Սեւուկի գերեզմանը

Սեւուկի գերեզմանը

Տավուշի մարզի սկզբնամասում` Դիլիջան քաղաք չհասած, կամ, ինչպես հայտնի է, քաղաքային աղբավայրի հակառակ կողմում շան գերեզման կա, որի կողքով քաղաքացիները երբեք անտարբեր չեն անցնում: Գերեզմանի տեղը քչերը գիտեն, իմացողներն էլ Դիլիջան ուղեւորվողներին հորդորում են կանգնել ու սեփական աչքերով տեսնել ամայի այս վայրում արդեն 6 տարի գտնվող՝ Սեւուկ անունը կրող շան գերեզմանը:



Անցնողները նախ զարմացած հայացքով նայում են, ապա լոսանկարում տեսածը՝ ծանոթներին ու բարեկամներին տեղեկացնելու նպատակով: Սեւուկ շան գերեզմանը պատրաստված է այնպես, ինչպես մարդկանց գերեզմաններն են կառուցում՝ տապանաքարով ու քարի վրա ծեծած նկարով: Գերեզմանի շիրմաքարի վրա նկարված է Սեւուկի պատկերը, վրան էլ գրված են ծննդյան եւ մահվան տարեթվերը. «Սեւուկ` 2000-2009»: Չնայած Սեւուկի գերեզմանի մասին շատերը գիտեն, սակայն մեզ հանդիպած մարդկանցից եւ ոչ մեկը չկարողացավ նշել, թե ում է պատկանել Սեւուկ անունը կրող այս չորքոտանին, թե ով է շան տերը, որ այնքան սիրել է Սեւուկին, որ գերեզման է կառուցել, որի վրա դաշտային թարմ ծաղիկներ են հաճախ դրվում:



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ