Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից:



1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ` 2,5% նվազում, ապա 1999թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ` 140 անգամ նվազում (ցուցանիշը 9.8-ից իջել է 0.07-ի` 100.000 բնակչի հաշվով): Այժմ մինչև 14 տարեկանների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր չեն գրանցվում։ Դրա արդյունքում քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքերի հետագա նվազեցման միջոցով ապագայում հնարավոր կլինի վերահսկել նաև լյարդի առաջնային քաղցկեղը: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է:



Առանձնահատուկ կարևոր է Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում՝ հեպատիտ Բ-ի քրոնիկացումը կանխարգելելու համար: Շատ երկրներում այն կատարվում է մինչև 12 ժամվա ընթացքում: Բոլորին քաջ հայտնի է, որ վաղ մանկական հասակում հեպատիտ Բ-ով վարակվելու դեպքում 90-95 տոկոս հավանականությամբ այն ձեռք է բերում քրոնիկական ընթացք: Այս պատվաստումների համար գրեթե հակացուցումեր չկան։ Բացառություն են նորածնի մոտ սուր ընթացքով ախտանշանների առկայությունը և 1700 գրամից ցածր քաշը:



Կա թյուր կարծիք, որ նորածինների մոտ դեղնուկային համախտանիշը զարգանում է հեպատիտ Բ-ի պատվաստումների հետևանքով: Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում առողջ նորածինների 60%-ի և անհաս նորածինների մեծամասնության մոտ զարգանում է դեղնուկ: Բարեբախտաբար, դեղնուկը շատ հաճախ չի հարուցում խնդիրներ և անցնում է առանց բուժման: Ավաղ, երբեմն այն կարող է բերել լուրջ առողջական խնդիրների զարգացման և նորածնի առողջությանը պատճառել անուղղելի վնաս:



Կյանքի առաջին օրերին կարևորագույն խնդիրներից է նորածնի մոտ տարբերակել առկա ֆիզիոլոգիական դեղնուկը ախտաբանականից: Դա դառնում է առավել կարևոր, երբ նորածինը դուրս է գրվում հիվանդանոցից կյանքի 3-4 օրերին, երբ բիլիռուբինի մակարդակը արյան մեջ հասնում է առավելագույն մեծությունների: Ոչ ախտաբանական կամ այլ կերպ ասած «ֆիզիոլոգիական» դեղնուկը հիմնականում զարգանում է կյանքի 36-րդ ժամից հետո և իր առավելագույն արտահայտմանը հասնում է կյանքի 3-4-րդ օրերին: Դեղնուկը, որն առաջանում է նորածնի կյանքի հենց առաջին օրերին, միանշանակ հանդիսանում է ախտաբանական վիճակի ախտանիշ: Որպես օրինակ կարելի է դիտարկել նորածնային հեմոլիտիկ հիվանդությունը:



Շատ մայրեր զգուշանում են կերակրել նորածնին, եթե նրանց արյան խումբը կամ ռեզուս պատկանելությունը տարբերվում է նորածնի նույն ցուցանիշներից: Դա չհիմնավորված որոշում է, քանի որ ապացուցված է, որ մոր կաթի մեջ առկա հակամարմինները չեն կարող ստամոքսի լորձաթաղանթով թափանցել դեպի նորածնային արյուն: Այս սխալ մոտեցումը գոյություն ունի ավելի քան 30 տարի, սակայն չկա նրա ճշմարտացիության որևէ ապացույց: Ընդհակառակը՝ ցանկացած նորածին, որի մոտ առկա է դեղնուկ, կարիք ունի առաջնակի կաթով կամ խեժով կերակրման, որը նպաստում է մեկոնիումի արագ հեռացմանը, որտեղ պարունակվում է մեծ քանակությամբ բիլիռուբին: Հետագայում նորածնին առավել հաճախ կրծքին մոտեցնելը և կրծքով կերակրելը ևս նպաստում է դեղնուկի հետզարգացմանը:



Շատ կարևոր հիմանխնդիր է նաև դեղնուկի զարգացման հարցի շահարկումը կապված հեպատիտ Բ-ի կախարգելման նպատակով պատվաստման հետ: Սա չունի որևէ ապացուցողական հիմք և չկա նկարագրված է և գիտականորեն ապացուցված որևէ դեպք:



Բանն այն է, որ հեպատիտ Բ պատվաստանյութը ռեկոմբինատ է, որն օրգանիզմում առաջացնում է հեպատիտ Բ վիրուսից պաշտպանող յուրահատուկ հակամարմիններ: Այն կենդանի պատվաստանյութ չէ ինչպես կարմրուկի, խոզուկի և կարմրախտի կանխարգելման դեպքում կիրառվող պատվաստանյութը և չի կարող առաջացնել հիվանդության անգամ թեթև տարբերակը:



Շատ ծնողներ և նույնիսկ առանձին բուժաշխատողներ դեղնուկի զարգացումը կապում են պատվաստման հետ։ Շփոթությունն արդյունք է այն բանի, որ պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին օրերին, իսկ հաջորդող օրը նորածինների կեսից ավելիի մոտ զարգանում է ֆիզիոլոգիական դեղնուկ: Սակայն պետք է հիշել, որ այդ օրերին դեղնուկներ առաջանում են նաև այլ պատճառներից` ներարգանդային վարակներ, օրինակ ցիտոմեգալովիրուսային կամ հիպօքսիա, և կապը պատվաստման հետ արդարացված չէ:



Ավելին, բնածին ցիտոմեգալովիրուսային վարակներով նորածիններին, ինչպես նաև քրոնիկական ախտահարումներով պայմանավորված լյարդի կոմպենսացված վիճակներում վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումն առավել կարևոր է։ Քանի որ նրանք բարձր ռիսկի խմբում են, և առանց այն էլ ցիտոմեգալովիրուսների գրոհից կամ այլ պատճառներից ախտահարված լյարդը պետք է պաշտպանել հեպատիտ Բ-ի վիրուսներից։