Ռեալիթի շոու, օր 1-ին. ՀՀԿ-ն էլի ապավինեց ընտրակաշառքին

Ռեալիթի շոու, օր 1-ին. ՀՀԿ-ն էլի ապավինեց ընտրակաշառքին

Երեկ վաղ առավոտվանից Հայաստանի հյուսիսային եւ հարավային մարզերում մեկնարկել էր «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը, որը ռեալիթի շոուի ձեւաչափով ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով։



«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ դա «Արմնյուզի» հետ համատեղ ծրագիր է, տեխնիկական ապահովումն իր վրա է վերցրել «Արմնյուզը», իսկ զուգահեռ հեռարձակումն «Ա1+»-ն է ապահովում, մեկ ժամ հյուսիսից է հեռարձակումը միանում, մեկ ժամ՝ հարավից։ Փորձել են այնպես կազմակերպել, որ երբ հյուսիսից են միացնում հեռարձակումը, այդ մեկ ժամվա ընթացքում հարավում գտնվող խումբը հասցնի մեկնել այլ քաղաք եւ նախապատրաստվել մյուս հանդիպմանը, որից հետո հյուսիսինն անջատում են, միացնում հարավինը, եւ այդպես՝ 14 ժամ։ Թե ինչ սկզբունքով են որոշում՝ որ պահին որ խմբի քննարկումը ցույց տան, պարոն Մովսեսյանն ասաց. «Ըստ մեզ՝ դա կախված է մասնակիցների ակտիվությունից։ Եթե «ոչ»-ը մի քիչ պասիվ է լինում, ակտիվանում են «այո»-ները, եթե «այո»-ն է պասիվ, ակտիվանում են «ոչ»-երը, բայց երաշխավորել եւ ապահովել, որ հավասարաչափ ակտիվություն լինի, մենք չենք կարող»։



Հիշեցնենք, որ այս նախագծի պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է, իսկ կազմակերպիչն ու կոորդինատորը՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որն էլ, ըստ Մովսեսյանի, օգնում է ռեժիսորներին իր հուշումներով, թե երբ ում ցույց տան, ինչպես եւ այլն։ Սա՝ տեխնիկական մասով։ Հիմա՝ բովանդակային։ Երեկ հյուսիսային եւ հարավային խմբերը եղան համապատասխանաբար Արագածոտնի եւ Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում։ Երկու վայրերում էլ իրապես շոու էր՝ բառի բուն իմաստով։



«Այո»-ականները, որոնք, ի դեպ, ավելի ներկայանալի կազմով էին մասնակցում՝ համեմատած «ոչ»-երի հետ, ուղղակի ճգնում էին որեւէ դրական բան գտնել այս Սահմանադրության մեջ՝ համոզելով, որ մարդիկ «այո» ասեն։ Բայց ժողովրդին Սահմանադրության փոփոխված դրույթները չէին հետաքրքրում՝ հատկապես Հրայր Թովմասյանի բացատրած բառապաշարով։ Նրանց մի բան էր հետաքրքրում՝ իրենց սոցիալական վիճակի բարելավումը, խնդիրների լուծումը, իսկ այդ հարցում «այո»-ի կողմնակիցներն այդպես էլ որեւէ համոզիչ փաստարկ չբերեցին։ Ի վերջո, ՀՀԿ-ն գործի դրեց իր ամենահզոր զենքերից մեկը բռնությունից ու ծեծուջարդից հետո՝ խոստումներն ու խոստումների տեսքով ընտրակաշառքը։ ՀՀԿ-ական քարոզիչները, բառի բուն իմաստով, անցան տարբեր խոստումներով ժողովրդին կաշառելու գործին, այն էլ այնպիսի էնտուզիազմով, ասես Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի նախընտրական քարոզն անելիս լինեին։



Իսկ ժողովուրդը բազում խնդիրներ ունի եւ իր դուռը եկած քարոզիչներից լիքը ակնկալիքներ. մեկը՝ գազի խնդիր, մյուսը՝ լույսի, երրորդը դպրոցի գույքի, մշակույթի տան կամ սոցիալական ու կենցաղային այլ խնդիրներ էր բարձրացնում։ ՀՀԿ-ականները, որ օրենքների ընդունման ժամանակ ընդամենը կոճակ սեղմելով են զբաղված, պարզվեց՝ տարրական իրավական գիտելիքներ չունեն եւ չեն հասկանում, որ տեսախցիկների առաջ ընտրակաշառք բաժանելով զբաղվել չի կարելի, որ դրանով վարկաբեկում են Սահմանադրության հանրաքվեն։ Նրանք մեծ էնտուզիազմով սկսեցին գրանցել, թե ինչ խնդիրներ ունեն հանդիպման եկած բնակիչները, ապա խոստումներ տվեցին, թե՝ «այդ հարցը համարեք լուծված», հետո էլ, տարրական առեւտրի կանոնների համաձայն, պահանջեցին դրա գինը. «Դեկտեմբերի 6-ին ի՞նչ եք անելու», «Կարեւորը՝ դուք գնաք եւ «այո» ասեք Սահմանադրությանը»։ Հատկապես ակտիվ էին ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը։



«Ես ձեր գազի խնդիրը հիշեցի, անպայման կբարձրաձայնեմ»,-Մեղրիում խոստացավ Կարինե Աճեմյանը եւ, հավանաբար, մտքում սկսեց հաշվել, թե այս խոստման դիմաց քանի ձայն բերեց հարազատ կուսակցությանը։ «Փաստորեն, Սահմանադրությունն ա մեղավոր, որ դուք հիմա գազ չունեք»,-Աճեմյանին հակադարձեց «ոչ»-ական Ազատ Արշակյանը։



«Ոչ, Սահմանադրությունը մեղավոր չի... էնքան բան ունեն, էդ մի գազն ա, էդ էլ կլուծենք»,-հակադարձեց Աճեմյանը, ապա հայտարարեց, թե «մենք «այո»-ով ուզում ենք արդար կառավարում»։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի նախագահ, «ոչ»-ի կողմնակից Թամարա Գեւորգյանն էլ Աճեմյանի ասածը պոպուլիզմ որակեց։



Մեկ այլ վայրում էլ տիկին Աճեմյանը խոստացավ, որ դպրոցի գույքի խնդիր կլուծեն, Վարդան Այվազյանն էլ միացավ խոստումների շարքին, թե՝ «ասեք, ուրիշ ի՞նչ խնդիրներ ունեք, կլուծենք, կարո՞ղ ա արտադրություն ա պետք դնել էստեղ» եւ այլն։ Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ խնդրեց գերմաներենն իրենց դպրոցում փոխարինել անգլերենով։ Դե, դա ընդհանրապես հեշտ լուծվող հարց է։



Շոուն ընթանում էր կենցաղային տեսարաններին զուգընթաց՝ մի տեղ շախմատ էին խաղում քարոզիչները, մեկ այլ վայրում՝ նարդի, նրանց խնձոր ու «կորոլյոկ» էին հյուրասիրում։ Ուտում էին ու գովում՝ շատ համեղ է։ Մի գյուղացու հետ նարդի խաղացող Սամվել Ֆարմանյանը փորձում էր իրավիճակն ավելի անբռնազբոս դարձնել. «Էս երկրորդն ա՝ զույգ եք բերում, էդ ձեր զառերի՞ց ա»։



Սահմանադրության նախագծի հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ փորձում էր խոսակցությունը փոքր-ինչ իրավական դարձնել եւ գովերգում էր իր մասնակցությամբ գրված Սահմանադրությունը. «Ուզո՞ւմ ենք, որ էս համակարգը փոխվի, թե՞ չենք ուզում, ուզո՞ւմ ենք, որ ժողովուրդն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունենա, թե՞ չենք ուզում»։



Բայց ժողովրդին իրավական մանրամասները չէին հետաքրքրում, մարդիկ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում էին ուզում, իսկ քաղաքացիներից մեկն անգամ իրենց պահանջների թվում նշեց, որ «մեր ղեկավարները» մեկ-մեկ մարզեր գնան, իրենց հետ հանդիպեն։ Ակտիվ քարոզիչներից էր ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը։ Ագարակում նա վիճում էր 81-ամյա մի պապիկի հետ։ Պապիկն ասում էր. «96 թվից մինչեւ հիմա ոչ մի նախագահ չի ընտրվել։ 81 տարեկան եմ, ոչ մի նախագահ, Կենտկոմի քարտուղար, ոչ մի բան չեմ ընտրել։ Բայց, մեկ ա, Սերժն էլի հավիտյան մնալու ա, ուզում ես «այո» ասենք, ուզում ես «ոչ» ասենք, մեկ ա, արդեն էնտեղ թղթերը պատրաստ ա։ Բիզնեսմեններ մեզ պետք չեն, դեպուտատներ մեզ պետք չեն»։ «Էլի չենք ընտրելու։ Ինչ ուզում եք, ասեք, հարցն էն չի՝ Դուք «այո» եք ասելու, թե «ոչ», բայց դու տեղյա՞կ ես ինչ ա փոխվում»,- հարցնում էր Սաղաթելյանը։ «Ի՞նչ ա փոխվում, Սահմանադրությո՞ւնը, որ Սերժն էլի հավիտյան մնա՞»,- չէր նահանջում պապիկը։



Ագարակի մեկ այլ վայրում էլ Վարդան Այվազյանն ու Վաղինակ Շուշանյանն էին ժողովրդին փորձում «այո»-ի եւ «ոչ»-ի շուրջ համոզել։ Բանավեճը, սակայն, հասավ անձնական դիտողությունների։ «Ուրեմն կուլտուրական եղի, քեզանից երեւի թե մեկուկես անգամ տարիքով մեծ եմ, երբ որ դու խոսում ես, ես քեզ մինչեւ վերջ լսում եմ։ Բարի եղի ինձ մինչեւ վերջ լսել, ստեղ բոլորն էլ կան, ես քեզ միշտ ուշադիր լսում եմ, արագ խոսալուց էլ, փառք Աստծու, Աստված տվել, չի խնայել, էս էլ մի 20 տարի ա՝ մենակ խոսալու համար փող եմ ստանում... խելամիտ խոսալու համար, իմիջիայլոց, էդ էլ կարող եմ ասել»,- երիտասարդ ակտիվիստին դաս տվեց ստաժավոր ՀՀԿ-ականը։ Ընդհանրապես նկատելի էր, որ ՀՀԿ-ականները ոչ այնքան իրենց «այո»-ն են քարոզում, որքան փորձում են «ոչ»-ի կողմնակիցներին սեւացնել. Մարգարիտ Եսայանը, օրինակ, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցչին էր փորձում «մերկացնել»՝ ձեր կուսակցությունը ժամանակին խորհրդարանական կառավարման կողմնակից էր։



«Սահմանադրությունը մարդկանց իրավունքները լրիվ սահմանափակել ա, եթե մի հարցով դիմես, ամաչում են, Սովետական Միության անունն են տալիս։ Սովետական Միության 5 տոկոսն էր խաբում, սրանց 98 տոկոսն ա խաբում»,-Կոթիի մեկ այլ անկյունում «այո»-ականների երեսին շրխկացրեց մի տարեց բնակիչ։ Մարգարիտ Եսայանը, հանուն «այո»-ի, պատրաստ էր նույնիսկ մարդկանց անձնական կյանքում «բարելավում» խոստանալ, մի չամուսնացած տղամարդու ասում էր. «Դու ամուսնանալու ես, քեզ մի հատ լավ հարսնացու ենք գտնելու, եւ էդ քո խնդիրը լուծվելու ա։ Մի՛ մտածի, նույնը չի մնալու»։



Հյուսիսային խմբում էր գտնվում նաեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Ժողովուրդը խոսում էր գազից, ջրից, հացից, ամեն ինչից, բայց ո՛չ Սահմանադրությունից։ Միքայել Մելքումյանն էլ փորձում էր իր տնտեսական գիտելիքներն ի ցույց դնել, թվախեղդ անելով՝ շշմեցնել հասարակ մարդկանց եւ հայտարարելով, որ իրենց կողմից մեկ տարի առաջ կտրականապես մերժված Սահմանադրությունը հրաշագործ եղանակով լուծելու է այդ բոլոր հարցերը։ Իսկ երբ Սասունիկ համայնքում, օրինակ, «ոչ»-ական Արտավազդ Սարգսյանը՝ «Հայազն» կուսակցությունից, հարցրեց սասունիկցիներին, թե Սերժ Սարգսյանի կառավարումից որեւէ մեկը որեւէ դրական բան տեսե՞լ է, Մելքումյանը հարձակվեց նրա վրա, թե. «Հա, բայց էստեղ հարցում չենք անում, մենք չենք էկել էստեղ հարցում անելու, եկել ենք զրուցելու»։ Եվ ոչ մեկը նրան չհիշեցրեց, որ ԲՀԿ-ն ընդամենը մի քանի ամիս առաջ իրեն ընդդիմություն է հռչակել՝ գոնե ձեւը պահեք։ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը եւս աչալուրջ էր. «Մենք եկել ենք ոչ թե Սերժ Սարգսյանին քննարկելու, այլ՝ Սահմանադրությունը»։ Եվ կրկին Միքայել Մելքումյանը փորձեց սաստել․ «Պետք չի շատ սրել, դու ուղղակի ուղղվածությունը տանում ես բան, էլի...»։ «Ոչ լեգիտիմն այս պահին դու ես, մենք եկել ենք այստեղ քննարկելու սահմանադրական փոփոխությունների հարցը»,-չէր հանգստանում Մարգարիտ Եսայանը, որը թերեւս վստահ է, որ ՀՀԿ նախագահն ուղիղ եթերով հետեւում է իրենց պահվածքին։



Առհասարակ, «ոչ»-ականներից ամենաակտիվը թերեւս «Հայազն» կուսակցության երիտասարդներն էին։ Արմեն Մկրտչյանը երկար ու ինքնավստահ խոսում էր եւ հակադարձում իշխանության կողմնակիցներին։ Նրանք հյուսիսային խմբի մեջ էին, իսկ հարավում գտնվող «ոչ»-ականների մեջ էին Ազատ Արշակյանն ու ՄԱԿ նախկին անդամ Թամարա Գեւորգյանը։ «Ոչ»-ի թիմի ներկայացուցիչներից Վաղինակ Շուշանյանն էլ ավելի շատ Բաղրամյան 26-ը փակելու իրադարձություններից էր խոսում եւ իր մեջ կուտակվածը դատարկում, քան անդրադառնում Սահմանադրությանը։ Ամենապասիվը թերեւս ՀՅԴ անդամն էր՝ Արթուր Եղիազարյանը, որը, հավանաբար տեսնելով «այո»-ի թիմի ակտիվությունը, մտածեց, որ իր ակտիվության կարիքն առանձնապես չկա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ