Էրդողանը կախվեց օդում

Էրդողանը կախվեց օդում

Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում որոշվեց Թուրքիայի խորհրդարանի պատկերն առաջիկա չորս տարվա համար: Խորհրդարան անցան նույն չորս կուսակցությունները, որոնք 10%-ի շեմը հաղթահարել եւ խորհրդարան էին անցել 2015-ի հունիսի ընտրություններում:



Ազգայնական MHP-ի տապալումը



Նոյեմբերի մեկի ընտրության արդյունքներով, մասնակից երկու տասնյակից ավելի կուսակցություններից նորից խորհրդարան անցան նախագահ Էրդողանի AK կուսակցությունը (թեեւ այժմ այն պաշտոնապես ղեկավարվում է վարչապետ Դավութօղլուի կողմից), քեմալականների CHP-ն, որը հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է երկրում, պրոքրդական HDP-ն, որը հունիսին ստացել էր մոտ 13% ձայն, այժմ ստացավ մոտ 11%, եւ Դեվլեթ Բահչելիի ղեկավարած ազգայնական կուսակցությունը` MHP-ն, որի կորցրած խորհրդարանական տեղերն էլ, ըստ էության, ապահովեցին Էրդողանի AK-ի հաղթանակը: Հունիսյան ընտրությունների արդյունքում MHP-ն խորհրդարանում ստացել էր 80 մանդատ, այժմ ուղղակի տապալվեց` ստանալով դրա կեսը` 40 մանդատ:



Թուրքիայի ընտրական համակարգում չկա ուղիղ կապ ստացած ձայների տոկոսի եւ խորհրդարանական մանդատների թվի միջեւ: Դիցուք, նույն ազգայնական MHP-ն նոյեմբերի 1-ին ստացել է ձայների մոտ 12%-ը (11,94%), ինչի արդյունքում խորհրդարանում կունենա 40 պատգամավոր: Պրոքրդական HDP-ն տոկոսային արտահայտությամբ MHP-ից քիչ ձայն է ստացել` 10,77%, սակայն խորհրդարանում կունենա 1,5 անգամ ավելի` 59 պատգամավոր, դառնալով մեծությամբ երրորդ խմբակցությունը մեջլիսում: Նույնկերպ էլ, թեեւ Էրդողանի AK կուսակցությունն ստացել է ձայների 49%-ը, խորհրդարանում կունենա 317 պատգամավոր, այսինքն՝ ընդհանուր 550 մանդատների մոտ 57%-ը: Քեմալ Աթաթուրքի CHP-ն, որ տասնամյակներ շարունակ միանձնյա ղեկավարել է Թուրքիան, հունիսյան 24,95 % ձայն եւ 132 մանդատի դիմաց այժմ համապատասխանաբար ստացավ 25,40% եւ 134 մանդատ:



Այդպիսով, նոյեմբերի 1-ի ընտրության երկու հիմնական արդյունքները` պրոքրդական HDP-ի կողմից 10%-ի շեմը հաղթահարելն էր եւ AK-ին բաժին հասած 317 պատգամավորական աթոռները, ինչն անհրաժեշտ 276-ից շատ ավելին է եւ AK-ին թույլ կտա կազմավորել նոր միակուսակցական կառավարություն` Թուրքիան ղեկավարելով եւս չորս տարի: Սակայն դա ամենեւին էլ այն չէ, ինչ հարկավոր էր Էրդողանին:



Ամենքը հիշում են, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով Աբդուլլահ Գյուլի հետ հիմնադրել էր AK (Արդարություն եւ զարգացում) կուսակցությունը, մեկ տասնամյակից ավելի զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, որը Թուրքիայի գործող սահմանադրությամբ ամենահզոր քաղաքական պաշտոնն է: 2011-ի ընտրությունների նախաշեմին էլ Էրդողանը հայտարարում էր, որ եւս մի ժամկետ կպաշտոնավարի իբրեւ վարչապետ, որից հետո կթողնի քաղաքականությունը: Սակայն 2011-ի ընտրություններում տարած հաղթանակից հետո Էրդողանի ծրագրերը փոխվեցին, նա թողեց AK կուսակցության նախագահի պաշտոնը, թողեց նաեւ Թուրքիայի վարչապետի պաշտոնը, 2014-ի օգոստոսին կազմակերպեց նախագահի ուղիղ ընտրություններ, ընտրվեց երկրի նախագահ: Եվ այդ ամենն այն հաշվարկով եւ հույսով, որ 2015-ի հունիսի ընտրություններում իր կուսակցությունը կհաղթի, դա թույլ կտա փոխել Թուրքիայի սահմանադրությունը, գործող խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահականի (այլ հոմանիշներով` գերնախագահական կամ սուպերնախագահական) եւ գերկենտրոնացրած իշխանությամբ էլ կառաջնորդի երկիրը:
Ինչպես ասում են` երազելը վնաս չէ, բայց դրա իրականացումը դարձավ խնդիր:



«Քաղաքական կենդանու» ձախողումը



Արի ու տես, որ 2015-ի հունիսի ընտրություններում Էրդողանի AK-ն հաղթանակ տոնելու փոխարեն այնքան մանդատ կորցրեց, որ ընդհանրապես նոր կառավարության կազմելը հայտնվեց հարվածի տակ: Դրանից հետո սուպերնախագահի մասին երազանքները մնացին անցյալում, եւ Էրդողանի ու AK-ի համար օրախնդիր դարձավ գոնե խորհրդարանական պարզ մեծամասնություն ձեռք բերելը, ինչը թույլ կտար AK-ին միայնակ նոր կառավարություն կազմավորել, քանի որ պարզից էլ պարզ է, որ խորհրդարան անցնող չորս կուսակցությունների` AK-ի, CHP-ի, HDP-ի եւ MHP-ի միջեւ որեւէ կոնֆիգուրացիայով կոալիցիոն կառավարության կազմավորումն անհույս գործ է:



Էրդողանը կանգ չառավ ոչնչի, անգամ քրդերի հետ հարաբերությունները սրելու եւ երկիրը բախումների ու ահաբեկչությունների հորձանուտ ներքաշելու առջեւ, միայն թե հասարակությունը, հետագա անկայունությունից երկյուղած, բնազդաբար հավաքվեր գործող իշխանության շուրջ: Դրան էլ, լրացուցիչ էֆեկտի համար, գումարեց մամուլի հանդեպ ճնշումները, ամբողջ մեդիա-հոլդինգների ֆիզիկական գրավումը եւ այլն… Այնպես որ, Էրդողանը միանգամայն արդարացրեց թուրք վետերան լրագրողներից մեկի տված բնութագիրը. «Էրդողանին սիրեք, թե ատեք, պետք է ընդունեք, որ դա «քաղաքական կենդանի է». ուղղակի կենդանական բնազդով կապված է իշխանությանը եւ այդ բնազդով էլ իշխանությունը կպահի»: Նոյեմբերի ընտրություններում Էրդողանը տրված որակումն արդարացրեց, բայց գոնե իր համար` համարյա անօգուտ: Էրդողանին այդպես էլ չհաջողվեց AK-ի համար ապահովել այնքան ձայն, որն իրեն թույլ տար սահմանադրությունը փոխել եւ նախագահի պաշտոնավայրից երկիրը ղեկավարել:



Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ին, եւ հետագա տարիներին այդ փաստաթղթի 177 հոդվածներից 133-ը փոփոխության են ենթարկվել:



Սահմանադրության փոփոխության կարգը սահմանված է 175-րդ հոդվածով, եւ, դրա համաձայն, սահմանադրության փոփոխության նախագիծը կարող է դրվել հանրաքվեի, եթե դրան կողմ է քվեարկել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը, նվազագույնը`երեք հինգերորդը: Թուրքիայի պատգամավորների թիվը 550-ն է, հետեւաբար, 330-ը նվազագույն անհրաժեշտ ձայների քանակն է որեւէ սահմանադրական փոփոխություն հանրաքվեի փուլ հասցնելու համար: Հենց այդ 330 ձայնն այդպես էլ անհասանելի մնաց Էրդողանին` վերջինիս քաղաքական առումով ուղղակի կախելով օդում:



Հաշվի առնելով, որ խորհրդարանում AK-ից բացի մյուս երեք կուսակցությունների համար ընդհանուր ու միավորիչ կետը խորհրդարանական համակարգի ցանկացած տրանսֆորմացիան արգելափակելն է, Էրդողանին չբավարարող 13 ձայնը հազիվ թե տրվի` 330-ի նվազագույն շեմին հասնելու համար: Իսկ նկատի առնելով, թե ինչ Գողգոթայի ճանապարհով AK-ին հաջողվեց թեկուզ ներկա 317 ձայնին հասնել, պարզ է, որ նոր ընտրության գնալ եւ կրկին բախտը փորձել, ոչ մեկի մտքով չի անցնի:



Այժմ, օրերի հեռվից, թվում է, պատահական չէ, որ Էրդողանը նույնիսկ ահաբեկչությունների ու թաղումների մեջ հայտարարում էր. «…եթե մեկ կուսակցություն 400 ձայն ստանար, ներկա խառնաշփոթն ու բախումները չէին լինի»: Էրդողանը հասկանում էր, որ այժմ կամ երբեք, եթե այժմ ձայները չբավականացնեն սահմանադրությունը վերաձեւելու համար, այլեւս երբեք չեն բավականացնի։ Սակայն Թուրքիայի ընտրողների 84%-ը գնաց ընտրատեղամասեր ու այդպես էլ բաղձալի 400, նույնիսկ 330 մանդատը չտվեց Էրդողանին` վերջինիս սուպերնախագահական հավակնությունները գրելով սառույցին: Այժմ Էրդողանն ի՞նչ անի… ոչ այն է վերադառնա վարչապետի պաշտոնին, որը լիազորված է երկիրը ղեկավարելու, ոչ էլ այն է՝ մնա երկրի նախագահ, որը միայն պետության գլխի ներկայացուցչական գործառույթներ ունի:
Երեկվա դրությոմբ Էրդողանը դեռ ընդդիմախոսներին էր ձերբակալում։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ