Քառակուսի արդարացումներ Աշոտյանի «Եռանկյունու» առնչությամբ

Քառակուսի արդարացումներ Աշոտյանի «Եռանկյունու» առնչությամբ

Կրթության եւ գիտության նախարար, հետն էլ ՀՀԿ փոխնախագահ ու պարապ ժամերին երգեր գրող Արմեն Աշոտյանին կարծես չի բավարարում ֆեյսբուքյան աստղ լինելը։ Նա հեռուստատեսային փառքի է ձգտում, որ ոչ թե լրագրողների հույսին մնա՝ հեռուստացույցով երեւալու հարցում, այլ սեփական հաղորդումն ունենա, որպես հեռուստաաստղ ինքնուրույն կայանա։ Ֆեյսբուքից բացի, նաեւ Բաղրամյանի ցույցերում եւ ՀՀԿ-ի հայտնի նիստում իր «աստղային» հայտնիության չափաբաժինը կտրուկ ավելացրած Աշոտյանը հիմա էլ որոշել է Հ1-ով հանդես գալ։ Ոչինչ, որ երկրում ոչ նորմալ կրթություն կա, ոչ էլ, առավել եւս, գիտություն, որով կարող էր զբաղվել նա՝ որպես ԿԳ նախարար։



Կարեւորը՝ հետ չմնանք արեւմտյան քաղաքական գործիչներից ու կրկնօրինակենք նրանց։ Թերեւս հենց դա է պատճառը, որ Աշոտյանը բանուգործը թողել, մտել է եթեր ու քաղաքական շոու է վարում, անունն էլ՝ «Եռանկյունի»։ Կանչում է քաղաքական տարբեր ուժերի կամ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին ու «անաչառ» բանավեճ «հրահրում»։ Բանը հասել է այնտեղ, որ ՀԱԿ-ը հատուկ հայտարարություն արեց այս հաղորդման մասին։ Իսկ Արամ Մանուկյանն էլ երեկ ամբիոնից հայտարարեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է։ Առաջին հաղորդումը եթեր գնաց մի քանի օր առաջ՝ սահմանադրական փոփոխությունների թեմայով։ Այնպիսի տպավորություն էր, որ հաղորդումն «այո»-ի քարոզարշավի շրջանակներում է։ Ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին լավ նեղեցին, ձայնն ամենակարեւոր հատվածներում լռեցրին, չարախնդացին, թե ընդդիմություն չկա, փոշիացել է, իսկ լսարանը հստակ պրոիշխանական էր եւ ծափահարում էր հիմնականում Աշոտյանի խոսքի ժամանակ։



Աշոտյանի ՀՀԿ-ական գործընկերներն այս ամենը «չեն նկատել»։ Թեպետ նրանցից ոմանք, էթիկայից ելնելով հրաժարվեցին նույնիսկ կարծիք հայտնել, բայց առանց ձայնագրիչի խոստովանում էին՝ «որպես ի՞նչ է գնացել մտել եթեր, զվյոզդը լրիվ տարել է», կամ՝ «դե, նա շատ է սիրում եթերով երեւալ, փոխանակ իր գործով զբաղվի», կամ էլ անկեղծանում էին, որ իսկապես քարոզարշավի էր նման, որն անընդունելի է։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ շատ նորմալ է, եթե մարդն ունի այդ ինտելեկտուալ կարողությունը, ապա ինչո՞ւ ոչ։ Իսկ այն, որ Աշոտյանն իշխող կուսակցության փոխնախագահն է եւ քաղաքական հաղորդում է վարում Հանրայինով, այն էլ քարոզարշավի ընթացքում, դա նորմա՞լ է։ «Այսինքն՝ մենք պետք է բոլորին կուսակցությունից հանենք կամ գործից հանենք, որ հաղորդո՞ւմ վարեն»,-ասաց նա։ Իսկ պարտադի՞ր է, որ կրթության եւ գիտության նախարարը հաղորդում վարի, այդքան պարա՞պ է։ «Չէ, պարապ չի մնացել, եթե նա ունի հնարավորություններ նաեւ իր ժամանակը համատեղելու, ես դա նորմալ եմ գնահատում»։



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ է նորմալ գնահատում, որ ԿԳ նախարարը հաղորդում է վարում․ «Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչ գործունեությամբ է զբաղվում։ Հիմա եթե հակաօրինական որեւէ բան կա, կամ, չգիտեմ, այլ խախտումներ չկան, ուրեմն նորմալ է, լավ է»։ Իսկ այն, որ հիմա քարոզարշավի շրջան է, իսկ նա, լինելով ՀՀԿ փոխնախագահ, քաղաքականացված շոու է վարում, պրոիշխանական հարցեր է տալիս, Սահակյանն ասաց․ «Հիմա եթե քաղաքականացված շոու չվարեր եւ գնար հարցազրույցի, չէ՞ր լինելու պրոիշխանական։ Այնպես որ, մի քիչ վիճելի է էդ բոլորն էթիկայի շրջանակներում. եթե էդ մարդը հարմար է գտել, մասնակցում է, նորմալ է»։



Հանրայինի նախկին տնօրեն, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար էլ է նորմալ այդ երեւույթը, կարեւորը՝ հեռուստադիտողին դուր գա։ «Եթե դիտվում է, նայվում է, հետաքրքիր է, ուրեմն լավ է»,-ասաց նա՝ բացատրելով, որ Հանրայինում կան բազմակարծության ապահովման եւ նմանատիպ այլ սկզբունքներ, եւ եթե այդ սկզբունքներն ապահովվում են, նորմալ է։ Ամբողջ հարցն էլ այն է, որ կասկածի տակ են դրվում հենց այդ սկզբունքների պահպանումն ու անաչառությունը։ «Ունե՞ք նման մտահոգություն, կամ ինչ-որ մարդիկ ունե՞ն այդ մտահոգությունը, բնականաբար, լեգիտիմ է, բայց էդ մտահոգությունը կա՛մ պետք է իրականության մեջ հաստատվի, կա՛մ պետք է հերքվի։ Ե՛վ հաստատվելու, ե՛ւ հերքվելու համար պետք է հաղորդումը կյանք ունենա, որից հետո կարելի է գնահատել»,-կարծում է երիտասարդ հանրապետականը։ Ինչ վերաբերում է օրենքի խախտում լինելուն, ապա Սամվել Ֆարմանյանն ասաց, որ Մանուկյանը սխալ է, մեր օրենսդրությունը դա չի արգելում։



Ամենաանկեղծը դուրս եկավ ՀՀԿ-ի տարեց թեւից Վազգեն Կարախանյանը, որին նախ դուր չեկավ «շոու» բառը, երբ ասացինք, որ Աշոտյանը քաղաքական շոու է վարում, երեւի շփոթեց շոուբիզնեսի հետ կամ այն շոուների, որին ականատես ենք լինում խորհրդարանում, ապա դժվարացավ ասել՝ ճի՞շտ է, որ իրենց կուսակցության փոխնախագահը նման հաղորդում է վարում։ «Դա, երեւի, ընդունված կարգ է Արեւմուտքում»,-ասաց նա։ «Քանի որ հիմա նաեւ ժողովրդավարության ճանապարհով էսպես շատ բուռն կերպով ենք գնում, կարծում եմ, որ կարելի է, ի՞նչ կա որ, նախարարն էլ մարդ է... գիտե՞ք ինչ, երկրի ղեկավարությունը՝ դա կլինի նախարար, վարչապետ, նախագահ, շատ երկրներում վարչապետին ավտոտեսուչը տուգանում է»,-փորձեց պատկերավոր բացատրել հնաբնակ ՀՀԿ-ականը։ Արմեն Մարտիրոսյանին նեղելու հարցում էլ մեղքը բարդեց հենց իր՝ Մարտիրոսյանի վրա, թե «ես չեմ կարծում, որ էդտեղ Աշոտյանի մեղքն ավելի շատ էր, քան Մարտիրոսյանինը, թող իրենք էլ պատրաստված գան»։ Մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք Աշոտյանի վարած հաղորդաշարը համարել ՀՀԿ-ի կողմից «այո»-ի քարոզարշավի մի մաս, Վազգեն Կարախանյանը տվեց այս հարցի մեխը հանդիսացող պատասխան․ «Գիտե՞ք ինչ, Աշոտյանն ուզի, թե չուզի, իր վերաբերմունքը պիտի ցուցաբերի, որովհետեւ ինքն «այո»-ի կողմնակից է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ