Իմ աշխատավարձը մոտ 7-8 անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից․ ԿԲ նախագահ

Իմ աշխատավարձը մոտ 7-8 անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից․ ԿԲ նախագահ

2007թ. Համաշխարհային բանկի և AMF-ի կողմից իրականացվող ֆինանսական կայունության գնահատման ծրագրով մեր երկրի ֆինանսական կայունությունը, մեր աշխատանքը գնահատվել է 95 տոկոս համապատասխան միջազգային չափանիշներին: Ես ասեմ, որ մենք այս հարցում առաջընթաց ունենք: Դրան նախորդող գնահատման ժամանակ մենք միջազգային չափանիշներին համապատասխանում էինք 65 տոկոսով։



Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Անդրադառնալով առևտրային բանկերի գործունեությանը՝ Ջավադյանն ընդգծեց, որ Հայաստանում բավականին խորացել է ֆինանսական միջնորդությունը․«Մենք ունենք 1 միլիոնից ավել ավանդատու, առևտրային բանկերում ունենք 1 միլիոն 700 հազար հաշիվ: Հայաստանում ավանդները վերջին 7 տարվա ընթացքում աճել են 327 տոկոսով: Ֆիզիկական անձանց ավանդները կազմում են 1 տրիլիոն 100 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ավանդները՝ 1 տրիլիոն 700 միլիարդ դրամ: Սա բավականին լուրջ թիվ է: Եթե համեմատենք 2007թ. վերջին և 2008թ. սկզբին ընդհանուր ավանդները կազմել են 398 միլիարդ դրամ: Այդ ավանդների մեծ մասը փոքր ավանդներ են: Մենք հիմա երաշխավորում ենք մինչև 10 միլիոն դրամ ավանդները, իսկ ներկայումս մեր առևտրային բանկերում առկա ավանդների 97 տոկոսը ընկնում են դրա տակ: Տոկոսադրույքները, իհարկե, դեռ այն մակարդայի վրա չեն, որ մենք կցանկանայինք ունենալ»։



ԿԲ նախագահն անդրադարձավ նաև իր աշխատավարձին՝ հիշեցնելով, որ ժամանակին ԱԺ-ն օրենք էր ընդունել, ըստ որի՝ ԿԲ աշխատավարձերը չպետք է առևտրային բանկերի աշխատավարձերի մակարդակից պակաս լինեն: «Բայց ես ասեմ, որ իմ աշխատավարձը մոտ 7-8 անգամ ավելի պակաս է, քան բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձը: Նույնը վերաբերում է նաև իմ տեղակալի աշխատավարձին: Մենք հիմա բանկային համակարգի միջին աշխատավարձից գրեթե 30 տոկոս պակաս աշխատավարձ ենք ստանում: Ասեմ ավելին, վերջին 7 տարվա ընթացքում Կենտրոնական բանկում աշխատավարձ չի բարձրացել: Չենք բարձրացրել նաև գործուղման և ներկայացուցչական ծախսերը»,- ասաց Արթուր Ջավադյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ