«Կադիլակ Սերոժն» անամոթ բիզնեսով չի զբաղվում

«Կադիլակ Սերոժն» անամոթ բիզնեսով չի զբաղվում

Ազատամարտիկների դաշինքի գրասենյակը տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա՝ «Հատուկ գնդի» գրասենյակ: Նրանք իրենց գործունեությունը նախկինում ծավալում էին «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Ըստ շրջանառվող լուրերի՝ դաշինքը տարածքը լքել է պարտքերի պատճառով։ Ազատամարտիկների դաշինքի մամուլի պատասխանատու Սմբատ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Տարածքի սեփականատերը մեր ընկերն է, մեզ մտերիմ է, զուտ ընկերական կարգով տրամադրել էր մեզ, հիմա իրենք այնտեղ միջոցառումներ ունեն, համատեղել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվեցինք, բայց ցանկացած պահի մենք կարող ենք այդ տարածքն օգտագործել։ Թե չէ, գիտե՞ք ինչ կա, դրանք հերյուրանքներ են, գումարային խնդիրներ չկան, մենք նախ այնտեղ որեւէ այդպիսի բան չենք ունեցել, պարտքերի խնդիր չի եղել։ «Հատուկ գնդի» գրասենյակն ունենք, որը համեմատաբար նորմալ կարողանում ենք օգտագործել, ինչո՞ւ երկու գրասենյակ պահենք»։ 



Սարգիս Հովհաննիսյանից փորձեցինք պարզել, թե որն է դաշինքին տարածքից հանելու պատճառը, եւ արդյոք տարածքը նոր վարձակալներ ունի՞, թե՞ ոչ։ «Դե, վարձակալության հիմունքներով էինք նրանց տրամադրել, հետո ժամանակը լրացավ, դուրս եկան, որեւէ պարտք աբսալյուտնի չունեն, իրենց դրած ներդրումները՝ սենյակում հեռախոսներ, տեսախցիկներ են դրել, թողեցին, դուրս եկան, կարող էին հետները տանել, բայց չտարան»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այժմ այդ տարածքը որեւէ մեկը չի վարձակալել։ «Հիմա ներդրումներ ենք անում, մի շարք բիզնես ծրագրեր կան, կինոյի համար շատ լավ բան ենք պատրաստում։ Դե, ասենք, կարող է կինո ցուցադրել, դահլիճն ենք վերանորոգում, տարածքն օգտագործում սեփականատիրոջ կողմից, կփորձենք այն օգտագործել որպես կինոթատրոն»։



Շենգավիթի նախկին ղեկավարը վերջերս է Վիեննայից վերադարձել։ Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ միայն բիզնեսով է զբաղվում։ «Ընդհանրապես, բիզնեսով եմ զբաղվում Եվրոպայում, Հայաստանում, տարբեր բիզնեսներով եմ զբաղվում, ինչ որ պատահի, ինչը որ եկամուտ է բերում»,-ասաց Հովհաննիսյանը։ Իսկ թե ինչ բիզնես է, որ նրան եկամուտ է բերում, ասաց. «Չեմ ասի, թե ինչ բիզնես է, բայց ոչ ամոթալի, նորմալ բիզնեսով եմ զբաղվում, անամոթ բիզնեսներով չենք զբաղվում»։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նորից ղեկավար պաշտոնում կամ քաղաքական դաշտում նրան տեսնենք, պատասխանեց. «Ընդհանրապես, մեր երկրին, մեր ազգին օգուտ տվող բան է լինում, այդ կարգավիճակով մասնակցում եմ, բայց որ ասեմ լիարժեք քաղաքականությամբ զբաղվում եմ՝ չէ։ Մի հարց է լինում, որտեղ կարողանում եմ օգտակար լինել մեր ազգին, ես ինչ-որ չափով մասնակցություն կունենամ թեկուզ Եվրոպայում, թեկուզ Հայաստանում»։



Սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեռեւս չի ծանոթացել. «Դեռ չեմ խորացել, նորմալ եմ վերաբերվում, ի՞նչ ա եղել։ Որ ուզում են փոփոխեն, ուրեմն մի բան գիտեն։ Դեռ նոր եմ եկել, դեռ կծանոթանամ»։ Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Սարգիս Հովհաննիսյանը հրաժարական էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: