Հարցականներով լի շոու՝ ԱԱԾ «հատուկ գործողության» տեսքով

Հարցականներով լի շոու՝ ԱԱԾ «հատուկ գործողության» տեսքով

Երեկ վաղ առավոտից մայրաքաղաքում խուճապ էր՝ ՀՀ հատուկ ծառայությունները հաղորդեցին, որ վնասազերծել են Նորք-Մարաշի 9-րդ փողոցի 78 տանը պատսպարված մի խումբ անձանց, ովքեր պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Հայաստանում։ Հատուկջոկատայինները երկհարկանի առանձնատանը հայտնաբերել էին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որն «ահաբեկիչները» թաքցրել էին որտեղ պատահի, նույնիսկ տան դաշնամուրի մեջ։



Տունը, որտեղ նրանք բնակվում էին վերջին մեկ ամսում, վարձակալված էր։ Տանտիրուհու քույրը երեկ լրագրողներին պատմեց, որ տունը վարձով են տվել ֆինանսական խնդիրների պատճառով, ամսական վարձն էլ 500 դոլար է եղել։ Ըստ նրա տեղեկությունների՝ «բանդայի» անդամները տասն են եղել՝ 7 տղամարդ եւ 3 կին։ Բնակարանը վարձել են ոմն բրոքեր Վահրամի միջնորդությամբ, որից տեղեկություն չունեն։ Պայմանագիրն էլ կնքել են երեք կանանցից մեկի՝ Մարինե Կաթոյանի անձնագրով՝ նախնական մեկ ամսով, որի ժամկետը լրացել էր նոյեմբերի 24-ին, սակայն խնդրել էին եւս 5 օրով երկարաձգել։



Հարեւանները մեզ հետ զրույցում պատմում էին, որ չեն շփվել իրենց փողոցի նորահայտ բնակիչների հետ, միայն նկատել են, որ երկու փոքրածավալ մեքենաներ էին գալիս կանգնում տան դիմաց, միջից ինչ-որ տղամարդիկ եւ կանայք էին իջնում, մտնում-դուրս գալիս։ Ընդհանուր առմամբ՝ այդ տանը շարժ նկատել են մինչեւ գիշերվա 2-ի կողմերը, դրանից հետո լույսերը հանգել են։ Բայց ոչ ոք հատուկ որեւէ բան չի կասկածել, մտածել են՝ սփյուռքահայեր են։



Մինչդեռ ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ հայտնում է, որ «հանցավոր խմբակցության» նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք «ծանր հանցագործություններ»։



Եվ տարօրինակ էր, որ ԱԱԾ-ն անմիջապես հայտարարեց կազմակերպչի՝ «ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող ոմն Արթուր Վարդանյանի» անունը, որը, «ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն»։ Երեկոյան ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ հանցավոր խմբավորումն ունեցել է 19 անդամ, որոնցից չորսը՝ կանայք, երեքը՝ արցախյան ազատամարտի մասնակիցներ։ Պարագլուխը՝ Արթուր Վարդանյանը, 1997-ից Իսպանիայում է բնակվելիս եղել։ Նորքի բնակիչները երեկ առավոտյան ժամը 5-ի սահմաններում պայթյուն եւ կրակոցներ էին լսել, դուրս էին եկել եւ տեսել մեծ թվով դիմակավորված անձանց, որոնք շրջապատել էին փողոցն ու տվյալ տունը։ Հատուկ գործողության արդյունքում երկհարկանի առանձնատանը հսկայական վնաս էր հասցվել, եւ տանտերերն ուղղակի շիվարել էին, թե ով պետք է փոխհատուցի իրենց կրած վնասը։ Ավերվել էր տան դարպասը, կոտրված էին մուտքի դուռն ու լուսամուտները, տակնուվրա էին արվել սենյակները։



«Ինքը՝ Արթուր Վարդանյանը, մեզ ներկայացավ որպես Իսպանիայի հայ, նույնիսկ, ինչքան հիշում եմ՝ Բարսելոնայի, բայց պարզվեց՝ սիրիահայ է»,-մեզ հետ զրույցում ասաց տանտիրուհու դուստրը, ապա շարունակեց նկարագրել «բանդայի» պարագլխին. «Ինքն արեւմտյան բարբառով էր խոսում, Սիրիայի։ Շատ ահաբեկչի տեսք ուներ, այսինքն՝ սենց, էն մորուքով, որ լինում են, մի տեսակ աչքերով, թուխ մաշկով, իսկական արաբի էր նման։ Մյուսները երեւում էր, որ տեղացի էին, Մարինե Կաթոյանն ասաց, որ ինքը Նուբարաշենից է»։ «Հանցախմբի» անդամները հետաքննիչներին վստահեցրել են, որ հայտնաբերված զենք-զինամթերքը պատրաստվում էին ուղարկել Ղարաբաղ։



Ուշագրավ է, որ տարածքը շրջապատված մնաց ընդամենը մի քանի ժամ։ Ցերեկվա ժամը 2-ի կողմերն արդեն ամեն ինչ ավարտվեց, դիմակավորված հատուկջոկատայիններն «ահաբեկիչներին» նստեցրին ԱԱԾ-ի «Գազել»-ը, զենքերը բարձեցին մեկ այլ բեռնատար «Գազելի» մեջ եւ հեռացան։ Փողոցը բացվեց, երթեւեկությունը վերականգնվեց, իսկ լրագրողներն էլ հնարավորություն ստացան անարգել մուտք գործել տուն, նկարահանումներ կատարել, զրուցել տանտերերի հետ, ձեռք տալ իրերին եւ այլն։ Մի խոսքով՝ տեռորիստական խմբի որջը մեր տրամադրության տակ էր, ինչը համենայնդեպս տարակուսանքի տեղիք տվեց, քանի որ կարծում էինք՝ տարածքը կկապարակնքեն, որ հետաքննություն կատարեն, եւ նախապատրաստվող հանցագործությունների հետքերը չոչնչանան։



Ուշագրավ էր նաեւ այն, որ դեռ առավոտյան կայքերից մեկում հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի՝ «բանդան» կապ ունի հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ։ Անմիջապես որպես «կասկածյալ» շրջանառվեց Հիմնադիր խորհրդարանի անունը, որի անդամներից Վարուժան Ավետիսյանն էլ մամուլի միջոցով հեգնեց, թե իրենք, իրականում, կապ ունեն Սիրիայում Թուրքիայի կողմից խփված ռուսական ինքնաթիռի հետ։



Տան սենյակներում մեր տեսախցիկը մի շարք ուշագրավ իրեր ֆիքսեց. օրինակ՝ մի կնոջ լուսանկար՝ 3x4 չափի։ Այն, ըստ տանտերերի, հանցախմբի երեք կին անդամներից մեկի լուսանկարն է։ Սեղանին կային տարբեր տեսակի թղթեր, որոնցից մեկի վրա քարտեզ էր պատկերված, վիշապ, դրանց կողքին էլ՝ սահմանադրական պաստառ՝ «Ասենք ո՛չ» մակագրությամբ։ Սենյակում նաեւ մեծ թվով դիմականման կտորե իրեր կային՝ եռագույնի վրա զինանշանի պատկերով։ Խոհանոցում, ի թիվս այլ սովորական դանակների, նկատեցինք նաեւ մի մեծ դանակ՝ վրան խաչ փորագրված։ Կար նաեւ մի թուղթ՝ վրան զենքերի անուններ եւ դրանց քանակը նշված։ Նաեւ նոթատետր՝ զենքերի ցուցակով։



Վերոնշյալ լուսանկարների հրապարակումից հետո լրատվամիջոցներում անմիջապես տեղեկություն տարածվեց, թե լուսանկարում պատկերված աղջիկը Բաղրամյանի ցույցերի մասնակից է։ Բաղրամյանի ակցիաների ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը համադրել էր Նելլի Մինասյան անունով մի ակտիվիստ աղջկա ֆեյսբուքյան նկարները Նորքի տանը հայտնաբերված լուսանկարի հետ եւ եզրակացրել, որ դա նույն աղջիկն է, որն ամռանը պայքարում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Տանտիրուհու քույրը մեզ ասաց, որ հանցախմբի անդամներն իրենց վստահեցրել են, թե իրենք բիզնեսով են զբաղվում, ինչ-որ կազմակերպություն ունեն, որի ղեկավարն է եղել Արթուր Վարդանյանը։ «Ինչ-որ մի կազմակերպության անուն տվեցին, «Սուրբ...» ինչ-որ բան, ներկայացան որպես դրա անդամ, աղջիկներից մեկն էլ, ինչպես հասկացա, ֆինանսական գործերով էր զբաղվում տվյալ կազմակերպության։ Կրոնական կազմակերպություն չէր, քարտեզներ ունեին՝ Գյումրու, Երեւանի եւ էլի մի քարտեզ, որոնք առգրավեցին։ Իրենք ասում էին՝ մենք էդ զենքը Ղարաբաղ ենք ուղարկելու»,-պատմում էր տանտիրուհու դուստրը։ Տանը հայտնաբերվել է նաեւ դրամական միջոց՝ 13 հազար դոլար, 4 հազար եվրո։ Մեր զրուցակիցն ասաց, որ, իր տպավորությամբ, հանցախմբի անդամները նշաններով են խոսել, եւ հետաքննչական գործողությունների ընթացքում ինքը լսել է, թե ինչպես են հետաքննիչներն ինչ-որ թղթերի վրա ըստ երեւույթին կոդավորված բառեր կարդում։ «Ինչ-որ «կրթության, գիտության նախարարություն» բառն եմ հիշում, որ կարդում էին»,-ասաց տանտիրուհու դուստրը։



Ապա կասկած շրջանառվեց սոցիալական ցանցերում եւ տարբեր մարդկանց, այն էր, որ այս ամենն ուղղակի կազմակերպված շոու է՝ հանրաքվեից առաջ հասարակությանը կամ կոնկրետ անձանց ու խմբերի ինչ-որ բան ցույց տալու, հասկացնելու համար։ Կամ էլ գուցե փորձել են ԱԱԾ-ի ռեյտինգը բարձրացնել, քանզի բոլորն ասում էին. «ԱԱԾ-ի տղերքին հալալ է, շատ լավ են գործել, կարողացան այնպես վնասազերծել, որ ոչ ոք չտուժի, բա որ չհասցնեին ժամանակին դեմն առնել, ու այդ պայթուցիկները գործի դրվեին մետրոյի կայարանո՞ւմ»։



Այս առիթով փաստաբան Երվանդ Վարոսյանից փորձեցինք ճշտել՝ իրականում նորմա՞լ է, որ նման հնչեղության դեպքից հետո իրավապահ մարմինները բնակարանը պլոմբելու փոխարեն թույլ տվեցին, որ լրագրողներն ու պատահական անձինք մուտք գործեն դեպքի վայր, ձեռք տան իրերին, որոնք գուցե իրեղեն ապացույց են հանդիսանում։ «Ձեր հարցն իրոք տրամաբանություն ունի, բայց էդ դեպքի կամ էդ գործի հետ կապված էնքան սակավ տեղեկատվություն կա, որ միանշանակ պատասխանել, թե դա նորմալ էր, թե աննորմալ էր, կարծում եմ՝ ոչ ոք էս պահի դրությամբ չի կարող։ Կարող են լինել իրավիճակներ, որ դա լինի նորմալ, կարող են լինել իրավիճակներ, որ դա կլինի աննորմալ, բայց հարցը, իհարկե, ծագում է, այդուամենայնիվ»,-ասաց փաստաբանը։ Իսկ, առհասարակ, կարգն ինչպե՞ս է, մի՞թե նախաքննության ընթացքում այդ տանը գործողություններ չեն արվելու։ «Գիտե՞ք, կարգ չկա օրենքով սահմանված, թե դա ինչպես պիտի արվի։ Յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր գործի առանձնահատկությունից է կախված՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։ Էս պահին ես չեմ կարող ասել՝ եղե՞լ է, թե՞ ոչ։ Հարցեր, բնականաբար, ծագում են, Դուք իրավացի եք, բայց չի բացառվում, որ էդ հարցերն ունենան պատասխաններ. ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց փաստաբան Վարոսյանը։



ՀԳ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվածների թվում է նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանը։ Իսկ նրանք «Հայոց վահան» անունով հասարակական կազմակերպության անդամներ են։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ գաղափարներ են նրանք դավանում, ներկայացնում ենք այդ կայքում տեղադրված մի գրառում, որն ստորագրված է՝ Վարդանյան Արթուր Վալերի․ «Ինչպե՞ս վերադարձնել Հայաստանը հայ ազգին: Ինչպե՞ս սարքել մի երկիրը, երբ երկրից մնացել է միայն անունը: Կար ժամանակ, երբ հայը գիտեր, թե ինչ էր ուզում, թե ով էր եւ ուր էր գնում: Այսoր հայը կորցրել է իր ուղին:



Մենք կորցրել ենք այն ամենը, որ մեզ պահում էր որպես հայ: Այսօր մենք ունենք կազինոներ, հաստավիզ հիմարներ, կաշառակեր իշխանություն, պոռնիկներ, արտագաղթ եւ հազիվ ապրող մի ողջ ժողովուրդ: Հազարավոր հայ ֆիդայիներ պայքարեցին հանուն հայ ազգի, հանուն Հայաստանի, թափելով իրենց սուրբ արյունը: Մի՞թե սա է հայի վերջը:



Մի՞թե սա է մեր ապագան: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ամաչում եմ, երբ տեսնում եմ իմ ազգի իրավիճակը, իմ Հայաստանի անկումը: Մեր պապերի սխալներն ուղղեցին մեր հայրերն ու մայրերը, անգին արյուն թափելով հանուն մեր ապագայի, հանուն մեր Հայաստանի: Ո՞վ է ուղղելու մեր սխալնե՛րը: ՄԵ՛Ր ԶԱՎԱԿՆԵ՞ՐԸ»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ