Ի՞նչ հավանականություն կա, որ հունվարին ԵԽԽՎ-ում չի ընդունվի հակահայկական բանաձևը

Ի՞նչ հավանականություն կա, որ հունվարին ԵԽԽՎ-ում չի ընդունվի հակահայկական բանաձևը

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը երեկ ընդունել է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ հակահայկական բանաձևը, որի դեմն առնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը չհաջողվեց։



Պատվիրակության ընդդիմադիր անդամ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում մի շարք պատճառներ նշեց այսպիսի ձախողումների հարցում։ Դրանցից մեկը, ըստ նրա, կոորդինացիան է, որը չի իրականացվում․ «Ցավոք սրտի բացակայում է նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության և պատվիրակության միջև կոորդինացիան։ Սա շատ կարևոր էլեմենտ է»։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում գործում է պատասխանատվությունը իրարից գցելու, մեղքը իրար վրա բարդելու հոգեբանությունը։



Hraparak.am-ի հարցին, թե հավանականություն կա՞ և իրենք ի՞նչ են անելու, որ գոնե հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում բանաձևը չդրվի քննարկման կամ գոնե չընդունվի, պարոն Զուրաբյանն ասաց․ «Երբ որ հանձնաժողովն արդեն այս որոշումն ընդունել է, դա արդեն մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ լիագումար նիստում այդ հարցը բարձրացվի։ Բայց լիագումար նիստում կլինի քվեարկություն, և, սովորաբար, լիագումար նիստը քվեարկում է այնպես, ինչպես հանձնաժողովում է ընդունվում։ Թեև եղել են դեպքեր, երբ լիագումար նիստում ստացվել է հաղթահարել հանձնաժողովի կողմից ներկայացված բանաձևը»։ Զուրաբյանն այս առումով նշեց, որ իրենք, ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անեն դա հաղթահարելու համար։ Իսկ թե հատկապես ինչ են անելու, կարծես թե դեռ հստակ մշակված պլան չունեն այդ հարցում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ