդ աղջիկների ու կանանց հասցեին՝ ի ցույց դնելով իրենց դաստիարակությունը, կուլտուրան, բարոյական նկարագիրը, չարությունը, մաղձը եւ հատկապես՝ վախերը։ Արժե՞ արդյոք սրանց տալ հնարավորություն՝ շարունակելու իրենց «թախտի տակի» գործունեությունը եւ մեր հաշվին փող աշխատելու։ Չգիտեմ։ Բայց քոմենթների դաշտը փակելով՝ մենք կզրկվենք նաեւ ազնիվ ու իրական ընթերցողի հետ անմիջական կապից։ Լուրջ հարց է, որի պատասխանը դեռ չեմ գտել։ Սպասում եմ ընթերցողների արձագանքին։



Ա․ Օ․