Լոռիում, Տավուշում և Սյունիքում կներդնեն համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր

Լոռիում, Տավուշում և Սյունիքում կներդնեն համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով Կառավարությունը նախատեսում է Հայաստանի երեք մարզերում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Այդ երեք մարզերն են՝ Սյունիքը, Լոռին և Տավուշը։



Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնի խոսքով՝ Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը:
Սյունիքի մարզում համայնքն առաջարկում են անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Իսկ Տավուշի մարզում՝ Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:



«Սույն թվականի մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով, որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացին անհրաժեշտ է ապահովել շարունակականություն, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր»,- ասաց Տերտերյանը՝ նշելով, որ այս պիլոտային ծրագիրը արդյունավետ գործելու դեպքում այն կտարածվի նաև մյուս մարզերի վրա:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ