Անշուշտ, Վարդուհի էլ չենք ունենա, նրան կարելի է և վերջին մոհիկան ասել. Երևանի փոխքաղաքապետ

Անշուշտ, Վարդուհի էլ չենք ունենա, նրան կարելի է և վերջին մոհիկան ասել. Երևանի փոխքաղաքապետ

Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմարվեստի ակնհայտ առաջամարտիկներից էր։ Նրան և՛ կարելիէ հայ բեմի թագուհի ասել, և՛ կարելի է վերջին մոհիկան ասել։ Իսկապես նրա կշիռը չափազանց բարձր է հայ թատրոնում։



Կոմիտասի անվան պանթենում սիրված դերասանուհի, հայ բեմի մեծ վարպետ Վարդուհի Վարդերեսյանի մասին Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Դերասանուհուն վերջին հրաժեշտը տվին Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում, որից հետո նրան հուղարկավորեցին Կոմիտասի անվան Պանթեոնում։



Մեր հարցին՝ նրան արժանի փոխարինողներ այսօր ունենք նոր սերունդում, կա՞ն այնպիսիք հայ բեմարվեստում այսօր, ովքեր հաջորդ Վարդուհի Վարդերեսյանն են լինելու մի օր, պարոն Սուքիասյանն ասաց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր սերունդ ցանկացած ոլորտում բերում է իր հեղինակություններին՝ լինի դա մշակույթ, լինի գիտություն, ճարտարապետություն, ցանկացած ոլորտում։ Եվ ես վստահ եմ, որ ամեն սերունդ կբերի, այդ թվում՝ այս սերունդը։ Գիտե՞ք, էդ կարծիքը, որ նա վերջինն է, այլևս ոչ, այլևս երբեք էլ չենք ունենա... անշուշտ, Վարդուհի էլ չենք ունենա, սակայն կունենանք մենք այլ անուն ազգանուն, ումով կշարունակենք հպարտանալ»։



Վարդուհի Վարդերեսյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սփյուռքի և մշակույթի նախարարները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետը, այլ պաշտոնյաներ, բազմաթիվ դերասաններ և պարզապես նրա արվեստի երկրպագուներ, հասարակ քաղաքացիներ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ