Ամենասեւ օրը` մահ եւ պարտություն

Ամենասեւ օրը` մահ եւ պարտություն

Ինչպիսին էլ լինի մարդկային երեւակայությունը, կյանքի անակնկալներին չի կարող գերազանցել: Եթե ուղղակի հարց տրվեր, թե հնարավո՞ր է վաղ առավոտյան հաղորդվող ինչ-որ մեկի մահվան լուրը, որպես ավետիս ընկալվի, դժվար պիտի լիներ նման իրադրություն պատկերացնել: Բայց երեկ առավոտյան Պենտագոնից լրատվամիջոցներին տարածված լուրը, որ երկարատեւ հետապնդումից հետո վերջապես ԱՄՆ հետախուզությանը հաջողվել է ոչնչանել ISIS-ի ամենահայտնի դահիճին, որ գրեթե այդ ահաբեկչական կազմակերպության դեմքն ու այցեքարտն էր, վստահաբար, շատ շատերի համար էր ավետիս: 



Խոսքը սեւազգեստ, փակ դեմքով այն անձի մասին է, որն ISIS-ի տեսահոլովակներում գլխատում էր գերիներին: Նրա լոկ առոգանությունից հետախուզական ծառայությունները եզրակացրել էին, որ վերջինս բրիտանական արտասանություն ունի, եւ մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում բրիտանական հետախուզությունը, որքան էլ անհավատալի թվա, կարողացավ միայն ձայնով Միացյալ Թագավորության 64 միլիոն բնակչության մեջ գտնել, թե ով է այդ մեկը, որն ISIS-ի տեսահոլովակներում Օբամային է դիմում եւ մարդկանց է գլխատում: Նա Քուվեյթում ծնված եւ վաղ տարիքում ընտանիքի հետ ՄԹ տեղափոխված մեկն էր, որի մասին շուտով հայտնի դարձան կենսագրական մանրամասներ, սակայն ինքն էլ աշխարհին առավել հայտնի մնաց որպես Ջիհադի Ջոն:



Երեկ այդ բարբարոսին ոչնչացնելու հաջողված գործողության կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնը` հավատացնելով, որ մեկ տարի շարունակ թե բրիտանական, թե ամերիկյան հատուկ ծառայություններն անդադար աշխատել են վերջինիս հայտնաբերելու ու արդարադատություն իրականացնելու ուղղությամբ: Երեկ դա վերջապես հաջողվեց, մարդկանց գլխատող բարբարոսը ոչնչացվեց:



Անշուշտ, չի համարվում, թե Ջիհադի Ջոնը որոշումներ կայացնող կենտրոնական մի անձ է ISIS-ի հիերարխիայում, սակայն նա այդ խմբավորման այցեքարտն էր ինտերնետում, հարվածային ուժը նոր զինյալներ հավաքագրելու գործում: Նրա ոչնչացումն ինչ-որ առումով ISIS-ի իմիջի խորտակում էր:



Այդուհանդերձ, երեկ այնպիսի սեւ օր էր ISIS-ի համար, որ այդ հանցագործները հազիվ թե իմիջի համար մտահոգվելու ժամանակ գտնեին: Երեկ, համարյա մեկ օր տեւած ռազմական գործողությունից հետո, քրդերը եւ եզդիները մուտք գործեցին Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքը: Սինջարը եզդիների նվիրական լեռն է, եւ դրա անունով էլ կոչվում է քաղաքը, որտեղից անցյալ տարվա օգոստոսին տասնյակ հազարավոր եզդիներ մահապուրծ փախան, շատերն էլ ISIS-ի հետ ընդհարումներում զոհվեցին: Երեկ ISIS-ը դուրս մղվեց Սինջարից, իհարկե, մինչեւ հեռանալը կրակի մատնելով ամբողջ քաղաքը: Օրվա կեսին ոչ միայն քրդական փեշմարգայի մարտիկները մտան քաղաք, այլեւ Իրաքում քրդական ինքնավարության ղեկավար Մասսուդ Բարզանին անձամբ ժամանել էր Սինջար` հայտարարելու, որ այն ազատագրված է ISIS-ից:



Պատկերացնելի է թե՛ քրդերի, թե՛ աշխարհասփյուռ եզդիների հուզմունքն ու ցնծությունն այդ ազատագրության կապակցությամբ: Սակայն էթնիկ էմոցիոնալ զգացումներից այն կողմ, Սինջարը ISIS-ից ետ վերցնելը հսկայական ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեցող իրադարձություն է:



Հարցն այն է, որ աշխարհագրորեն Սինջարը գտնվում է խաչմերուկում, որտեղ բառացիորեն միանում կամ հատվում են դեպի Մոսուլ եւ դեպի Ռաքքա գնացող մայրուղիները: Մոսուլը ISIS-ի միջնաբերդն է Իրաքում, նաեւ ISIS-ի նավթի, հետեւաբար նաեւ՝ ֆինանսների աղբյուրը: Ռաքքան արդեն ISIS-ի սիրիական միջնաբերդն է եւ ինքնահռչակ խալիֆաթի մայրաքաղաքը: Ռաքքան ու Մոսուլը միացնող ավտոճանապարհին «47-րդ մայրուղի» պայմանական անվանումն է տրված, եւ այդ «47-րդ մայրուղին» ISIS-ի համար փակելը համազոր է ISIS-ը երկատելուն, Սիրիայի եւ Իրաքի ջոկատների միջեւ հաղորդակցությունը կտրելուն: Ավելի ծանր հարված ISIS-ը դեռ չէր ստացել: Երեկ ԱՄՆ ղեկավարած կոալիցիոն ուժերի ռմբակոծությունների եւ քրդական փեշմարգայի մոտ 3 հազար մարտիկների ցամաքային համատեղ գործողության արդյունքում քրդերի հսկողության տակ անցան եւ Սինջարը, եւ «47-րդ մայրուղին»:



Ոչնչացման օղակն Արեւմուտքը սեղմում է ISIS-ի շուրջ, արդյոք զուգադիպությամբ թե հաշվարկով՝ հենց Սիրիայի հարցով Վիեննայում գումարվելիք հերթական բանակցությունների նախօրեին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ