Գուցե մենք էլ թթի օղի կամ ծիրանի մուրաբա՞ տանենք ԵԽԽՎ

Գուցե մենք էլ թթի օղի կամ ծիրանի մուրաբա՞ տանենք ԵԽԽՎ

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը երեկ ընդունել է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ հակահայկական բանաձեւը, որի դեմն առնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը չհաջողվեց։ Թե ինչու չի հաջողվում մեր պատվիրակությանը կանխել ադրբեջանամետ պատվիրակների նախաձեռնած հակահայկական բանաձեւերը, տարբեր պատճառներ կան, այդ թվում՝ մեր պատվիրակության եւ ԱԳՆ-ի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Բայց մերոնք, հատկապես իշխանականները, դա պայմանավորում են մի հանգամանքով՝ Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությամբ»։ Այս բառակապակցությունն արդեն այնքան է ծեծվել, որ անլուրջ է ընկալվում եւ անեկդոտների տեղիք տալիս։ Այդ պատճառով էր, թերեւս, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հեգնեց. եթե այդպես է, մեր պատվիրակության փոխարեն եկեք խավիար ուղարկենք ԵԽԽՎ։ Տպավորություն է, որ հայկական պատվիրակությունն ու ԱԳՆ-ն փորձում են ամեն գնով իրենց վատ աշխատանքն արդարացնել ադրբեջանական խավիարով։ Եթե այդքան հեշտ է ԵԽԽՎ պատվիրակներին կաշառելը, ապա մենք էլ գուցե տնական թթի օղի կամ ծիրանի մուրաբա՞ տանենք ԵԽԽՎ։



ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, սակայն, չի ցանկանում «խավիար» բառի տակ պրիմիտիվ բովանդակություն տեսնել։ Նրա կարծիքով, այն ավելի խորը եւ լայն իմաստներ ունի, քան զուտ որպես եվրոպացի պատվիրակներին կաշառելու միջոց։ «Այդ բառը մի տեսակ պրիմիտիվ բովանդակություն ձեռք բերեց։



Կարծում եմ, որ ձեզանից ցանկացած մեկն այդ մասին խոսելիս այդքան պրիմիտիվ այդ խնդրին չի մոտենում։ Գոնե ուզում եմ հավատալ, որ դա այդպես է։ Միջազգային հանրությանը հայտնի այդ «խավիար» ձեւակերպման տակ պատկերացնում ենք ոչ միայն այն, որ կան անհատներ, որոնք անձնական շահեր ունեն կամ կոռումպացված են։ Եվ ես չէի ցանկանա ձեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ խոսքը միայն սրա մասին է, եւ ամենաազդեցիկ դրդապատճառը դրանում է»,-ասաց նա՝ նշելով, որ գոյություն ունեն նաեւ երկրների աշխարհաքաղաքական եւ այլ տեսակի շահեր։



Իսկ մենք ունե՞նք, արդյոք, «խավիարին» որեւէ հակակշիռ եւ ի՞նչ ենք պատրաստվում անել, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում այդ բանաձեւերը չդրվեն քննարկման կամ չընդունվեն վեհաժողովի կողմից։ Պարզվում է՝ ռազմավարություն ենք մշակում, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել մամուլում։



Բացի այդ, Նաղդալյանը խոստացավ համախմբել ԱԳՆ-ի, Սփյուռքի եւ մեր պատվիրակների ուժերը։ Նստաշրջանը բոյկոտել, սակայն, չեն պատրաստվում, պատվիրակության կազմն էլ չեն պատրաստվում փոխել, քանզի ամեն խմբակցություն ինքն է որոշում, թե ում ուղարկի։ Իսկ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ մյուս խմբակցություններում այսօր նման հարց չի քննարկվում։



Լեւոն Զուրաբյանը, ի դեպ, պատվիրակության, այդ թվում՝ ՀՀԿ-ական անդամների փոփոխության հարցն անիմաստ է համարում։ Իշխանությունը պետք է փոխվի, իշխանության վարած սխալ քաղաքականության մեջ է խնդիրը՝ կարծում է պատգամավորը։ Ի դեպ, մշակված ռազմավարությունից Լեւոն Զուրաբյանը տեղյակ չէ, ՀՀԿ-ականներն իրենք իրենցով են ԱԳՆ-ի հետ քննարկել ու ինչ-որ հակաքայլեր, ռազմավարական նոր մարտավարություն մշակել, որը ոչ ոքի չեն ուզում ասել։ Այս ամենով հանդերձ՝ հնարավո՞ր է, որ լիագումար նիստում այս բանաձեւը չընդունվի։ Զուրաբյանը հուսադրող ոչինչ չասաց այս մասով, բայց նկատեց, որ պետք է ամեն ինչ անեն դրա դեմ պայքարելու համար։ Մինչդեռ հայտնի է, որ հանձնաժողովների ընդունած բանաձեւերը մշտապես ընդունվում են ԵԽԽՎ-ի կողմից։



«Երբ որ հանձնաժողովն արդեն այս որոշումն ընդունել է, դա արդեն մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ լիագումար նիստում այդ հարցը բարձրացվի։ Բայց լիագումար նիստում կլինի քվեարկություն, եւ, սովորաբար, լիագումար նիստը քվեարկում է այնպես, ինչպես հանձնաժողովում է ընդունվում։ Թեեւ եղել են դեպքեր, երբ լիագումար նիստում ստացվել է հաղթահարել հանձնաժողովի կողմից ներկայացված բանաձեւը»,-ասաց նա՝ հստակ չնշելով, թե ինչպես, ինչ քայլերով են պայքարելու դրա դեմ։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում գործում է պատասխանատվությունն իրենց վրայից գցելու, մեղքն իրար վրա բարդելու հոգեբանությունը, բացի այդ՝ մեզ մոտ բացակայում է նաեւ նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության եւ պատվիրակության միջեւ կոորդինացիան, ինչը շատ կարեւոր տարր է։



Այս ամենից զատ՝ Ստրասբուրգում բավականին վատ է աշխատում նաեւ մեր դիվանագիտական լոբբին թե՛ ԱԳՆ-ի մակարդակով, թե՛ հենց ԵԽԽՎ մեր պատվիրակների։



Այս ամենի հաջող իրականացման համար նաեւ փող է պետք, որը չունի կամ չի փորձում ծախսել Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ գաղտնիք չէ, որ եվրոպացի պատվիրակների հետ անձնական կապեր հաստատելու համար անհրաժեշտ է նաեւ դահլիճից դուրս նրանց հետ շփվել, հրավիրել սրճելու կամ ընթրելու որեւէ ռեստորանում, ինչի վրա փող չեն խնայում նույն այդ ադրբեջանցի պատվիրակները։ Ուստի հետաքրքրվեցինք Նաղդալյանից, թե արդյոք մեր պատվիրակության անդամներին տրվող օրապահիկը բավականացնո՞ւմ է, որ եվրոպացիներին ռեստորան կամ սրճարան հրավիրեն։ «Ես երբեւէ օրապահիկի խնդիր չեմ բարձրացրել եւ չեմ էլ շատ նկատել, որ պատվիրակության անդամները կենտրոնացած լինեն օրապահիկի մեջ։ Հրաշալի կլիներ, եթե այդ հնարավորություններն ավելի շատ լինեին, սակայն այդ ամենը որոշվում է ՀՀ բյուջետային հնարավորություններով։ Բայց ես Ձեզ ասեմ, որ մեր աշխատանքների մի զգալի մասը կատարվում է ոչ թե միայն ռեստորաններում կամ սրճարաններում, այլ պատվիրակների աշխատասենյակներում, եւ մենք անընդհատ փորձում ենք առանձին-առանձին մարդկանց հետ, մշակելով նրանց հետ խոսելու արգումենտացիան, մշակելով այն հիմքերը, որ կարող ես ներկայացնել այս կամ այն մարդուն»,-ասաց նա։



Պակաս կարեւոր չէ նաեւ լեզվի իմացությունը, որպեսզի եվրոպացիների հետ շփվես իրենց հարազատ լեզվով՝ առանց թարգմանչի։ Նաղդալյանը վստահեցրեց, որ մեր պատվիրակները բոլորն էլ տիրապետում են անգլերենին կամ ֆրանսերենին։ Ինչ վերաբերում է իրեն, տիկին Նաղդալյանն ասաց. «Ես երկու տարի ղեկավարել եմ ԵԽԽՎ տնտեսական հարցերի եւ զարգացման հանձնաժողովի աշխատանքները, եղել եմ բյուրոյի անդամ եւ, բնականաբար, իմ աշխատանքները կատարել եմ անգլերենով։ Նման հարցադրումներն այսօր կա՛մ չարությամբ են տրվում, կա՛մ ծիծաղ են առաջացնում»։



Հիշեցնենք, որ լեզվական գիտելիքների հարցը մամուլում շրջանառվեց հատկապես այն ժամանակ, երբ Հերմինե Նաղդալյանը ռուսերենով սկանդալային ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում։ Եվրոպացիներին, իրականում, ավելի հոգեհարազատ են եվրոպական լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը եւ այլն, իսկ Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում ընդգծված բացասական վերաբերմունքի պայմաններում ռուսերեն խոսքը վճռորոշ դեր է խաղում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ