Աշխատանքներ տանում են ոչ միայն ռեստորաններում, այլև աշխատասենյակներում

Աշխատանքներ տանում են ոչ միայն ռեստորաններում, այլև աշխատասենյակներում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը դիվանագիտական հաթությունում ադրբեջանական խավիարը չակերտների մեջ է օգտագործում և դրա տակ ավելի լայն իմաստներ է դնում։ Այս մասին նա ասաց, երբ Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ հակակշիռներ ունենք մենք այդ «խավիարին» Եվրոպայի խորհրդում։



Ըստ Նաղդալյանի՝ «խավիարն» ավելին է, քան զուտ որպես եվրոպացի պատվիրակներին կաշառելու միջոց։



«Այդ բառը մի տեսակ պրիմիտիվ բովանդակություն ձեռք բերեց։ Կարծում եմ, որ ձեզանից ցանկացած մեկը այդ մասին խոսելիս այդքան պրիմիտիվ այդ խնդրին չի մոտենում։ Գոնե ուզում եմ հավատալ, որ դա այդպես է։ Միջազգային հանրությանը հայտնի այդ «խավիար» ձևակերպման տակ, պատկերացնում ենք ոչ միայն այն, որ կան անհատներ, որոնք անձնական շահեր ունեն կամ կոռումպացված են։ Եվ ես չէի ցանկանա ձեեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ խոսքը միայն սրա մասին է և ամենաազդեցիկ դրդապատճառը դրանում է»,-ասաց նա՝ նշելով, որ գոյություն ունեն նաև երկրներ աշխարահաքաղաքական և այլ տեսակի շահեր։



Եվրոպացի պատվիրակներին մեր կողմը գրավելու, նրանց հետ անձնական կապեր հաստատելու համար անհրաժեշտ է նաև դահլիճից դուրս նրանց հետ շփվել, հրավիրել սրճելու որևէ ռեստորանում, ինչի վրա փող չեն խնայում նույն այդ ադրբեջանցի պատվիրակները։ Ուստի հետաքրքրվեցինք Նաղդալյանից, թե արդյոք մեր պատվիրակության անդամներին տրվող օրապահիկը բավականացնու՞մ է, որ եվրոպացիներին ռեստորան կամ սրճարան հրավիրեն։



«Ես երբևէ օրապահիկի խնդիր չեմ բարձրացրել և չեմ էլ շատ նկատել, որ պատվիրակության անդամները կենտրոնացած լինեն օրապահիկի մեջ։ Հրաշալի կլիներ, եթե այդ հնարավորություններն ավելի շատ լինեին, սակայն այդ ամենը որոշվում է ՀՀ բյուջետային հնարավորություններով։ Բայց ես Ձեզ ասեմ, որ մեր աշխատանքների մի զգալի մասը կատարվում է ոչ թե միայն ռեստորաններում կամ սրճարաններում, այլ մեր աշխատանքները կատարվում են պատվիրակների աշխատասենյակներում, և մենք անընդհատ փորձում ենք առանձին-առանձին մարդկանց հետ, մշակելով նրանց հետ խոսելու արգումանետացիան, մշակելով այն հիմքերը, որ կարող ես ներկայացնել այս կամ այն մարդուն»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ լեզվով են շփվում եվրոպացիների հետ և ինքն ու մեր մյուս պատվիրակները ի՞նչ լեզուների են տիրապետում։ Մեր այս հարցի տակ Նաղդալյանը ինչ-որ ենթատեքստեր փորձեց փնտրել։ Նա նախ ասաց, որ ԵԽ-ում աշխատանքային յոթ լեզու կա, բացի այդ, կան նաև թարգմանիչներ, որոնք հարկ եղած դեպքում օգնում են իրենց, իսկ մեր պատվիրակության անդամներն էլ տիրապետում են անգլպերեն կամ ֆրանսերեն լեզուներին։



Ինչ վերաբերում է իրեն, տիկին Նաղդալյանն ասաց. «Ես երկու տարի ղեկավարել եմ ԵԽԽՎ տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի աշխատանքները, եղել եմ բյուրոյի անդամ և, բնականաբար, իմ աշխատանքները կատարել եմ անգլերենով։ Նման հարցադրումներն այսօր կա՛մ չարությամբ են տրվում կա՛մ ծիծաղ են առաջացնում»,-եզրակացրեց ԵԽԽՎ մեր պատվիրակության ղեկավարը։ Հիշեցնենք, որ լեզվական գիտելիքների հարցը մամուլում շրջանառվեց հատկապես այն ժամանակ, երբ Հերմինե Նաղդալյանը ռուսաց լեզվով սկանդալային ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում։ Եվրոպացիներին, իրականում, ավելի հոգեհարազատ են հենց եվրոպական լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը և այլն, իսկ Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում ընդգծված բացասական վերաբերմունքի արդյունքում, հատկապես, ռուսերենը նրանց ականջներին այնքան էլ հաճելի չի հնչում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ