Հայաստանը կանդամակցի Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը

Հայաստանը կանդամակցի Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը

Ազգային ժողովում այսօր քննարկվեց Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: Կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. ապրիլին Փարիզում կնքված միջազգային համաձայնագրի հիման վրա:



«Կազմակերպությունը գիտական և տեխնիկական բնույթի կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս տեղեկատվություն փոխանակել խաղողի և գինու բնագավառում գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական հարցերի շուրջ: Ներկայում 45 պետություն՝ այդ թվում ԱՊՀ անդամ որոշ երկրներ, անդամակցում են Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։



Նա նշեց, որ կազմակերպության հիմնական նպատակներն են՝ տեղեկացնել իր անդամներին այն միջոցառումների մասին, որոնք իրականացվում են խաղողագործության և գինեգործության ոլորտի արտադրողներին, սպառողներին և այլ մասնակիցներին, աջակցել գոյություն ունեցող գործընթացներին և ստանդարտներին ներդաշնակեցմանը միջազգային պահանջներին և անհրաժեշտության դեպքում նոր միջազգային ստանդարտների նախապատրաստմանը, բարելավելու խաղողագործության և գինեգործության արտադրության և շուկայահանման պայմանները:



Ըստ Ս․ Կարապետյանի՝ այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը երկրի տնտեսության վրա որևէ ռիսկ, իոկ ոլորտի տնտեսվարողների համար որևէ լրացուցիչ բեռ չի առաջացնի։



Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի՝ Եվրամիություն խաղողագործական և գինեգործական արտադրանք արտահանելու դեպքում դրանք՝ անկախ խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից, պետք է համապատասխանեն Եվրամիության պահանջներին:



«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցութունը ևս չի խոչընդոտում Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, քանի որ ՌԴ-ն նույնպես այդ կազմակերպության անդամ է»,-ասաց նախարարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ