Ռեալիթի քարոզարշավ կամ The show must go on

Ռեալիթի քարոզարշավ կամ The show must go on

Ազգային ժողովի ՀՀԿ-ական եւ ոչ ՀՀԿ-ական պատգամավորները վաղվանից լծվելու են ակտիվ քարոզարշավի գործին, որի ընթացքում ուղիղ եթերով կհեռարձակվի նաեւ նրանց մասնակցությամբ ռեալիթի շոու։ Պատգամավորները խմբերի են բաժանվելու եւ խումբ-խումբ մեկնելու են երկրի տարբեր մարզեր՝ «այո» եւ «ոչ» քարոզելու։ Խմբերում, որոնք բաղկացած են լինելու ե՛ւ «ոչ»-ի կողմնակիցներից, ե՛ւ «այո»-ի, կլինեն ինչպես պատգամավորներ, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական գործիչներ։



Ուշագրավ է, որ պատգամավորները մեկնելու են մարզեր ԱԺ նիստերի ընթացքում, քանզի եկող շաբաթ հերթական քառօրյան է մեկնարկելու, իսկ նրանք մինչեւ դեկտեմբերի 6-ը մարզերում են լինելու։ Նրանց համար, ինչպես տեղեկացանք, գործուղում է ձեւակերպվելու, իսկ թե ինչ հիմքով, դեռեւս պարզ չէ։ 



Մի խոսքով՝ The show must go on (շոուն շարունակվում է), ինչը ոմանց մոտ անլուրջ տպավորություն է թողնում, թե ինչպես կարելի է պատգամավորներին այսքան «էժանացնել»՝ ուղարկելով նման «շոուների»։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր թեւից այս խմբերում, մասնավորապես՝ վաղը Սյունիքի մարզ մեկնող խմբում ընդգրկված է Հրանտ Բագրատյանը, սակայն ՀԱԿ խմբակցությունը, ինչպես հայտնի է, չի մասնակցելու այդ քարոզարշավին։ Շոուի մասով իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քարոզարշավն արդեն սկսվել է, եւ պետք է տարբեր շոուներ լինեն՝ ավելի գրավիչ դարձնելու «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզը։



Հարցին՝ տեղյա՞կ է, թե իրենց խմբակցությունից ովքեր են մեկնելու մարզեր, Բաղդասարյանն ասաց՝ տեղյակ է. «Համենայնդեպս, առավոտյան կգան, կմասնակցեն նիստերին... չորս-հինգ հոգի ունենք, որ պետք է ամրացված լինեն քարոզչական խմբին»։



Իսկ այն, որ նրանց համար գործուղում է ձեւակերպվել ԱԺ-ից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ ոչ, նման երեւույթ չկա. «Երկու օրով կա, մեկ օրով կա, համենայնդպես, մենք պետք է այնպես կազմակերպենք, որ կլինի արտահերթ նիստ, թե հերթական նիստ, ԱԺ նիստերին որեւէ վնաս չհասցվի»։ Բաղդասարյանը վստահեցրեց, որ պատգամավորները նիստից հետո են մեկնելու, ոչ թե նիստի ժամին։



ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց, որ վաղը մեկնում է Սյունիքի մարզ՝ քարոզարշավի, ընդհանուր ուղեւորությունը 20 օր է տեւելու, կլինեն Ագարակում, Սիսիանում, Կապանում եւ շատ ուշ կվերադառնան։ Ըստ պատգամավորի՝ վերջին օրերին, երբ գան-հասնեն Արարատի կողմերը, հավանաբար, հնարավորություն կունենան գիշերները նաեւ տանն անցկացնելու։ Աճեմյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց խումբն 8 հոգուց է բաղկացած՝ չորս «այո»-ի կողմնակից, չորս՝ «ոչ»-ի: «Իմ խմբում Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանն են, մյուսների մասին տեղեկություն չկա»։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում բացականեր ստանալուն, Աճեմյանն ասաց. «Ճիշտն ասած՝ ինձ շտաբն է գործուղում, բայց եթե տեսնեմ, որ բացականերս շատ են, կդիմեմ ԱԺ նախագահին՝ դրանք հարգելի համարել»։



ՀՀԿ-ականներից մյուսները մեզ հետ զրույցում թեպետ ասացին, որ գնալու են մարզեր՝ քարոզարշավի, սակայն դեռեւս հստակ չգիտեին՝ երբ եւ ինչ ձեւաչափով, որոշները սպասում էին նիստերի ավարտին, իսկ նրանք, ովքեր հեռու մարզեր են մեկնելու, այսօրվանից արդեն ճամփա են ընկել։ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ է խմբերից մեկում լինելու, բայց դեռ պարզ չէ, թե որ մեկում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ