Մեդիախոհանոց-26

Մեդիախոհանոց-26

Խմբագիրները



Ամիսներ առաջ թերթերի խմբագիրներով որոշեցինք հայտարարություն անել։ Մի քանի հարց էր կուտակվել, եւ հատկապես «Ժողովուրդ» թերթի հաշիվների վրա դատարանը նենգաբար կալանք էր դրել՝ խոչընդոտելով խմբագրության բնականոն գործունեությանը։ Հայտարարության տեքստը կազմվեց իմ ու «Ժողովուրդ» թերթի խմբագրի կողմից։



Աշխատեցինք հավասարակշռված, բայց հստակ տեքստ կազմել։ Թվարկեցինք Բաղրամյան պողոտայի վրա լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, «Ժողովրդի» դեպքը եւ «Հրապարակի» դեմ սկսված դատական պրոցեսները։ Եթե ինձ մնար, տեքստն ավելի խստաշունչ կլիներ, քանի որ 2015-ին ես տագնապեցնող միտումներ եմ արձանագրել՝ եւ դատական նոր հայցերի, եւ ֆինանսատնտեսական ճնշումների ու բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ Սակայն քանի որ թերթերի սպեկտրը լայն է, եւ մեր հայացքներն ու տեսակետները հաճախ չեն համընկնում, կոնսենսուսային տեքստ սարքեցինք, որտեղ «Հրապարակին» նվիրված հատվածն ընդամենը մեկ պարբերություն էր՝ թվարկել էինք մեր դատական պրոցեսները։ Այն է՝ Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճը եւ Արա Բաբլոյանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հայցը մեր դեմ։ Ոչ մի վերաբերմունք, սոսկ թվարկում։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացրին, որ երկու խմբագիր դեմ են Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճի հիշատակմանը։ Նրանք առաջարկել էին հայտարարությունը ստորագրել առանց մեր այդ դատը նշելու։ Այսինքն, առաջարկում էին գրել՝ «Հրապարակն» էլ ունի դատական վեճեր, մեկը՝ Բաբլոյանի կենտրոնի հետ։ Որքան փորձեցի հասկանալ, թե այդ դատական վեճի սոսկ հիշատակումն ինչ վտանգ է իր մեջ պարունակում սույն խմբագիրների համար, չկարողացա։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք չէին հրաժարվում, ուզում էին ստորագրել հայտարարության տակ, բայց իրենց ուզած տեքստով։ Հավանաբար հասկանում էին, որ եթե իրենց «կարկառուն» լրատվամիջոցների ստորագրությունը հայտարարության տակ չլինի, իրենց վարկանիշը կընկնի։ Դաշտը «լյուստրացիայի» կենթարկվի՝ ցուցադրելով, թե ով է իրականում ազատ մամուլը, եւ ով է պարզապես ինչ-որ լրատվական գործունեություն ծավալում դաշտում՝ մոլորեցնելով ընթերցողին։



Քիչ է պատահում, որ ես նահանջեմ իմ դիրքերից, երբ խոսքը սկզբունքային խնդիրների մասին է, սակայն այս պարագայում զիջեցի, ինչի համար, խոստովանեմ, այժմ զղջում եմ։



Զիջեցի, քանի որ ավելի կարեւոր հարց կար սեղանին դրված՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցը, եւ հայտարարությունը կարող էր օգտակար լինել այդ թերթի խնդիրների լուծմանը։



Իսկ ինձ համար Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճի մասին հիշատակումն այնպես չէ, որ օրախնդիր էր։ Սակայն զղջում եմ, որ թույլ տվեցի նշված խմբագիրներին հերթական ծառայությունը մատուցել իշխանություններին եւ, թերեւս՝ Սեյրան Օհանյանին։



Բայց այս պատմությունն ինձ հանգիստ չտվող որդի նման կրծում էր սիրտս, եւ հարմար առիթի էի սպասում պատմելու համար։ Չեմ նշում «գործընկեր» խմբագիրների անունները, խնայելով նրանց, եւ այն պատճառով, որ չեմ ուզում մամուլի դեմ ներսից պայքարողի անպատվաբեր գործն ստանձնել։ Բայց վաղուց ժամանակն է, որ մեր դաշտը եւս «լյուստրացիայի» ենթարկվի, եւ ընթերցողն իմանա՝ ով ով է։



Ա. Օ.