Ո՛Չ, սիրաշահող նախագիծ չէ

Ո՛Չ, սիրաշահող նախագիծ չէ

Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստով քննարկվում էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան է բերվել ֆինանսների նախարարության կողմից։ Սրանով կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Նախագիծը բավականին դուր եկավ պատգամավորներին, նրանցից շատերն ընկան նույնիսկ զեղումների գիրկը՝ հիշելով, թե ինչ հյուրասեր ազգ ենք մենք, որ հյուր գնալիս մեզ անպայման թթի օղի եւ հայկական ուտեստներ են հյուրասիրում եւ այլն։ Իրականում սա շատ փոքր, բայց դրական քայլ է կառավարության կողմից՝ հօգուտ ժողովրդի։ Թեպետ այսպիսի նախագծերը չեն ծածկում կառավարության բերած մյուս «հարկային» նախագծերը, որոնցով բարձրացվում են հարկերը։ Օրինակ՝ վերջերս ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքը, որով ծխախոտի, օղու, բենզինի, դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափն ավելացավ, ինչն էլ ենթադրում է նշված ապրանքների գնի բարձրացում։ Իսկ, ահա, զբոսաշրջային այս բնագավառում նմանատիպ հյուրատների գործունեությունն ընտանեկան բիզնեսի տակ մտցնելով դրանց հարկերից ազատելը «դարակազմիկ» լավություն կարելի է համարել կառավարության կողմից։ Մենք ՀՀ իշխանություններից ու կառավարությունից այնքան ենք ժողովրդի «կաշին քերթող» օրենքների ականատես եղել, որ նման նախագիծն ուղղակի նվեր է։ Պարզապես այս ամենից կարծես պոպուլիզմի հոտ է գալիս, մինչդեռ ընդդիմադիրներն էլ երկու ձեռքով կողմ էին ու ողջունեցին երեկ այն, թե՝ «եթե լավ բան եք անում, ո՞նց չնկատենք»։



«Այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տները փոքր հյուրանոցային ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հնարավորություն ունենան զբաղվել ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Այսինքն՝ մենք առաջարկում ենք նման գործունեությունը համարել ընտանեկան ձեռնարկատիրություն, քանի որ այս տիպի գործունեությունն ընտանեկան ձեռնարկատիրությանը բնորոշ է: Այսինքն՝ առաջարկվում է նրանց եւս ազատել պետական հարկերից»,- ասաց ֆիննախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ այդպիսի 21 տնտեսվարող սուբյեկտ է գործում այս պահին, որոնք գործում են արտոնագրային վճարի դաշտում: Այսինքն՝ ընդամենը 21 ընտանիք կկարողանա օգտվել կառավարության այս «լավությունից»։



Քննարկումից հետո մեր հարցին, թե այս նախագիծը որքանով կխթանի բիզնես գործունեությանն այդ ոլորտում, Վ․ Միրումյանն ասաց․ «Դե, ինքն ընտանեկան ձեռնարկատիրություն հասկացության կարգավիճակի տակ է եւ, բնականաբար, ինքը, միանշանակ, խթանիչ ուղղվածություն ունի։ Հիմնականում սա բնորոշ է հանրապետության տարբեր մարզերում իրականացվող գործունեությանը»։



Արդյոք սա «սիրաշահող» նախագի՞ծ չէ՝ ժողովրդին ուղղված, որ մի կողմից հարկեր բարձրացնող օրենքներ են ընդունում, որոնք քննադատվում են, մյուս կողմից՝ նման նախագծեր։ Միրումյանը չհամաձայնեց՝ սա սիրաշահող նախագիծ չէ։ «Պարզապես կա փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման խորհուրդ, խորհրդի փորձագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում պրակտիկ հետազոտությունների միջոցով, եւ հիմնական ակտուալ հարցը, որ բարձրացնում են, այն է, որը մենք կարգավորում ենք, եւ որն էլ տարածաշրջանային զարգացման նպատակ ունի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ