Ռուս-թուրքական գզվռտոցն ավարտվե՞ց

Ռուս-թուրքական գզվռտոցն ավարտվե՞ց

Թուրքիայի կողմից կործանված ռուսական ռազմական օդանավի թեման, համարյա երկու օր միջազգային ուշադրության կենտրոնում գտնվելուց հետո, երեկ հետզհետե մարում էր լրատվահոսքում: Հաշվի առնելով թե Վլադիմիր Պուտինի, թե Ռեջեփ Թայիբ Էրդողանի ցուցամոլությունը եւ իրենց վրա ուշադրություն սեւեռելու մարմաջը, անշուշտ, երկուսն էլ կցանկանային որքան հնարավոր է երկար newsmaker մնալ: Սակայն, շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրների կատարելապես արդարացի դիրքորոշման, որ կատարվածը ռուս-թուրքական միջադեպ է եւ երկու երկրների միջեւ էլ պետք է կարգավորվի, թեման մեծ հաշվով փակվեց: 



Չնայած Ռուսաստանից սպառնացին, թե իբր համարժեք, նույնիսկ կոշտ պատասխան կտան, վարչապետ Մեդվեդեւն էլ միջադեպի հաջորդ օրը հայտարարել էր, թե ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը, մեծամասշտաբ ծրագրերը կսառեցվեն, մի քանի ժամ անց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց հակառակը՝ թե Ռուսաստանը չի պատրաստվում խնդիրներ ստեղծել քաղաքացիների համար, ոչ էլ տնտեսական սահմանափակումների դիմել։ Երեկ նորից Մոսկվայում պատժամիջոցներից էին խոսել։



Կրեմլում այդպես տարուբերվում են, քանի որ ՌԴ իշխանությունները կարող են ստել ու հիմարեցնել սեփական ժողովրդին, բայց երբեք միջազգային հանրությանը: Ռուսական ղեկավարությունն ինչ էլ կարգադրի հեռարձակել ռուսական հեռուստաալիքներով, Կրեմլում հրաշալի գիտեն, որ ռուսական ինքնաթիռները պարբերաբար խախտում էին Թուրքիայի օդային սահմանը, եւ Թուրքիան քանի անգամ ՌԴ դիվանագետներին հրավիրել էր ԱԳՆ եւ նախազգուշացրել, որ դադարեցնեն այդ արատավոր պրակտիկան, վերջին նախազգուշացումը եղել էր ընդամենը օրեր առաջ` նոյեմբերի 19-ին: Ռուսները կարո՞ղ են միջազգային հանրությանը բանականորեն բացատրել, թե անվերջ նախազգուշացումներին ինչու չեն անսացել: Ըստ ռուսների՝ իրենց անպատասխանատու, գրեթե խուլիգանական վարքը որքա՞ն պետք է հանդուրժվեր: Պարզ չէ՞, որ մի օր պետք է սահմանախախտումներին վերջակետ դրվեր: Եվ դրվեց: Իսկ ինչո՞ւ չպետք է դրվեր:



Ընդ որում՝ Թուրքիայում եթե հավատացած չլինեին սեփական արդարացիությանը, անմիջապես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների դեսպաններին չէին հրավիրի եւ հաշվետվություն ներկայացնի ռուսական ինքնաթիռի կործանման վերաբերյալ, ժամեր անց էլ նույն մանրամասները ներկայացնեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի դեսպանների արտակարգ խորհրդակցությանը: Թուրքիայի համար գուցե մեծ նշանակություն չունեն Ռուսաստանը եւ վերջինիս կարծիքը, բայց վճռորոշ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի գործընկերները, եւ նրանց կողմից ցանկացած կասկած կամ դատապարտում Թուրքիան պետք է ջանար փարատել:



Իսկ երկու-երեք տասնյակ երկրի առջեւ Թուրքիան հազիվ թե կարող էր ստել, ոչ որովհետեւ Էրդողանը կամ Թուրքիան ազնվության տիպար են, այլ որովհետեւ ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք Թուրքիայի գործողությունների մասին ավելի շատ տեղեկության կարող են տիրապետել, քան Թուրքիան ինքը: Ճիշտ՝ ինչպես Սինայում ռուսական ինքնաթիռի կործանումը բացահայտեցին եւ ահազանգեցին ոչ թե Ռուսաստանը կամ Եգիպտոսը, այլ Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Անիմաստ է ստել տեղեկությունների առնչությամբ, որոնք կարող են ստուգվել:



Իսկ այն, որ Ռուսաստանը զզվեցրել էր Թուրքիայի, նաեւ այլ երկրների սահմանները խախտելով, ամենքը գիտեն: Ուղղակի Թուրքիան Մեծ Բրիտանիա չէ, որ կործանիչներ օդ բարձրացնի եւ ռուսական սահմանախախտ օդանավին իր սահմաններից դուրս ուղեկցի։



Թուրքիայից ջենթլմենություն չես սպասի։ Իսկ իբրեւ շարքային արարածներ, թուրքերի համբերությունը հատեց երեւի նրանից, որ ռուսները Լաթաքիայի շրջանում երկու շաբաթ թուրքմեններին էին ռմբակոծել՝ ըստ որոշ տեղեկությունների, չխորշելով անգամ արգելված կասետային ռումբեր գործադրելուց: Դա էլ երեւի հանգեցրել էր քաղաքական դիրքորոշման, որ Ռուսաստանին պետք է պատասխան տրվի:



Ընդ որում, դատելով այն հրճվանքից, որով Սիրիայի թուրքմենները կրակոցներով սպանել էին օդապարիկով փրկված օդաչուին, հետո էլ կործանել, կործանելուց հետո էլ այրել ինքնաթիռի օդաչուներին փնտրելու շտապած ռուսական ուղղաթիռը, սպանելով նաեւ ուղղաթիռի օդաչուին, կարելի է պատկերացնել, թե ինչ ատելություն է ծովացած Ռուսաստանի հանդեպ Լաթաքիայի ապստամբների շրջանում: Ինչպե՜ս պետք է ատել, կործանված ինքնաթիռից փրկված օդաչուին երկնքում սպանելու համար: Նման ատելության դեմ ոչինչ չես անի:



Իհարկե, Մոսկվայում եթե զինյալների ատելության դեմ ոչինչ անել չեն կարող, շատ կցանկանային գոնե Թուրքիայի դեմ դեմարշ անել: Սակայն ի՞նչ քայլ անեն, որ բումերանգի էֆեկտով չվերադառնա ու իրենց չհարվածի: Հազիվ մի երկիր են գտել, որին վառելիք են վաճառում, որի տարածքով իբր նավթային, թե գազային խողովակաշար էին պատրաստվում կառուցել «Թուրքական հոսք» անվանումով, վերջապես, գրողը տանի, եթե ռուսները Թուրքիայի հետ հարաբերությունները շատ փչացնեն, կարող են ընդհանրապես Սեւ ծովի ավազանից դուրս չգալ: Չէ՞ որ շնորհիվ 1920-ի բոլշեւիկների օգնության, այսօր Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Թուրքիայի սուվերեն տարածքն են, դրանք այլ երկրների համար բացելու կամ հակամարտության դեպքերում փակելու սուվերեն որոշման ազատությամբ: Այնպես որ, սեփական հնարավորությունները մի քիչ կշռելուց հետո ռուսները Լավրովի այցը չեղյալ հայտարարելուց այն կողմ առանձնապես ոչինչ չարեցին:



Երեւում է` չեն էլ անի: Թեեւ հակառակն ավելի հետաքրքիր կլիներ Պուտին-Էրդողան ռեգիոնալ մրցակցության կոնտեքստում։



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ