Եթե նույնիսկ չանցնի, դա չի նշանակում, որ ինչ-որ բան խորապես տիղմի մեջ կհայտնվի

Եթե նույնիսկ չանցնի, դա չի նշանակում, որ ինչ-որ բան խորապես տիղմի մեջ կհայտնվի

Նոր Սահմանադրության վերաբերյալ ժողովրդի մոտ անորոշության հարցում Գալուստ Սահակյանն իր յուրօրինակ պատասխանն ունի՝ չխոսել ժողովրդի անունից։ Թերեւս նկատի ունի այն ժողովրդի, որը մի կողմից թքած ունի սահմանադրական փոփոխությունների վրա, մյուս կողմից էլ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը, եւ միայն իր օրվա հացի մասին է մտածում, ինչի վրա էլ իրենց հերթին թքած ունեն իշխանությունները։



«Այ, հենց փոփոխված Սահմանադրությունը դրա սողանցքն էլ է փակում, ասում է՝ եթե դու ժողովրդի անունից ես խոսում համայնքում կամ ընդհանրապես, դու կարող ես նաեւ հանրաքվե կազմակերպել, էդ խնդիրն անել։ Թե չէ դու, սիրելով Սահմանադրությունը, ասես՝ ամբողջ ժողովուրդը կողմ է Սահմանադրությանը, իսկ չսիրելով այն, ասում ես՝ ոչ, ապա դրանք արգումենտներ չեն»,- ասաց նա։ Իսկ ինչպե՞ս են քարոզելու «այո»-ն, եթե ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ, թե դեկտեմբերի 6-ին ինչ է տեղի ունենալու։ Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք նոր չէ, որ քարոզում են «այո»-ն․ «Ընդամենը ասում ենք՝ ժողովուրդ, նոր Սահմանադրությամբ դուք մասնակից եք դառնալու կառավարման պրոցեսին»։



Ժողովուրդը, սակայն, հարցնում է՝ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը կլավանա՞ այս Սահմանադրությամբ։ Ըստ Սահակյանի՝ Սահմանադրությունը սոսկ հնարավորություն է․ «Ոչ թե Սահմանադրությունն ընդունում եք, եւ վաղը սոցիալական խնդիրներ պիտի լուծվեն, այլ Սահմանադրությունը հնարավորություն է, որը հնարավորություն կտա կոլեգիալ որոշումներով առաջանցիկ պրոցեսներ սկսեն»։



- Այ, դա ինչպե՞ս եք բացատրելու ժողովրդին, որ մարդիկ հավատան՝ իսկապես լավ է լինելու, քանզի շատերն ուղղակի պատկերացում չունեն այդ փաստաթղթի մասին։



- Էնպես, ինչպես քեզ եմ բացատրում․․․ նրանք, ովքեր որ հակառակն են քարոզում, էդ հանգամանքը նկատի չեն ունենում, որ Սահմանադրությունը ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ հնարավորություն է տալիս, որ ավելի բարեփոխված ձեւով հենց լուծվեն նաեւ սոցիալական խնդիրները։



- Պարզապես ժողովրդի սոցիալական վիճակն այնքան է վատացել, որ մարդիկ միայն դրա մասին են մտածում։



- Այսինքն՝ ժողովուրդը մտածում է, որ ոչ մի բան չարվի պետության ներսում՝ իր սոցիալական խնդիրները կլուծվեն։ Էդ ամեն ինչն արվում է ե՛ւ սոցիալական խնդիրների, ե՛ւ տնտեսական զարգացումների համար։



- Լավ, դուք վստահություն ունե՞ք, որ «այո»-ն կհաղթի, եւ Սահմանադրությունը կընդունվի։



- Եթե վստահություն չունենայինք, չէինք նախաձեռնի, բայց այդքան հեշտ չի տրամաբանորեն ասել՝ կանցնի՞, թե՞ չի անցնի։



- Ժողովրդի գիտակցությա՞ն վրա է հույսը։



- Ժողովրդի ձայնի վրա է հույսը, եւ եթե նույնիսկ Սահմանադրությունը չանցնի, դա չի նշանակում, որ ինչ-որ բան խորապես տիղմի մեջ կհայտնվի։ Չի՞ անցնի, ուրեմն այս Սահմանադրության գաղափարախոսության մտածումներով օրենսդրական նորից փոփոխություններ կլինեն։



- Քանի՞ տոկոս «այո»-ով պետք է անցնի Սահմանադրությունը, որ իշխանությունները բավարարված զգան, որ ժողովուրդն իսկապես վստահում է։



- Ընտրողների 1/4-ով։



- Նկատի ունեմ՝ 51 տոկո՞ս՝ թե՞ 80-90 տոկոս «այո», տարբերություն չկա՞ ձեզ համար, որ դուք ձեզ լավ զգաք։



- Մենք չպիտի մեզ լավ զգանք, պիտի ժողովուրդն իրեն լավ զգա․․․ Կարծում եմ՝ 600-700 հազար «այո» պիտի լինի։



- Այսինքն՝ անիմաստ թիվ չէր այդ 700 հազարը, ինչի մասին հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը շտաբի նիստի ժամանակ։



- Չգիտեմ, ես չեմ մասնակցել․․․ դա գալիս է օրենքից, որովհետեւ 25 տոկոս «այո» ձայներ պիտի լինեն։



- Այդուհանդերձ, նվազագույն «այո» ձայներով անցնի, թե առավելագույն, ՀՀԿ-ի համար տարբերություն չկա՞։



- Ես կարծում եմ՝ ո՛չ ՀՀԿ-ի համար տարբերություն կլինի, ո՛չ էլ ժողովրդի համար։ Խնդիրը հետեւյալն է, որ նույնիսկ մեկ ձայնով է անցնում, իսկ աշխարհի պրակտիկան այդպիսին է, նորմալ ընտրություններ են համարվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ