Կարելի է մտածել ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին

Կարելի է մտածել ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին

Երբեմնի դաշնակից ԲՀԿ-ի հանդեպ վստահությունը ՀԱԿ-ում կարծես իսպառ մարել է։ Կոնգրեսականներն այս ընտրություններին էլ նրանց վրա որեւէ հույս չեն դնելու, որքան էլ ԲՀԿ-ն կոկորդ պատռի, թե իրենք, լինելով «այո»-ի կողմնակից, պայքարելու են ազատ եւ արդար ընտրությունների համար։



«Ես մի բան միայն կարող եմ ասել, որ նրանց վրա մենք որեւէ հույս չենք դնում»,-վստահորեն հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։



Իսկ ՕԵԿ-ի մասո՞վ ինչ կասի, նրա՞նց էլ չեն վստահում, պարզվեց՝ դեռ պարզ չէ․ «ՕԵԿ-ի մասով մենք կտեսնենք՝ ինչքանով են իրենք լուրջ տրամադրված, ինչքանով են պատրաստ տեղամասերում պայքարել, եւ, ըստ դրա, կտանք հրահանգները մեր ներկայացուցիչներին՝ համագործակցության առումով»։



- Երբ ԲՀԿ-ի հետ գնում էիք նույն ճանապարհով, այդ ժամանակ հույս դնո՞ւմ էիք ԲՀԿ-ի վրա, եւ հիմա ի՞նչ է փոխվել, որ այսօր այլեւս չեք վստահում նրանց։



- Թե ինչ է փոխվել, դուք ինքներդ գիտեք․ փետրվարին գնաց մի աննախադեպ հարձակում կուսակցության վրա, Գագիկ Ծառուկյանի վրա եղան ճնշումներ, սպառնալիքներ, Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ սպառնաց, որ մաքսային, հարկային բոլոր մարմիններն ստուգումներ կանցկացնեն Ծառուկյանի բիզնեսներում, եւ պահանջ դրվեց, որ նա հեռանա քաղաքականությունից, եւ, ի վերջո, դա եղավ։ Դրանից հետո կուսակցությունը 180 աստիճանով փոխեց իր կուրսը եւ դարձավ, ըստ էության, պրոիշխանական։ Եվ, բնական է, որ մենք հիմա, երբ տեսնում ենք, թե ում հետ պիտի դաշնակցենք, ելնում ենք արդեն այդ կատարվածից։



- Ձեր կարծիքով՝ այս ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն իրենց ռեսուրսները կօգտագործե՞ն հանուն «այո»-ի եւ ընդդեմ «ոչ»-ի։



- Նախ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է, եւ անիմաստ է այդ հարցը քննարկել։



- Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ նա այնքան էլ դուրս չէ քաղաքականությունից։



- Չգիտեմ․․․ ես գիտեմ, որ ինքը դուրս է եկել քաղաքականությունից։



- Այդուհանդերձ, ԲՀԿ-ն իր մարդկային, ֆինանսական եւ այլ ռեսուրսները կօգտագործի՞ այս հանրաքվեում՝ իրականացնելով այն կեղծիքները, որոնք ժամանակին վերագրվում էին նաեւ ԲՀԿ-ին, այդ ամենը նորից նույնությամբ կկրկնվի՞։



- Ես չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն անել այս առումով, ես ասացի Ձեզ միայն հետեւյալը, որ մենք որեւէ հույս նրանց վրա այս հարցում չենք դնելու։



- Քաղաքական ուժերից ո՞ւմ վրա եք հույս դնում, միայն «Ժառանգությա՞ն» հետ եք այս պահին ակտիվ համագործակցում։



- Չէ, ինչո՞ւ, քաղաքական ուժերից կա ՀԺԿ-ն՝ մեր գլխավոր պարտնյորը, կա «Ժառանգությունը», կան նաեւ պառլամենտից դուրս ուժեր, որոնք գտնվում են վճռական «ոչ»-ի մեջ։



- Խոսքն ավելի շատ պառլամենտական ուժերի մասին է։



- Պառլամենտական ուժերի մեջ մեկ էլ ՕԵԿ-ն է, որ դեմ է, բայց ինչքանով է վճռական եւ ինչքանով լուրջ կպայքարի «ոչ»-ի հաղթանակի վրա, դա ցույց կտա ժամանակը։



- Քննարկումներ, խորհրդակցություններ չկա՞ն ՕԵԿ-ի հետ այս հարցում։



- Ես մտածում եմ, որ կարելի է խոսակցություններ ունենալ հնարավոր համագործակցության մասին, նկատի ունեմ տեղամասերում մաքսիմալ ձեւով ընտրակեղծիքների դեմն առնելը։ Բայց ուզում եմ նորից շեշտել՝ դա հնարավոր կդառնա այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ այնտեղ կան լուրջ տրամադրություններ։



- Ի՞նչն է խանգարում ձեզ լիարժեք վստահել ՕԵԿ-ին եւ լուրջ ընկալել նրանց այս հարցում, թերահավատության հիմնական պատճառը ո՞րն է։



- Ես չեմ ցանկանում այնպիսի գնահատականներ տալ, որոնք կդժվարացնեն, եթե նրանք պատրաստ են վճռականորեն պայքարել այս հարցում, իրենց նման վարվելակերպը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ