ԱՊՊԱ-ն պետք է փոխհատուցեր զոհերի հարազատներին եւ պատգամավորի ընկերությանը

ԱՊՊԱ-ն պետք է փոխհատուցեր զոհերի հարազատներին եւ պատգամավորի ընկերությանը

Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ուենցած ուղեւորատար «Գազել»-ի եւ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի բախման արդյունքում զոհվեց յոթ մարդ, այրվածքներ ու վնասվածքներ ստացան մի շարք ուղեւորներ։ Տեղի ունեցավ դատական գործընթաց, որի արդյունքում պարզվեց, որ մեղավորը «ԿամԱԶ»-ի վարորդն է եղել։ «Գազելը» պատկանում էր Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող «Տրանս-ակնթարթ» ընկերությանը, որի տերն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։



Երեկ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյոք կապ կա՞ տուժածների հետ, եւ նրանց որեւէ փոխհատուցում կամ նյութական օգնություն հատկացվե՞լ է իրենց կողմից։ Նա ասաց, որ իրենց կողմից խնդիր չկա, «Տրանս-ակնթարթը» մեղավոր չի ճանաչվել, իրենց վարորդն անմեղ է եղել, դատական նիստը եղել է, եւ «ԿամԱԶ»-ի վարորդն է մեղավոր ճանաչվել, պատիժը սահմանված է։ 



Վնասի փոխհատուցման մասով էլ ասաց, որ ԱՊՊԱ-ն պետք է փոխհատուցի զոհվածների ընտանիքներին, որքան որ նախատեսված է օրենքով, ինչպես նաեւ իրենց մեքենայի վնասն է ԱՊՊԱ-ն փոխանցելու իրենց ընկերությանը։ «Թե հետագայում մնացածների հետ կապված ինչ եղավ, հարազատները հայտ ներկայացրին՝ լրացուցիչ փոխհատուցում ստանալու, թե չէ, դրանից տեղյակ չեմ ես։ Մեր մասնակցության խնդիրն այստեղ չկա, որովհետեւ ինչպես որ էն մարդիկ են տուժել ու վնաս կրել, էնպես էլ մենք՝ մեր վարորդը մահացավ, մեր մեքենան շարքից դուրս եկավ։ Էդ ամիսներին էլ, որ մեքենան դուրս եկավ գծից ու չաշխատեց, ընկերությունն էլ էդքան վնաս կրեց։ Մենք, ճիշտ է, հայտ էինք ներկայացրել վնասի փոխհատուցում ստանալու, բայց էդ ամեն ինչն էլ պայմանավորված էր նույն «ԿամԱԶ»-ի վարորդի պաշտպանով, որ հարկի, անհարկի իմ անունն էր շրջանառում։ Դրանով էր պայմանավորված, քանզի «Տրանս-ակնթարթ» ընկերությունը հայտ ներկայացրել էր, բայց էդ դատական պրոցեսներից հետո ընկերությունը որոշում կայացրեց ընթացք չտալ էդ հարցով, որովհետեւ արդեն իսկ ինքն էլ էր տուժած»,-ասաց գյումրեցի պատգամավորը։



Հարցին, թե արդյոք ԱՊՊԱ-ն փոխհատուցե՞ց որքան որ հարկն է, Գրիգորյանն ասաց. «ԱՊՊԱ-ն, ճիշտն ասած, մեքենայի պահով փոխհատուցում, ինչքան գիտեմ, արել է, նաեւ էս ընթացքում զոհվածների հարազատներին հատուցումն է արվել կամ պրոցեսի մեջ է»։



Մարտուն Գրիգորյանն ասաց, որ 2016 թվականին իրենք նախատեսում են փոխել իրենց ընկերության շարժակազմը՝ ռուսական արտադրության «Գազել»-ները փոխարինելով այլ՝ ավելի ապահով մեքենաներով։ Սակայն դեռ որոշված չէ, թե ինչ մակնիշի եւ մոդելի մեքենաներ կգնեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ